Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարակից պուրակում խորտկարան է կառուցվում, ահազանգում է Սևանի բնակիչը

Սևան քաղաքի  Սայաթ-Նովա փողոցի հարակից պուրակում խորտկարան է կառուցվում, ահազանգում է Սևանի բնակիչը

Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 17 բազմաբնակարային շենքի հարակից պուրակում 2020 թ. մայիսի 4-ից արագ պատրաստվող սննդի խորտկարան է կառուցվում: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց պուրակին հարակից շենքի բնակիչներից մեկը: Նրա տրամադրած փաստաթղթերի համաձայն՝ պուրակի տվյալ տարածքը կառուցապատող Սամվել  Գալստյանին է վաճառել Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, իսկ ներկայիս գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը տրամադրել է շինարարական թույլտվությունը: Ըստ ԷկոԼուրի աղբյուրի՝ պուրակն ամբողջությամբ օտարվել է տարբեր սեփականատերերի և սա այն պարագայում, երբ Սևան համայնքի 2017-2021թթ.  5-ամյա զարգացման ծրագրում համայնքապետարանն ընդունել է, որ կանաչ տարածքների փոքր ծավալը Սևան համայնքի թույլ կողմերից մեկն է:

Պուրակի պահպանման անհրաժեշտությունը նշելիս՝ այս հանգամանքին անդրադարձել է նաև ԷկոԼուրին դիմած բնակիչը: Նրա նամակում, մասնավորապես, նշված է. «Մեր շենքի կառուցման և շահագործման առաջին օրվանից նրա արևմտյան հատվածում՝ մոտ 1000 քռ․մ․ տարածքի վրա, կառուցվել է ծառատունկ պուրակ, որը մշտապես ծառայել է իր նպատակին՝ հանդիսանալով հարակից շենքերի բնակիչների համար ժամանցի գոտի։

Բացի այդ, կարևոր եմ համարում նշել, որ պուրակն իր հերթին մաս է կազմում այժմյան Սևանի համար պահպանված եզակի Ճարտարապետական անսամբլի, որն ընդգրկում է հարևանությամբ գտնվող, 1976 թվականին հիմնված և երկար տարիների ընդմիջումից հետո 2019 թվականից աստիճանաբար վերագործվող մշակույթի պալատը, նրա առջևի հրապարակը և տուֆակերտ «Քարից պոկվող հրեշտակը» արձանը։   

Հաշվի առնելով նախորդ 25 տարիներում Սևանում անընդմիջ և ամենուրեք իրագործված «խտացնող» շինարարության հանցագործ քաղաքականությունը, որի արդյունքում անվերադարձ խեղվեց քաղաքի յուրօրինակ դեմքն ու բարեկարգ, կոկիկ տեսքը, կարելի է ասել, որ վերը նշված ճարտարապետական համալիրն իր կանաչ գոտիներով պահպանվել է հրաշքով։

...Սույն թվականի մայիսի 4-ից Սայաթ-Նովա փողոցի 17 շենքին հարակից պուրակում՝ մշակույթի պալատի դիմաց, իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում նախատեսված է կառուցել քյաբաբ-խորովածանոց՝  մոտ 200 քռ․մ․ մակերեսով։

Տվյալ պահին արդեն լցվել է շինության բետոնե հիմքը, ընդ որում, աշխատանքների ընթացքում ոչնչացվել են թփեր, վնասվել են 2 եղևնիների և 3 այլ բազմամյա ծառերի արմատներ, որոնց արդյունքում դրանք կարող են չդիմանալ տեղական խիստ ձմռանը և չորանալ վերջնականապես։

...Շինարարության մեկնարկը սպառնում է իսպառ ոչնչացնել նախկինից Սևանում պահպանված եզակի կանաչապատ գոտիներից մեկը։ 

... Ըստ օտարված պուրակի տարածքում սկսված շինարարության նախագծային պահանջների 9․6 կետի, կանաչապատում տվյալ տարածքում չկա (լուսանկարը՝ առդիր), որn ակնհայտ և անպատկառ կեղծիք է։

Կարևոր հանգամանք է հանդիսանում այն, որ ինչպես պարզվեց, սեփականաշնորհվել է պուրակի ողջ տարածքը մի քանի անձանց կողմից, և հիմա արդեն հասկանալի է, որ մնացած «սեփականատերերը» չեն մոտեցել տարածքին, քանի որ տեղյակ են եղել իրենց տարածքների կառուցապատմամբ յուրացման հետ կապված բարդություններից, ու հիմա քաղաքի հանրության հետ հավասար հետաքրքրությամբ և շահագրգռված սպասում են գործի ելքին:

... շինարարությունը կատարվում է անմիջականորեն Սայաթ-նովա-Սարգիս Սևանեցի չկարգավորվող և վթարավտանգ խաչմերուկի վրա (այդ տեղում վթարների վիճակագրությունը կարող է տրամադրել Սևանի ճանապարհային ոստիկանությունը)։

Ենթադրվող շենքն առնվազն երկու ուղղությամբ միանշանակ փակելու է վարորդների տեսադաշտը, որն ավելի է ծանրաբեռնելու երթևեկությունը և լրացուցիչ վտանգի աղբյուր հանդիսանա անցորդների և վարորդների համար»։

Սայաթ-Նովա փողոցի 17 բազմաբնակարային շենքի բնակիչներից մեկը հայց է ներկայացրել Սևանի վարչական դատարան ընդդեմ Սևանի համայնքապետարանի, որտեղ որպես երրորդ կողմ հանդես է գալիս պուրակի մի հատվածի գնորդը՝ Սամվել Գալստյանը։ Բնակիչը դատարանից պահանջել է Սևան համայնքի ղեկավարի կողմից 07.10.2019թ.-ին Սամվել Գալստյանին տրված թիվ 27 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչել։ Դատարանը սույն թվականի մայիսի 18-ին հայցն ընդունել է վարույթ:

ԷկոԼուրը միանում է բնակիչների բողոքին և պահանջում  պատկան մարմիններից ստուգել պուրակի տարածքի օտարման գործընթացի օրինականությունը, վերականգնել համայնքի սեփականության իրավունքը պուրակի նկատմամբ և տարածքը բերել նախնական տեսքի:

Լուսանկարները՝ ահազանգի հեղինակի

Հուլիս 31, 2020 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր