Դալմայի այգիների 18-19-րդ դարերի գինու հնձանները վտանգված են

Դալմայի այգիների 18-19-րդ դարերի գինու հնձանները վտանգված են

Դալմայի այգիներն ու այնտեղ գտնվող 18-19-րդ դարերի գինու հնձանները վտանգված են: «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանն ահազանգում է, որ 2800-ամյա այգին և դրա տարածքում գտնվող հնձանները զուրկ են պատշաճ պահպանությունից:

Դեռևս 2019թ. Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը տեղեկացրել էր, որ Դալմայի այգիներին տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ: ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ. նոյեմբերին Դալմայի այգիների տարածքում իրականացրած հետազոտության արդյունքում հայտնաբերել էր Ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մառան: Հետազոտության իրականացման նախադրյալը «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի՝ Դալմայի այգիների տարածքում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարության հետևանքով 2019թ. նոյեմբերին 18-19 դարերին վերագրվող հնձանն ավիրելու ահազանգն էր: Այնուհետ նախարարությունից հայտնել էին, որ հուշարձանախմբի, դրանում առկա ենթակառուցվածքների հաշվառման փաստաթղթերի (վկայագրի) քարտեզագրական նյութում դրանց զբաղեցրած տարածքների սահմանները ճշտելու նպատակով հանձնարարական է տրվել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ նորահայտ հուշարձանների հետագա պահպանական միջոցառումներն ապահովելու համար:

Այս բոլոր իրադարձություններից անցել է շուրջ 3 տարի: Դալմայի այգիների տարածքում մնացած հատուկենտ հնձանների պահպանության համար անհրաժեշտ նվազագույն գործողություններն անգամ չեն արվել: Հնձաններն օրեցօր ծածկվում են բուսականությամբ, փլվում են, վերածվում աղբանոցի: Փոխարենը՝ «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն ավարտին է հասցրել իր նախագիծը, Երևանի՝ գինեգործության հազարամյա պատմությունը վկայող այգեգործական տարածքների տեղում ստեղծելով «Երևան պարկ» ժամանցային ատրակցիոնների զբոսայգին: 

Դալմայի այգիների ու գինու հնձանների խնդրի վրա հանրության և պատկան մարմինների ուշադրությունը սևեռելու նպատակով քաղաքացիական հասարակությունն ու գիտնականները մեկտեղել են իրենց ջանքերը: «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, «Դալմա-Սոնա» հիմնադրամն ու «Միհր վոյաժ» մշակութային, զբոսաշրջային ընկերությունը՝ հնագետ, «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ, իրականացրել են մի ուսումնասիրություն, որը կխթանի հուշարձանների պահպանության ու մշակութային լանդշաֆտի վերականգնումը։ Աշխատանքները ներկայացնելու համար օգոստոսի 2-ին Դալմայի այգիների տարածքում կազմակերպվել էր մեդիատուր, որին մասնակցեցին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի, «Դալմա-Սոնա» հիմնադրամի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Միհր վոյաժ» ընկերության ներկայացուցիչներ, զբոսավարներ, հնագետներ, ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներ և լրագրողներ:

Մարի Չաքրյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ վերջերս հարցում են ուղարկել ԿԳՄՍ նախարարություն ու Երևանի քաղաքապետին՝ պարզելու, թե 2019թ. հուշարձանախումբը որպես նորահայտ հուշարձան հռչակելուց հետո պահպանության ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել: «ԿԳՄՍՆ-ից պատասխանել են, որ իրենք տեղեկացրել են քաղաքապետարանին պահպանության աշխատանքներ իրականացնելու վերջինների պարտավորությունների մասին: Քաղաքապետարանից էլ մեզ պատասխանել են, որ ունեն որոշակի պլաններ, նոր հատակագիծ է մշակվում, գոտիավորում կլինի, և հղում են արել մի փաստաթղթի, որում միայն գրված է, թե այս տարածքում ճանապարհի կառուցում և այլ ենթակառուցվածքների ստեղծում է հնարավոր: Ու ոչ մի խոսք հուշարձանի պահպանության, հուշարձանային գոտու ստեղծման մասին: Հուշարձանի պահպանության կոնկրետ ինչ գործողություններ են արվում, արդյոք կան ցուցանակներ, ցանկապատներ, տարածքի մաքրումն ինչպես պետք է իրականացվի, այս մասին տեղեկատվություն ոչ ոք չունի: Մենք նորից հարցում ենք արել քաղաքապետարան, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց նա:

Ըստ Մարի Չաքրյանի՝  նախկինում  իրականացված հնագիտական պեղումների, ինչպես նաև տարբեր գիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Դալմայի այգիներում թվագրվել է ավելի քան 50 հնձան: Այսօր այդ տարածքում գտնվել է 10 հնձանի հիմք, որից 6-ն են համեմատաբար պահպանված: «Դրանցից մի քանիսի միայն պատն է մնացել, մյուսինը՝ հատակի մի հատված: Ինչ-որ մեկը կարող է քանդել՝ առանց իմանալու, որ այն հուշարձան է: Մեր նպատակն է ցույց տալ մարդկանց, թե հնձանն իրենից ինչ է ներկայացնում, որ այն պահպանության կարիք ունի»,- նշեց նա: 

Մարի Չաքրյանը տեղեկացրեց, որ հնագետ Լևոն Մկրտչյանի հետ իրականացված համատեղ հետազոտությունների շրջանակներում կատարվել են Դալմայի այգիների տարածքում հայտնաբերված հնձանների դրոնով նկարահանումներ: «Դրանց հիման վրա պատրաստվել են հնձանների եռաչափ մոդելներ: Մենք հավերժացրել ենք հուշարձանները, որովհետև ճշգրիտ տվյալներն ենք վերհանել, ինչը կարող է օգտագործվել ցանկացած աշխարհագրական տեղեկատվական (GIS) համակարգում: Նման թվայնացված տեղեկություն մինչ այժմ գոյություն չուներ: Կոորդինատներով, հանույթով ու շերտերով բոլոր տվյալներն առկա են»,- ասաց նա:  

Ըստ Մարի Չաքրյանի՝ Դալմայի այգիներում խաղողագործության զարգացման շարունակական լինելու ապացույցներից են մինչ օրս պահպանված թմբաձև լանդշաֆտները: «Թմբաձև լանդշաֆտը փաստում է, որ հազարամյակներ շարունակ այստեղ զբաղվել են այգեգործությամբ: Նման լանդշաֆտը չի կարող առաջանալ մի քանի հարյուրամյակի ընթացքում»,- ընդգծեց նա: 

«Միհր վոյաժ» զբոսաշրջային և մշակութային ընկերության համահիմնադիր Կարինե Փանոսյանը նշեց, որ Դալմայի այգիներում խաղողագործության ակտիվ փուլում մշակվում էր խաղողի շուրջ հազար տեսակ: «Եթե մոտ 2800 տարի առաջ խաղողի հազար տեսակ էր, մեծ մասը՝ էնդեմիկ, ապա 1990-ականներին՝ 80 տեսակի խաղող: Մեծ մասը կորցրել ենք»,- նշեց նա:

Այսօր Դալմայի այգիների որոշ հատվածներում մարդիկ շարունակում են իրենց նախնիների աշխատանքը, իսկ որոշ հատվածներում մնացել են միայն խաղողի վազերի դատարկ սյուները: Մարի Չաքրյանը նշեց, որ պատճառը Դալմայի այգիների հետագա ճակատագրի անորոշ վիճակն է, երևանաբնակ հողագործների՝ իրենց հողատարածքներից զրկվելու մտավախությունը: Մինչդեռ պետական պատշաճ քաղաքականության առկայության պարագայում Դալմայի այգիները կարող էին դառնալ Երևանի յուրօրինակ այցեքարտն ու զբոսաշրջիկների հոսքեր բերել՝ ծանոթանալու խաղողագործության հազարամյա պատմության վկայությանը: 

Օգոստոս 09, 2022 at 12:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր