Սույն թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի՝ Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումները:
Հայցվող տարածքը գտնվում է Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար բնակավայրից 4.5 կմ, Ստեփանավան քաղաքից 6 կմ և Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրից 10 կմ հեռավորության վրա: Հայցվող տարածքը ներառված է Ուրասար և Պուշկինո բնակավայրերի վարչական սահմաններում:
Որոնողական աշխատանքները նախատեսվում է կատարել 3392 հեկտարի սահմաններում: Որոնելու են ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար: Որոնողական աշխատանքները կիրականացվեն վերգետնյա: Լեռնային փորվածքներից ընդհանուր կվերցվի 200 նմուշ ակոսային նմուշարկման եղանակով:
Ըստ հայտի՝ բոլոր վերգետնյա փորվածքները ջրապահպան գոտիների տարածքներից կգտնվեն մինչև 32 մետր հեռավորության վրա: Կհորատվի 200 մետր խորությամբ 20 հորատանցք:
Տարածքը գտնվում է Ձորագետի աջափնյա վտակ Սև գետի վերին հոսանքի ավազանում: Տարածքում, ըստ հայտի, ստորերկրյա աղբյուրներ բացահայտված չեն:
Հայտում նշված է. «Ուսումնասիրվող տարածքի մոտակայքում աճում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս տարածքում ևս նրանց աճը հնարավոր է: Դրանք են՝ Ճռճռուկ մազոտ (Cerastium capillatum), Մրտավարդ կովկասյան (Rhododendron caucasicum), Արքայածաղիկ բլրակայի (Fritillaria collina)»:
Նշված է, որ տարածքում հանդիպում են 116 տեսակի թռչուններ, որոնցից 20-ն ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում: Այդ տեսակներից միայն երեքը՝ Մարգահավը, Բվեճը և Ներկարարը, ըստ հայտի հեղինակների, կարող են, ենթադրաբար, բնադրել այս տարածքում:
Նաև առկա է կարմիրգրքյան 4 կենդանատեսակ՝ Շելկովնիկովի կուտորա (Neomys schelkovnikovi), Գորշ արջ (Ursus arctos), Անտառային կատու (Felis silvestris), Փոքրասիական գետնասկյուռ (Spermophilus xanthoprymnus): Նշված է, որ տարածք պատահական մուտք են գործում գորշ արջն ու վարազը:
Ըստ հայտի՝ ենթադրաբար տարածքում հանդիպում են նաև կարմիրգրքյան Դալի մողեսը, Սպիտակափոր մողեսը, Լեռնատափաստանային իժը:
Իսկ ցամաքային անողնաշարավորներից հնարավոր է Արագաստաթիթեռների ընտանիքին պատկանող Սև ապոլոնի և Հայկական մորեխի առկայությունը:
Հայտում նշված է, որ այս տեսակների առկայությունը հայցվող տարածքում կստուգվի ամռանը նախատեսված կարճաժամկետ դաշտային աշխատանքների ընթացքում:
Նշենք, որ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն, ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
Ըստ հայտի՝ հայցվող տարածքն անմիջական սահմաններ բնության հատուկ պահպանվող տարածքների հետ չունի: Տարածքին ամենամոտը «Գյուլագարակ» պետական արգելավայրն է, որի առավել մոտ գտնվող հատվածն ուսումնասիրվող տարածքից հեռու է 1600 1700 մետր, և, ինչպես նշված է հայտում, այստեղ նախատեսված աշխատանքները ոչ մի բացասական ազդեցություն չեն կարող թողնել նրանց վրա: Նաև նշված է, որ բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքները, որոնք առաջարկված են «էմերալդ» էկոլոգիական ցանցում ներառելու համար, գտնվում են հայցվող տարածքից բավական մեծ հեռավորության վրա: Դրանցից ամենամոտը համարվում են Ջաջուռ և Լոռվա լճեր տարածքները:
Նախատեսված աշխատանքների համար կներգրավվի 30 մարդ:
Նշենք, որ սա «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի երկրորդ փորձն է համաձայնություն ստանալ Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումներն ուսումնասիրելու համար: Սույն թվականի ապրիլի 7-ին Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում Գոգարան, Սարահարթ, Շենավան, Շիրակամուտ և Լեռնավան բնակավայրերի բնակիչներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տապալել էին ընկերության առաջին հանրային քննարկումը:
2021թ-ին հիմնադրված «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի 100% տոկոս սեփականատերը կանադական «Ֆրեմոնդ Գոլդ էլթիդի» հանրային ընկերությունն է, որը հիմնադրվել է 2017թ-ին: Այն ղեկավարում է Պորտուգալիայի քաղաքացի Դեննիս Մուրը: Նա նաև «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի 85% բաժնետերն էր, որը հավակնում է որոնողական աշխատանքներ անցկացնել Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում, ինչին բնակիչները դեմ արտահայտվեցին:
Հոկտեմբեր 18, 2022 at 16:23