Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի մշակույթի տանը տեղի կունենա «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումը:
Այս հայտի վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը բացասական կարծիք է ներկայացրել:
Կարծիքում նշված է.
«Հարգելի պարոն Ավետիսյան, Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, որ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների տեղամասը չի համընկնում «Էկոլոգիական միջանցքի» տարածքի հետ՝ (հեռավորությունը կազմում է 16-17 կմ) քննարկվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի համապատասխան մասնագետների հետ:
Հայտը հակասում է ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին. «ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:
Միաժամանակ նշենք, որ վերոնշյալ տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 2200-3300 մ բարձրության վրա (տեղումների տարեկան քանակը 531 մմ, ձյան շերտի բարձրությունը՝ 120-130 սմ), որտեղից էլ ապահովվում է մարզի ոռոգման և խմելու ջրի մոտ 35% պահանջարկը:
Նախատեսվող տեղամասի հարակից տարածքում է գտնվում Վայոց ձորի մարզի ջրհավաք ավազանը, որի մակերեսը կազմում է 731 հա:
Գարնանային ձնհալից (5.7-6.0 մլն. [խմ ջուր) և հորդառատ անձրևներից կուտակված ջրերը՝ Արփա-Սևան թունելով կհոսեն Սևանա լիճ, ինչպես նաև կոռոգեն (Հերմոն-Ելփին ջրագիծ) Արենի համայնքի 8900-9000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր:
Այդպիսով, տվյալ գործունեությունը հակասում է ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջներին՝ մասնավորապես, հոդված 5-ի 10-րդ կետին, որում նշված է. «ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման և պահպանության գործընթացներում ջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային ժառանգության, պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա սերունդների»: Տվյալ գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածին. «Ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները»: Այն հակասում է Ջրային օրենսգրքի 108-րդ՝ «Ջրհավաք ավազանները» հոդվածին:
Ելնելով վերոգրյալից՝ մեր կարծիքը մնում է անփոփոխ «Էկոլոգիական միջանցք և ջրային ռեսուրսներ», որի վերաբերյալ տալիս ենք բացասական դիրքորոշում»:
Հոկտեմբեր 13, 2022 at 15:02