Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելք սահմանվեց

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6-ամսյա արգելք սահմանվեց

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամիս ժամկետով արգելվեց: Այս մասին որոշումը գործադիրն ընդունեց 2022թ. դեկտեմբերի 22-ի կառավարության նիստում: 

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: 

«Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք»,- նշված է պաշտոնական փաստաթղթում:

Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում կբարելավվի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունն ու կենսապաշարների կայուն օգտագործումը, սիգի կայուն զանգվածի պահպանումը, արդյունագործական որսի իրականացումը։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող տասներորդ օրվանից:

Դեկտեմբեր 23, 2022 at 11:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր