Սպիտակ խոշորացված համայնքի բնակիչները դեմ են «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի ոսկու հանքերևակման ծրագրին

Սպիտակ խոշորացված համայնքի բնակիչները դեմ են «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի ոսկու հանքերևակման ծրագրին

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի հինգ բնակավայրերի բնակիչները պահանջում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից և Սպիտակ համայնքի ՏԻՄ-ից բացասական եզրակացություն տրամադրել «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագրին:

Ս.թ. ապրիլի 7-ին Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում Գոգարան, Սարահարթ, Շենավան, Շիրակամուտ և Լեռնավան բնակավայրերի բնակիչներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տապալեցին ծրագրի առաջին հանրային քննարկումը:

Նրանք անցկացրեցին ստորագրահավաք՝ որում նշված է. «Սպիտակ խոշորացված համայնքի Գոգարան բնակավայրում հրավիրվել է «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի կողմից հանրային լսում՝ ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ: Բնակիչները, դեմ լինելով հանքերևակման ուսումնասիրություններին, թույլ չտվեցին, որպեսզի հանրային լսումը կայանա: Մենք՝ Լոռու մարզի Գոգարան, Սարահարթ, Շենավան, Շիրակամուտ և Լեռնավան բնակավայրերի բնակիչներս, հայտարարում ենք, որ դեմ ենք մեր համայնքի տարածքում նշյալ բնակավայրերում հանքի երկրաբանական ուսումնասիրությունների իրականացմանը և մեր համայնքի զարգացումը կապում ենք «կանաչ» տնտեսության, զբոսաշրջության, անտառապատման և ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման և պահպանման հետ: Պահանջում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից և Սպիտակ համայնքի ՏԻՄ-ից Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագրին տալ բացասական եզրակացություն: Միաժամանակ հայտարարում ենք, որ դեմ ենք հանքերևակման վերաբերյալ ցանկացած հանրային լսումների»:

Գոգարանի վարչական ներկայացուցիչ Վոլոդյա Փալաջյանը ԷկոԼուրին հայտնեց, որ բնակիչների կարծիքը փոխանցվել է Սպիտակի համայնքապետարան: «Կազմվել է արձանագրություն, որում նշված է, որ հանրային լսումները տեղի չեն ունեցել բնակիչների բողոքի պատճառով», - ասաց նա:

Գոգարան համայնքի նախկին ղեկավար Արթուր Գալոյանը նշեց՝ ոսկու հանքերևակման ծրագիրը վտանգելու է բնակավայրի խմելու ջրի աղբյուրները և արոտավայրերը: «Մեր խմելու ջրի աղբյուրներն անցնում են այդ տարածքով, որտեղ ուզում են ուսումնասիրություններ անցկացնեն: Հարակից բնակավայրերի բնակիչներն էլ են օգտվում այդ ջրերից ու սարերից: Դրանք մեր արոտավայրերն են: 5700 հեկտարից 4400 հեկտարն արոտավայրեր են: Մենք իրենց արդեն ասել ենք՝ դուք եկել եք այստեղ ոսկի փնտրելու, իսկ մենք մեր ոսկին վաղուց գտել ենք: Մեր ոսկին մեր ջուրն ու սարերն են, որոնց համար էլ մեր պապերն եկել են այստեղ: Մեր գյուղը մշտապես զբաղվել է անասնապահությամբ և հողագործությամբ, այլ կերպ չենք պատկերացնում»:

Լուսանկարը՝ cvmedia.am

Ապրիլ 08, 2022 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր