Արդեն իսկ 9 միլիարդ դրամ ծախսած «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ին գործադիրը ևս 300 միլիոն դրամ է տալիս

Արդեն իսկ 9 միլիարդ դրամ ծախսած «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ին գործադիրը ևս 300 միլիոն դրամ է տալիս

Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը որոշեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ին տրամադրել 300 միլիոն դրամ հիմնադրամի առողջացմանն ուղղված միջոցառումների համար: Գումարը հատկացվելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով իրականացվող ծրագրերի միջոցառումների չօգտագործված և տնտեսված ֆինանսական միջոցներից:

Որոշման հիմնավորումից պարզ է դառնում, որ Հիմնադրամը մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ն ունի վճարման ենթակա հրատապ ծախսեր, որոնք են՝ աշխատավարձ, հարկեր, փոխառություն, հաշվապահական ծառայության վճար, աուդիտ, վարկի մարում, հոսանքի վճար, «Սևան ազգային պարկ»-ի վճար, ձկան կեր, սնանկության գծով կրեդիտորական պարտք, տեխնիկական և վերազինման այլ ծախսեր:

Նախագծի հեղինակները, հավանաբար, սխալվել են 300 միլիոն տրամադրելու հիմնավորումը գրելիս, քանի որ գրել են. «Հարկ է շեշտել, որ ներկա փուլում Հիմնադրամի գործունեության արդյունքում կվերանան իշխանի երկու ենթատեսակների գենետիկ ռեսուրս հանդիսացող ամբողջ ծնողական կազմը, ինչը կհանգեցնի էնդեմիկ տեսակ հանդիսացող ձկնատեսականրի ի սպառ վերացմանը»:

Որպես արդյունք ակնկալվում է, որ Հիմնադրամը մինչև 2022 թվականի ավարտը կնախատեսի Իշխանի պաշարների վերականգնման նպատակով բաց թողել շուրջ 30.000 հատ 3-4 գ միջին զանգվածով գեղարքունու մանրաձուկ:

Նշվում է նաև, որ ֆինանսական ապահովվածություն ունենալու դեպքում մանրաձկան գործարանը ի վիճակի է տարեկան բացի ցանցավանդակներ տեղափոխվող քանակից բաց թողնել տարեկան շուրջ 500.000 հատ Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող տարբեր չափերի կենսունակ մանրաձուկ, ինչը կնպաստի առավել արագ Սևանա լճի էկոհամակարգում այս ձկնատեսակի բնական պաշարների վերականգնման գործընթացին:

Նշենք, որ Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բուծման ծրագրի համար պետական բյուջեից տրամադրվել է 9 միլիարդ դրամ որպես նվիրատվություն, սակայն ծրագիրը ոչ միայն չի արդարացրել այս  նվիրատվությունը, այլև կուտակել է պարտքեր: Որոշման հիմնավորման մեջ միայն դրական լույսի ներքո է ներկայացվում այս ծրագիրը, սակայն այն, որ ծրագիրը դարձել է Սևանա լճի՝ ֆոսֆորով և ազոտով աղտոտման լրացուցիչ աղբյուր, չի նշվում:

Բացի այդ, 2019թ. ՀՀ դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը:

Պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացված 9 միլիարդ դրամի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջոցով։ Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նոյեմբեր 04, 2022 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր