ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՃՃՎՈՒՄ

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՃՃՎՈՒՄ

ԷկոԼուր

Խոսրովի արգելոցի հանելուկները ոչ միայն չեն գուշակվում, այլ ավելի են խճճվում:

«ԷկոԼուր»-ը նամակ ստացավ  «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» խմբի անունից, որտեղ մասնավորապես ասված է. «Մենք արդեն  քանի օր է` տարակուսանքի մեջ ենք եւ չգիտենք ինչպես հայտնել մեր վրդովմունքը սեպտեմբերի 24-ին մի շարք լրատվամիջոցներում տեղադրված Խոսրովի արգելոց կատարած մեր  խմբի այցի մասին հոդվածի կապակցությամբ:… հոդվածագիրը, տպագրելով վերոհիշյալ հոդվածը, չի համաձայնեցրել այն մեր խմբի անդամների հետ: … հոդվածում բարձրացրել են այնպիսի հարցեր, որոնք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը…» եւ այլն:

Խոսքը մի հաղորդագրության մասին է, որում ասվել է, որ Խոսրովի արգելոցում կրակոցներ են լսվում: Հաղորդագրությունը տարածել էր  «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» խմբի անդամ Վահագ Փիլիպոսյանը: Նա ենթադրել է, որ դա որսագողեր են, ովքեր քարայծ են որսում: Նա նաեւ գտել է 70 մմ տրամաչափով կրակված փամփուշտ եւ ֆոտոխցիկով ձայնագրել կրակոցները: ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկնաբանեց այդ հաղորդագրությունը` ենթադրելով, որ կրակոցներն արվել են ոչ Խոսրովի տարածքում, այլ հակառակ կողմում` Գյուլասոր գյուղի մոտակայքի որսահանդակում: 

Նշենք, որ խմբի անունից ուղարկված նամակն անստորագիր է: Հեղինակի անունը եւ հեռախոսահամարը մեզ տրամադրեցին Բնապահպանության նախարարությունից: «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում հեղինակ Էլիզաբեթ Գասպարյանը նշեց, որ հիմնական տարակարծությունը վերաբերվում է այն եզրակացություններին, որոնք անում է Վահագ Փիլիպոսյանը: «Մենք կրակոցներ լսել ենք, բայց դրանք շատ հեռվից էին: Իսկ Վահագը եզրակացություն է արել, որ դա քարայծների որս է…. Բայց մենք որսի ականատես չենք եղել: Վահագն իրավունք չունի այդպես խոսելու եւ խմբի անունից հանդես գալու»,- ասաց Էլիզաբեթը:

Վահագ Փիլիպոսյանն ասում է, որ տարբերություն չի տեսնում նրանում, թե ով որքան կրակոց է լսել:  Գլխավորն այն է, որ դրանք բոլորն են լսել, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի սեփական եզրակացությունն անել: «Մենք Խոսրով եկանք անցագրով, որը մեզ համար ձեռք բերեց Էլիզաբեթը, քանի որ մուտքի եւ այդ անցագրի համար մենք չէինք կարող վճարել: Մեզ դիմավորեց արգելոցի փոխտնօրենը եւ զգուշացրեց, որ մենք զգույշ լինենք, քանի որ արահետներում հանդիպում են եւ վայրի կենդանիներ, եւ որսագողեր: Նա զգուշացրեց, որ եթե կրակոցներ լսենք, հեռանանք: Ճանապարհի կողքին մենք կրակված փամփուշտ գտանք, իսկ երբ բարձրանում էինք, նաեւ կրակոցներ լսեցինք: Ամբողջ խումբը լսեց, եւ ես ասացի, եկեք հեռանանք, քանի որ ինքս էի հրավիրել մասնակիցներին եւ կարծում էի, որ նրանց նկատմամբ որոշակի պատասխանատվություն եմ կրում»,- ասաց Վահագը: Նրա համոզմամբ, դա լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվի Բնապահպանության նախարարությունը: «Դա արդեն խախտում է, եթե կրակոցները լսվում են Խոսրովում, եթե նույնիսկ արգելոցի կողքին են կրակում: Ինչպե՞ս կարող է նախարարությունը ենթադրել` որտեղ են կրակել` Խոսրովում, թե՞  ոչ: Նրանք դա պետք է հստակ իմանան եւ, հետեւաբար, Խոսրովի կողքին որսահանդակ չպետք է լինի»,- ասում է Վահագը:

Ավելի մանրամասն մեկնաբանություններ նա կտա սեպտեմբերի 30-ին` «Ուրբաթ» մամուլի ակումբում, արշավի մյուս մասնակիցների հետ միասին:

Սեպտեմբեր 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր