

Դեռևս 2015թ. Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) նախաձեռնել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագիրը, որի միջոցով տեղական համայնքները ակտիվորեն ներգրավվում են «էկոլոգիական միջանցքների» ձևավորման և պահպանման մեջ: Այդ միջանցքները կարևոր տարածքներ են հանդիսանում կենսաբազմազանության պահպանման համար, քանի որ «կապում» են բնության հատուկ պահպանվող տարածքները, ապահովելով միգրացիոն ուղիներ մի շարք կարմիրգրքյան կենդանիների համար և հանդիսանալով նրանց կարևոր բնակատեղիներ: 2020թ. ավարտվեց ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում երկարաժամկետ պահպանության համաձայնագրեր կնքվեցին 7 համայնքների հետ:
Մի քանի օր առաջ, հոկտեմբերի 13-14-ը Դիլիջանում անցկացվեց դասընթաց մի շարք ՀԿ-ների համար, որոնք մասնակցում են այս տարի մեկնարկած ծրագրի երկրորդ փուլին: Այն իրականացվում է WWF-Հայաստանի մեկ այլ նախաձեռնության` «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի հետ համատեղ: Ծրագրերն իրականացվում են ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ, Թումանյան համայնքի Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց բնակավայրերի, Սյունիքի մարզի Շաղատ, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հերմոն, Շատին, Եղեգիս բնակավայրերի, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Իջևան համայնքի Սևքար, Ենոքավան բնակավայրերի տարածքում:
Ծրագրի նպատակն է պահպանել ապրելավայրերը և էկոմիջանցքները՝ չխոչընդոտելով տեղական տնտեսությանը և ավանդական ապրելակերպին, ապահովել էկոհամակարգային ծառայություններ՝ բնության հիման վրա զարգացնել զբոսաշրջությունը, պահպանել կենսաբազմազանությունը, մշակութային ժառանգությունը, կլիմայի փոփոխության հարմարվողականությունը, գյուղատնտեսական և անտառային արտադրանքի մատակարարումը:
Թրեյնինգին մասնակցում էին Լոռու մարզի «ՀԿ կենտրոն», Տավուշի մարզի «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», Վայոց Ձորի մարզի «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման, Սյունիքի մարզի «Շահապոնք» հասարակական կազմակերպությունները, որոնք Ծրագրի շրջանակներում իրականացնում են Ֆինանսական մասնակցային մոտեցման միջացառումներ թիրախային բնակավայրերում, և «ԷկոԼուր» ՀԿ-ն:
«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության»-II ծրագիրը ներկայացրեց ծրագրի համակարգող Արմեն Շահբազյանը: Ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Յերնի Սթրիթիհը ներկայացրեց ծրագրի մեթոդաբանությունը և Ֆինանսական մասնակցային մոտեցման գործիքները: Ծրագրի փորձագետ Շտեֆան Շուլայնը խոսեց Ծրագրում համայնքային ներգրավման պլանավորման և
բնապահպանական, սոցիալական կառավարման շրջանակների մասին: WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի ներկայացուցիչ Ակակի Չալաթաշվիլին ներկայացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի բնապահպանական և սոցիալական անվտանգության միջոցները: WWF-Հայաստանի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակ Նիազյանը ծանոթացրեց Ծրագրի բողոքարկման մեխանիզմներին: Տեղական ՀԿ-ները ներկայացրեցին թիրախային համայնքներում իրականացրած արագ գյուղական գնահատման /ԱԳԳ/ արդյունքները: Փորձագետների հետ քննարկվեց Ծրագրերի շրջանակներում շահառու համայնքներում նախատեսվող մրցույթների կարգը:
«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրի երկրորդ փուլի և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերն իրականացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից: «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության
(BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC):
Հոկտեմբեր 24, 2022 at 13:00