Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ահազանգում է, որ Սարյանի պուրակի բազալտե հատակը քանդում են, որը կառուցվել է իր նշելով 50-60 տարի առաջ։ Նա նշում է, որ Սարյանի պուրակը Երևան քաղաքի այն բացառիկ պուրակներից է, որը խնամված տեսք ունի, քարե հատակ և առողջ ծառեր։
«90-95 տոկոս քարերը բարվոք վիճակում ենք, շատ քիչ տոկոսն է վատ վիճակում, որը կարելի է վերականգնել»,- ասաց Վիկտոր Մնացականյանը՝ ցույց տալով հատակը, նա արձանագրեց, որ հատակին չկան վնասված քարեր։
«Առաջարկ եղել է, որ փոխեն նստարանները, որոնք խայտառակ վիճակում են, լուսավորությունը, որ գիշերը երբևէ չի եղել, ոռոգման համակարգը, որը ևս հին է, բայց խնդրում եմ, չի կարելի կպնել այս հատակին։ Դա մոտավորապես այն է, որ փոխենք Մարտիրոս Սարյանի արձանը, նոր նկարչի արձանով»,- իր տեսաուղերձում, մասնավորապես, ասաց Վիկտոր Մնացականյանը և դիմեց Երևանի ավագանու անդամներին, որ ավելի ուշադիր լինեն այսպիսի նախագծողների ու նման տենդերների նկատմամբ: «Մի թողեք, որ ման բաներ անեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը օրեր առաջ հայտնել է. «Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները»։
Հուլիս 27, 2020 at 18:45