Բեռնի կոնվենցիայի բյուրոն առաջարկում է ՀՀ կառավարությանը դադարեցնել ցանկացած զարգացում, որը կարող է բացասաբար ազդել կոնվենցիայով պահպանվող կենսամիջավայրերի և տեսակների վրա

Բեռնի կոնվենցիայի բյուրոն առաջարկում է ՀՀ կառավարությանը դադարեցնել ցանկացած զարգացում, որը կարող է բացասաբար ազդել կոնվենցիայով պահպանվող կենսամիջավայրերի և տեսակների վրա

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի» (Բեռնի կոնվենցիա) բյուրոն հերթական անգամ առաջարկում է ՀՀ կառավարությանը դադարեցնել ցանկացած զարգացում, որը կարող է բացասաբար ազդել Բեռնի կոնվենցիայով պահպանվող կենսամիջավայրերի և տեսակների վրա, անկախ նրանից, դրանք ներառված են Էմերալդ ցանցի տարածքներում, թե՝ ոչ: Հայաստանի կենսամիջավայրերի և տեսակների պահպանության հարցը քննարկվել է Բեռնի կոնվենցիայի բյուրոյի 2022 թվականի ապրիլին կայացած նիստում՝ հիմնված «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայաստանի անտառներ», «Կանաչ Հայաստան» ՀԿ-ները և CEE Bankwatch Network միջազգային ցանցի՝ ի դեմս կենսաբազմազանության անկախ փորձագետ Անդրեյ Ռալեֆի՝ Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն 2020 թվականին ուղարկված բողոքի վրա: Բողոքում ներկայացված է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն անտեսել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի՝ Էմերալդ բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեկնածու երեք տարածքների (ԲՀՀՏ)՝ Ջերմուկի, Գորհայքի և Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհների վրա զգալի ազդեցությունները:

Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը տեղեկացրել է, որ Հայաստանում օպտիմալացվում են Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները, սակայն որևէ ժամկետ չի նշել, թե նոր տարածքների ցանկը և կոորդինատները երբ կներկայացնի քարտուղարություն:

Բեռնի կոնվենցիայի բյուրոն նիստում ընդունած որոշմամբ հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում նախատեսվող Էմերալդ ցանցի տարածքների էական կրճատման կապակցությամբ և կրկին հորդորել է իշխանություններին պարզաբանել, թե երբ վերանայված ցուցակը պատրաստ կլինի և կներկայացվի քարտուղարություն։

Բյուրոն նաև նշել է բողոքատուների մտահոգությունները՝ Էմերալդ ցանցի վերանայման գործընթացում թափանցիկության և ՀԿ-ների և փորձագետների մասնակցության բացակայության, Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման անհրաժեշտության մասին, որը պետք է ներառի Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր տարածքները:

Բյուրոն նաև վերահաստատել է իր հարցումը կատարված գնահատումների արդյունքների վերաբերյալ, որոնք ցույց կտան, որ ծրագիրը որևէ բացասական ազդեցություն չի ունենա կենսամիջավայրերի և տեսակների վրա:

Մտահոգությամբ նշելով շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթացում թերությունները և ՀԿ-ների ու փորձագետների մասնակցության բացակայությունը՝ Բյուրոն դիմել է իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես են վերացվել այդ թերությունները:

Գործը մնացել է սպասման փուլում։ Երկու կողմերին էլ առաջարկվել է ներկայացնել հաշվետվություններ 2023 թվականի գարնանը կայանալիք բյուրոյի նիստում:

Դեկտեմբեր 13, 2022 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր