Տապալվել է Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների հայտի հանրային քննարկումը. համայնքը դեմ է

Տապալվել է Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների հայտի հանրային քննարկումը. համայնքը դեմ է

«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը տապալվել է: Հոկտեմբերի 14-ին Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղում համայնքը դեմ է արտահայտվել նախատեսվող գործունեությանը:

«Սկզբում նորմալ սկսեցինք քննարկումը, հետո թեժացավ, դրսից մարդկանց էին բերել, որ կապ չունեին մեր համայնքի հետ, տեղն էլ չգիտեին, ես էլ հայտարարեցի քննարկումը չկայացած: Մեր համայնքը դեմ է այդ հայտին: Պաշտոնական արձանագրությունը կկազմենք հինգ օրվա ընթացքում և կուղարկենք Շրջակա միջավայրի նախարարություն», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:

Նա նշեց՝ գլխավոր մտահոգությունը կապված է ջրային ռեսուրսների հետ: «Մեր ջրերի ակունքներն այդ տարածքում են, որտեղ ուզում են ուսումնասիրություն անեն: Եթե այսօր թույլ տանք, գան, ուսումնասիրեն, բավարար պաշարներ հայտնաբերեն, հետո կցանկանան շահագործել, այդ ամբողջ ջրերը կվերանան: Մենք էլ ենք ցանկանում նոր աշխատատեղեր ունենալ, բայց պետք է մտածենք այլ աշխատատեղերի ստեղծման մասին, ոչ մեր ջրերի հաշվին», - ասաց Արթուր Ստեփանյանը:

«Ժողովուրդը բարձրացրեց գյուղատնտեսական, բնապահպանական, առողջապահական հարցեր, բայց ընկերության պատասխանները չբավարարեցին նրանց: Շատ խառը վիճակ էր, թեժ, համայնքի ղեկավարը հայտարարեց լսումները չկայացած, և բոլորը դուրս եկան», - ԷկոԼուրին փոխանցեց Վարդահովիտի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը:

Հիշեցնենք, որ «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը՝ նշելով, որ նախատեսվող գործունեությունը հակասում է ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջներին: 

Հայտի վերաբերյալ բացասական կարծիք են հայտնել նաև քաղհասարակության ներկայացուցիչները, բնապահպանական կազմակերպությունները՝ նշելով, որ նախատեսվող աշխատանքները ռիսկեր են ներկայացնում Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծման ծրագրի համար և հակասում են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին: 

Լուսանկարը՝ mounttrack.am

Հոկտեմբեր 14, 2022 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր