20 տարի անց Դալմայի այգիներին վերադարձվել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակը

20 տարի անց Դալմայի այգիներին վերադարձվել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակը

ԷկոԼուր

Դալմայի այգիներին տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նամակին ի պատասխան նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: 

 

Դալմայի այգիների տարածքում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարության հետևանքով 2019 թ. նոյեմբերի 16-ին ավիրվել էր 18-19 դարերին վերագրվող հնձան: Ահազանգը «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն փոխանցել էր նախարարությանը: Այդ առնչությամբ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ. նոյեմբերի 18-21-ն ընկած ժամանակահատվածում Դալմայի այգիների տարածքում իրականացրած հետազոտության արդյունքում հայտնաբերել էր Ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մառան: 

Նախարարությունից հայտնում են, որ հուշարձանախմբի, դրանում առկա ենթակառուցվածքների հաշվառման փաստաթղթերի (վկայագրի) քարտեզագրական նյութում դրանց զբաղեցրած տարածքների սահմանները ճշտելու նպատակով հանձնարարական է տրվել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ նորահայտ հուշարձանների հետագա պահպանական միջոցառումներն ապահովելու համար:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեկտեմբերի 19-ին նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը: Կառավարությունը դիմումը վերահասցեագրել էր Երևանի քաղաքապետարանին, ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարություններին:

Ներկայում «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի ահազանգի հիման վրա նախապատրաստված փաստաթղթերով ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16954419 քրեական գործը, որն ուղարկվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Միևնույն ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ա. Արսենյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանին է ուղարկել Դալմայի այգիներում կառուցապատումը կասեցնելու պահանջով ՀԿ-ների նամակ-դիմումը։ Դատախազը հրահանգել է կցել դիմումը նշված քրեական գործին և քննություն կատարել դիմումի մեջ նշված հանգամանքների վերաբերյալ:

Դալմայի այգիների պայքարը

Դալմայի այգիներին տրվել է պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ այն պարագայում, երբ նշված տարածքը երկար դարեր, անգամ հազարամյակներ շարունակ արժեքավոր հուշարձան է ներկայացել: Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության Ռուսա Բ արքայի գահակալության ժամանակահատվածին։ Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվել է Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրության մեջ, որը տեղադրված է Զվարթնոց տաճարի հարևանությամբ։ Դալմայի այգիները պահպանելու համար հատուկ ջրանցք էր փորվել` Հրազդան (Էլդարունիա) գետի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու համար: Դալմայի այգիները գտնվում էին Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Կիլիկիա թաղամասի միջև պարփակված հատվածում։ Դրանք Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգիներն էին և զբաղեցնում էին 750 հա տարածք։

Մինչև 2000 թ. Դալմայի այգիներն ընդգրկված էին Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում: Սակայն Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չեղյալ համարեցին այգու հուշարձանի կարգավիճակը, իսկ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին Երևանի քաղաքապետարանին արտոնություն տվեց այդ վայրում քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար:

2004 թ. մարտի 29-ին ՀՀ նախագահը վավերացրեց կառավարության թիվ 1941-Ա որոշումը` «Երևանի Դալմայի այգիների պահպանման և նպատակային փոփոխության ենթակա սահմանների մասին», որով նախատեսվում էր այգու պահպանված 750 հա գոտուց որպես կանաչապատ այգի թողնել ընդամենը 256-ը` այն վերածելով անտառային գոտու: Հետագայում Երևանի քաղաքապետարանը աճուրդի հանեց այգու առանձին հողամասերը` իր համաձայնությունը տալով այգիների կառուցապատմանը:

Մասնագետների գնահատմամբ ոչնչացվեցին լավագույն բերրի հողերը: Դալմայի այգիներում հողակտորներ մշակող շատ վարձակալների իրենց այգիներից դուրս վռնդեցին վարձակալման ժամկետները դեռ չլրացած: 2006 թ. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը հողօգտագործողներին Դալմայի այգիների հողատարածքներից զրկելով խախտել է վերջիններիս իրավունքները։ Իսկ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն 2008թ. արձանագրեց, որ Դալմայի այգիների հետ կապված Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր:

Լուսանկարը՝ Մարի Չաքրյանի

Հունվար 16, 2020 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր