Հանքակուտակում թանկարժեք մետաղների որոնման «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի հայտի հանրային քննարկումներ անցկացվեցին Ուրասարում և Պուշկինոյում

Հանքակուտակում թանկարժեք մետաղների որոնման «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի հայտի հանրային քննարկումներ անցկացվեցին Ուրասարում և Պուշկինոյում

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրերում տեղի ունեցան «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի՝ Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումները:

Հայցվող տարածքը գտնվում է Ուրասար բնակավայրից 4.5 կմ, Ստեփանավան քաղաքից 6 կմ և Պուշկինո բնակավայրից 10 կմ հեռավորության վրա: Հայցվող տարածքը ներառված է Ուրասար և Պուշկինո բնակավայրերի վարչական սահմաններում: Որոնողական աշխատանքները նախատեսվում է կատարել 3392 հեկտարի սահմաններում: Որոնելու են ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար:

Քննարկմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, բնակավայրերի վարչական ղեկավարները, բնակիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Նազիկ Մկրտչյանն ասաց, որ օրենքով նախատեսվող գործունեությունը դասվում է «Գ» կատեգորիայի, պետք է անցնի մեկ փորձաքննական փուլ: «Այս փուլից հետո 30-օրյա ժամկետում պետք է տրվի փորձաքննական եզրակացություն: Բոլոր նախարարությունների կողմից ներկայացվել են կարծիքներ, որոնք հաշվի են առնվելու փորձաքննության փուլում, սակայն մեզ համար ավելի կարևոր է համայնքի բնակիչների կարծիքը», - ասաց Նազիկ Մկրտչյանը:

Նա հետաքրքվեց բնակիչներից՝ կան արդյոք հայցվող տարածքում մակերևութային ջրային հոսքեր կամ աղբյուրներ: «Իհարկե, կան: Մեր գետերն այդ տարածքից են սկիզբ առնում: Չքնաղ գետն այդ հատվածում բաժանվում է երկու մասին, և մի կեսն այդ հատվածով է գալիս: Բացառվում է, որ չաղտոտվի գետը: Արոտավայրեր էլ կան այնտեղ: Հիմնականում ջուրն է ու արոտավայրերը», - պատասխանեցին բնակիչները:

Ընկերության երկրաբանն արձագանքեց. «Ոտքով քայլելու են սարերում, քարտեզագրում են անելու: Քայլելուց բան չի լինելու: Դրանից հետո երկրաքիմիական աշխատանքներ են լինելու, ընդամենը հողից 20 սմ փորվելու է, նմուշ է վերցվելու: Եթե դրանք տան դրական արդյունք, արդեն կպլանավորվի հորատանքցերի փորում, նոր դրանից հետո կարող է լինել որոշակի ազդեցություն հողի վրա»:

«Եթե այնտեղ հումք գտաք, այնտեղ քանդվելու է, իսկ եթե քանդվեց, մեր գյուղի միակ կանաչ լույսը, որն ունենք՝ մեր գետը…մեր գետից, որ հրաժարվենք, ոնց որ այս գյուղի դարպասները փակենք», - ասաց Պուշկինո բնակավայրի վարչական ղեկավարը:  

«Եթե պետք է քանդեք ու կոպեկներով տաք ուրիշ երկրի, դա մեզ ձեռք չի տալիս…Կանադացին, եթե շահույթ չունի, ինչո՞ւ է գալիս Հայաստան հասնում, էդ գործն անի…», - նշեց համայնքի բնակիչը:

«Ուրասարցիների առողջությանը վնաս է հասցնելու, եթե բացվի հետո: Մեր՝ ուրասարցիների համար ամենակարևորն առողջությունն է», - ասաց Ուրասարի բնակիչը:

«Ծառատունկ ենք անում: Ուզում ենք տուրիստական գյուղ դարձնենք: Ունենք չքնաղ գետ: Ավելի կողմնակից ենք, որ ոչ թե քանդենք, այլ կանաչապատենք», - նշեց համայնքի վարչական ղեկավարը:

«Հիմա շուտ է հանքի մասին խոսել: Աստված տա լավ բան գտնենք, դուք էլ լինեք համայնքապետ, գանք, նստենք, իրար հետ խոսանք», - ասաց ընկերության երկրաբանը:

«Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Կարապետյանը խոստացավ. «100 հազար ԱՄՆ դոլարի սոցիալական ծրագրեր կանենք երեք տարվա մեջ Ստեփանավան և Գյուլագարակ համայնքների համար՝ կախված նրանից, թե համայնքներն ինչ կներկայացնեն»:

Փորձագետ Նազիկ  Մկրտչյանը դիմեց համայնքի վարչական ղեկավարին. «Ձեր առաջարկները և կարծիքները 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացրեք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ»:

«Դուք արձանագրեք, որ ժողովրդի մեծամասնությունը կտրականապես դեմ է: Վերջը գալու է այն բանին, որ հանք պետք է բացեք, դիմացներս է հանքի աղբը», - ասաց բնակիչը:

«Ես ծառայում եմ մեր բնակչության համար, և իրենց կարծիքն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի», - ասաց Ուրասար համայնքի վարչական ղեկավարը:

Հանրային քննարկումները տեղափոխվեցին Պուշկինո բնակավայր: Այստեղ ներկա էին վարչական ղեկավարը և մի քանի հոգի բնակիչ:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջուլիա Ամիրաղյանը նշեց, որ հանրային քննարկումը չպետք է անցկացվի առանց բնակիչների մասնակցության:

«Պուշկինոն փոքր բնակավայր է, մարդկանց մեծ մասը գյուղում չի ապրում, զոռով մի հարյուր հոգի լինեն: Միշտ էլ քիչ մարդ է լսումներին մասնկացում: Մարդիկ եթե չեն գալիս, չենք կարող ստիպողաբար ասենք՝ արի, լսի՝ ինչ են ասում», - արձագանքեց Պուշկինո բնակավայրի վարչական ղեկավարը:

Փորձագետ Նազիկ Մկրտչյանը ներկայացրեց «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի հայտը և ասաց, որ կարևորվում է բնակավայրի մասնակցությունը, կարծիքները և առաջարկությունները:

Պուշկինոյի վարչական ղեկավարը հայտնեց, որ հայցվող տարածքում ջրային աղբյուրներ, անտառային տարածքներ չկան, անասուններին այդ սարեր արածեցնելու չեն տանում:

«Եթե պետք է անեն, թող մի բանով օգուտ լինի…ճանապարհները վերանորոգեն, ջրի ավազան սարքեն», - ասաց բնակիչը:

«Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Կարապետյանն այստեղ ևս խոստացավ 100 հազար ԱՄՆ դոլարի սոցիալական ծրագրեր երեք տարվա ընթացքում Ստեփանավան և Գյուլագարակ համայնքների համար:

«Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի 100% տոկոս սեփականատերը կանադական «Ֆրեմոնդ Գոլդ էլթիդի» հանրային ընկերության բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Ռիք Բրաունի խոսքով՝ հորատումը միայն կարող է որոշակի բնապահպանական ազդեցություն ունենալ: «Մենք այդ փորձն ունենք, մենք ամբողջությամբ կատարել ենք մեր պարտավորությունները, որևէ խնդիր չի առաջացել մեր գործունեության ընթացքում», - վստահեցրեց նա:

Իր կարծիքը համայնքը պետք է ներկայացնի  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ:

Նշենք, որ սա «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի երկրորդ փորձն է համաձայնություն ստանալ Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումներն ուսումնասիրելու համար: Սույն թվականի ապրիլի 7-ին Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում Գոգարան, Սարահարթ, Շենավան, Շիրակամուտ և Լեռնավան բնակավայրերի բնակիչներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տապալել էին ընկերության առաջին հանրային քննարկումը:

2021թ-ին հիմնադրված «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի 100% տոկոս սեփականատերը կանադական «Ֆրեմոնդ Գոլդ էլթիդի» հանրային ընկերությունն է, որը հիմնադրվել է 2017թ-ին: Այն ղեկավարում է Պորտուգալիայի քաղաքացի Դեննիս Մուրը: Նա նաև «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի 85% բաժնետերն էր, որը հավակնում է որոնողական աշխատանքներ անցկացնել Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում, ինչին բնակիչները դեմ արտահայտվեցին



Հոկտեմբեր 28, 2022 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր