

Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կառավարման մեխանիզմները տարբեր երկրներում տարբեր են: Ֆինլանդիան այս առումով յուրօրինակ քաղաքականություն է որդեգրել՝ հնարավորություն ընձեռելով իր քաղաքացիներին սեփական ԲՀՊՏ ունենալ:
Ֆինլանդիայի «SYKE» բնապահպանության ինստիտուտի Կենսաբազմազանության կենտրոնի տնօրեն, դոկտոր Պետրի Ալրոթին պատկանող ԲՀՊՏ-ների տարածքը կազմում է ավելի քան 96 հեկտար։
«Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում Ֆինլանդիա կատարած ճանաչողական այցի ժամանակ վերջինս «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանի հետ զրույցում ներկայացրեց իր երկրում կենսաբազմազանությունը պահպանելու առանձնահատկությունները:
Խոսելով իրեն պատկանող ԲՀՊՏ-ների մասին՝ Պետրի Ալրոթն ընդգծեց, որ դրանք այն վայրերն են, որտեղ նա գնում է բնությունը վայելելու՝ տեսնելու թռչունների և այլ կաթնասունների, հետևելու նրանց կենսակերպին: «Տարածքում թույլատրվում է հատապտուղներ և սունկ հավաքել, սակայն չի կարելի վնասել ծառեր կամ բնության որևէ օբյեկտ։ Սա հանգստանալու վայր է»,- նշեց նա։
Ըստ նրա՝ տարածքները իրավաբանական կարգավիճակ ունեն։ «Մենք պահպանվող տարածքները վարձակալությամբ չենք տալիս, բայց ֆիզիկական անձանց համար հնարավոր է մասնավոր պահպանվող տարածքների ստեղծում։ Տվյալ դեպքում հողի սեփականությունը մնում է մասնավորին, սակայն պետությունը որպես խրախուսանք փոխհատուցում է ծառերի արժեքի մոտ 70%-ը։ Պետությունը մեզ վճարում է: Այդ տարածքները գրեթե կուսական են. բացի մեզանից ու մեր ընկերներից այդ տարածքներում այլ այցելուներ չկան: Վնասելու հավանականությունը շատ փոքր է, քանի որ դրանք հեռու են բնակելի վայրերից: Սակայն եթե ինչ-որ մեկը վնաս հասցնի բնությանը տվյալ տարածքում, նա կարող է պատժվել այնպես, ինչպես ցանկացած անօրինական գործունեության համար։ Որսագողության դեպքեր այստեղ կան, բայց այնքան էլ տարածված չեն, ինչպես եվրոպական շատ երկրներում։ Որսագողությունը հիմնականում տեղի է ունենում դժվարամատչելի վայրերում, հեռավոր շրջաններում՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան և հյուսիսային հատվածներում»,- նշեց նա:
Ֆիննական մասնավոր ԲՀՊՏ-ների մյուս յուրահատկությունն էլ այն է, որ դրանց տարածքում սեփականատերերը կարող են տներ կառուցել և դրանց հարևանությամբ ազատ շրջող սպիտակապոչ եղնիկի ու որմզդեղնի հանդիպել:
Հոկտեմբեր 27, 2022 at 16:39