Ազնվացեղ եղջերուների երեք առանձնյակ՝ Զագրոսը, Նադալն ու Զինան, բաց թողնվեցին բնություն

Ազնվացեղ եղջերուների երեք առանձնյակ՝ Զագրոսը, Նադալն ու Զինան, բաց թողնվեցին բնություն

2022թ. հոկտեմբերի 14-ին «Դիլիջան» ազգային պարկի Եղջերուների բազմացման կենտրոնից բնություն բաց թողեցին ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը՝ երկու արուի և մեկ էգի՝ Զագրոսին, Նադալին և Զինային: Բաց թողնված կենդանիների վրա տեղադրվել են հատուկ ռադիովզկապներ, ինչը թույլ կտա առցանց հետևել առանձյակների տեղաշարժին:

Եղջերուների բազմացման կենտրոնը ստեղծվել է 2013թ. մեկնարկած «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

Բացթողման արարողությանը կենտրոնում առցանց հետևում էին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Դիլիջան» ազգային պարկի, միջազգային ու տեղական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Ծրագրի շրջանակներում 2018թ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 14 առանձնյակ, որոնցից 3-ը նվիրաբերություն էր, իսկ 11-ից յուրաքանչյուրի համար վճարվել է 5000-ական դոլար: 2022թ. դրությամբ կենտրոնում ծնվել է 21 ձագ։ Բնություն բաց թողնված առանձնյակներից բացի կենտրոնի 10 հա մակերեսով ազատավանդակում ներկայում բնակվում է 27 եղջերու:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Հայաստանում կենսաբազմազանության խախտված հավասարակշռության վերականգնումը մեր առաջնային խնդիրն է, և այսօրվա միջոցառումը դրան հասնելու քայլերից մեկն է: Նախկինում նման գործընթաց չի եղել, և սա իր բնույթով նաև մեզ համար շատ կարևոր ճանապարհի փորձառություն է, որը հետագայում մեզ օգնելու է կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնման մեր բացերը լրացնելու գործում»: Ըստ նախարարի՝ ազնվացեղ եղջերուն երկար տարիներ եղել է «Դիլիջան» ազգային պարկի բնակիչը: «Ծրագրի միջոցով ցանկանում ենք վերականգնել, որպեսզի եղջերուներին վերադարձնենք իրենց բնօրրան: Ծրագիրն այսօր կարևոր հանգրվանի է հասել: Առաջին անգամ ծրագրի շրջանակներում բնություն ենք բաց թողնում կենդանիներին: Բնություն ուղարկել կենդանիներին մեկ գործ է, նրանց պահպանությունը՝ մեկ այլ գործ: Անհանգստությունը նրանում է, որ մարդու գործունեության արդյունքում են կենդանիների տեսակները կենսաբազմազանությունից դուրս գալիս: Մեր նախարարությունը միայնակ ոչինչ չի կարող անել, մեզ աջակցություն է պետք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, և իհարկե՝ քաղաքացիների կողմից»,- շեշտեց նախարարը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ մայրական խումբը միշտ կենտրոնում կմնա, տարեկան 8-12 ձագ կունենան, որոնք էլ 2 տարեկանը լրանալուն պես նույնպես բաց կթողնվեն բնություն: «Սա էքսպերեմենտալ խումբ է: Պետք է տեսնենք, թե ինչ կլինի այս կենդանիների հետ: Երկրորդ խումբը կլինի ավելի մեծ՝ մոտ 10 առանձնյակ, որոնց բաց կթողնենք հաջորդ տարի», - նշեց նա: Ըստ Կարեն Մանվելյանի՝ եղջերուների ապրելավայրն ընդգրկում է ոչ միայն «Դիլիջան» ազգային պարկը, այլև՝ Տավուշի և Լոռու մարզերի անտառները: Հարցին, թե ինչ ռիսկեր կան կենդանիների համար ազատության մեջ՝ Կարեն Մանվելյանն արձագանքեց. «Իրենց համար վտանգավոր են առաջին հերթին երկոտանի գայլերը՝ մարդիկ, երկրորդը՝ գայլերը կամ արջերը: Մինչ այս, երեք ամիս առանձին ազատավանդակում էին, այնտեղ մարդիկ չէին գնում, կեր չենք տվել, որ հարմարվեն», - նշեց նա: ԷկոԼուրի հարցին, թե երբ կարող ենք ասել, որ այս կենդանատեսակն այլևս վերականգնված է, Կարեն Մանվելյանը պատասխանեց. «Դա միջազգային բնապահպանական միության չափորոշիչներով է հաշվվում: Հաշվի է առնվում քանակությունը, իր բնակավայրերը: Դեռևս 10-15 տարի Կարմիր գրքում կլինի»:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն էլ ասաց, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի կենսաբազմազանության պատմության մեջ: «Դիլիջանն ինձ հիշեցնում է Գերմանիայում իմ բնակության վայրը, որտեղ ես մեծացել եմ: Այնտեղ մենք ունենք շատ ազնվացեղ եղջերուներ, այնտեղ պոպուլյացիան շատ մեծ է: Ես շատ ուրախ եմ, որ իմ հիմնադրամի շնորհիվ մենք կարողացանք ներդրում կատարել և ներկայում ակնկալում ենք, որ այստեղ ևս եղջերուների շատ մեծ քանակություն կունենանք»,- նշեց նա:



Հոկտեմբեր 17, 2022 at 13:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր