Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման հաշվետվությունը հասել է հանրային քննարկման վերջին փուլ

Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման հաշվետվությունը հասել է հանրային քննարկման վերջին փուլ

«Գեոռեյդ» ՓԲԸ-ի՝ Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը հասել է հանրային քննարկման վերջին՝ 4-րդ փուլ: Քննարկումը նշանակված է սույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Սյունիքի մարզի  Սիսիան  համայնքի Մուցք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Մուցքի ոսկու հանքավայրը վարչական տեսակետից ներառված է Սիսիան խոշորացված համայնքի Մուցք բնակավայրի սահմաններում` Սիսիան քաղաքից 28 կմ հեռավորության վրա: Արդյունահանման ենթակառուցվածքների տեղաբաշխման նպատակով ընտրված տարածքը գտնվում է Մուցք բնակավայրի կենտրոնից 0.87-1.13կմ հեռավարության վրա:

Բացահանքի շինարարությունը կտևի 7 ամիս, բացահանքի շահագործման տևողությունը՝ 18.5 տարի: Հանքաքարի պաշարները կազմում են 2736.9 հազար տոննա, որից ոսկու պաշարները՝ 3605.0 կգ, արծաթի պաշարները՝ 5730.8 կգ: Բացահանքի տարեկան արտադրողականությունն ըստ ապրանքային հանքաքարի կազմում է 150.0 հազար տոննա,  օգտակար հանածոյի կորուստները՝ 2.2 %, աղքատացումը՝ 3.7 %:

Ըստ հաշվետվության՝ հանքաքարը սուլֆիդային է: Ոսկու պարունակությունը հանքաքարում տատանվում է 0,40-ից 4,5 գ/տ սահմաններում՝ միջինը կազմելով 1,5-1,6 գ/տ: Ռադիոակտիվ միներալներ հանքաքարի կազմում չեն հայտնաբերվել: Նշված է, որ հանքաքարում պղնձի, ցինկի, կապարի, սելենի, թելուրի և բիսմուտի պարունակությունները ցածր են:

Բացահանքի զբաղեցրած տարածքը կազմում է 61.8 հեկտար, իսկ լցակույտի տարածքը՝ 45.5 հեկտար: Հանքավայրը բաղկացած է իրար հարևանությամբ երկու տեղամասերից՝ հարավային և հյուսիսային: Հանքարդյունահանման աշխատանքները նախատեսվում է կատարել 2 փուլերով: 1-ին փուլում նախատեսվում է լեռնային աշխատանքները կազմակերպել հարավային տեղամասում, որը պարունակում է ամբողջ պաշարների մոտ 80%-ը: Այնուհետև մոտ 10 տարի շահագործելուց հետո 2-րդ փուլում շահագործվում են երկու տեղամասերի պաշարները համատեղ:

Ըստ հաշվետվության՝ հորատապայթեցման աշխատանքները պետք է կատարվեն հատուկ լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Հեռացվող մակաբացման ապարների քանակը՝ 2120.0 հազար տոննա: Մինչև բացահանքի 1-ին փուլի շահագործման վերջը մակաբացման ապարները նախատեսվում է պահեստավորել արտաքին լցակույտերում: 2-րդ փուլի բացահանքի շահագործման ընթացքում մակաբացման ապարները նախատեսվում է պահեստավորել ներքին լցակույտերում: Մասնավորապես, 2-րդ փուլի բացահանքի շահագործման ընթացքում առաջացող մակաբացման ապարները նախատեսվում է պահեստավորել 1-ին փուլի բացահանքի մշակված տարածությունում՝ ձևավորելով ներքին լցակույտեր: Նշված է, որ այսպիսով 2-րդ փուլի բացահանքի լցակույտերի ձևավորման համար լրացուցիչ հողատարածքների օտարում չի պահանջվում: Միաժամանակ, 1-ին փուլի բացահանքի հյուսիսային և հարավային լցակուտերի տեղադիրքը ընտրվել է այնպես, որ դրանք հանդիսանալու են պատվար նախատեսվող պոչամբարի համար՝ ապահովելով դրա անվտանգությունը պահեստավորված ապարների քանակության հաշվին և բացառելով մեծածավալ շինարարական հումքի անհրաժեշտությունը պոչամբարի ձևավորման համար:

Ըստ հաշվետվության՝ Մուցքի ոսկու հանքավայրի հանքահարստացման ժամանակ նախատեսվում է կիրառել պոչամբարում պինդ պոչանքների պահեստավորման տեխնոլոգիան: Նշված է, որ պինդ պոչանքների պոչամբարը գտնվում է հյուսիսային և հարավային լցակույտերի միջև տեղադրված ձորակում: Զբաղեցրած տարածքը կազմում է 7.5 հեկտար, առավելագույն խորությունը՝ 50 մ, պոչամբարի վերին հարթակի նիշը՝ 2040 մ, տարողությունը՝ 1174,9 հազար խմ:

Նշված է, որ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի նախագիծը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության առանձին փաստաթղթով:

Ըստ նախագծողների՝ պոչամբարը շահագործելուց առաջ հատակի բերվածքային ապարները պետք է հեռացվեն և հատակին փռվի 3մմ հաստությամբ պոլիէթիլենային թաղանթ: Պոչերը պոչամբարում պետք է փռվեն նրանց լրիվ ցամաքելուց ու չորացումից հետո 3-5 մ հաստությամբ հորիզոնական շերտերով: Պոչերի ցամաքեցման ժամանակ հեռացված ջրերը փակ շրջանառու ցիկլով կրկին օգտագործվում է ֆլոտացիոն աշխատանքների ժամանակ:

Հանքավայրը գտնվում է Շաղատ գետի անանուն վտակի ձորակի աջ թևում: Բացահանքի շահագործման ընթացքում ջրառ նախատեսվում է իրականացնել Դմբդմբան գետից:  

Ըստ հաշվետվության՝ հանքավայրի հետախուզման ժամանակ անցկացած մինչև 300-320 մ խորությամբ հորատանցքերում, ինչպես նաև այս նույն տարածքում նախկինում անցած երեք բովանցքներից մեկում ջրի առկայություն չի արձանագրվել, իսկ մյուս երկու բովանցքներից մարտ-հունիս ամիսներին փաստվել է ջրի աննշան արտահոսք (0.3-0.5 լ/վրկ): Հանքավայրի հետախուզման ընթացքում իրականացված մշտադիտարկումների համաձայն՝ վերոնշյալ ջրհոսքը հունիս-հոկտեմբեր ամիսներին ամբողջությամբ վերանում է (առվակը ցամաքում է), և դրա առավելագույն դեբիտը մնացած ամիսներին չի գերազանցում 1.0-1.2 լ/վրկ:

Նշված է, որ անտառային բուսականություն հայցվող տարածքում չկա: «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հողերը գտնվում են հայցվող տարածքից 1.2- 1.5կմ հեռավորությունների վրա:

Նշված է, որ ըստ ՀՀ կառավարության 29.01.2010թ.-ի N71-Ն որոշման, հանքավայրից մոտ 9 կմ հեռավորության վրա, Անգեղակոթ գյուղերի մոտակայքում հայտնի է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված Գորբունովի երկարաբեղիկը (Dorcadion gorbunovi Danilevsky in Danilevsky&Miroshnikov): Սակայն, ըստ հաշվետվության, հանքավայրի տարածքում սահմանափակ արեալով հազվագյուտ այս տեսակը (Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված») չի դիտարկվել: Ըստ հաշվետվության՝ Մուցքի ոսկու հանքավայրի տարածքը ներառված չէ կամ սահմանակից չէ բնության հատուկ պահպանվող տարածքի սահմաններին: Հանքավայրի տարածքից մոտ 24.4 կմ հեռավորության վրա գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրը:

Լեռնային աշխատանքների հետևանքով լցակույտի բաց մակերևույթից փոշու արտանետումը կկազմի 1.97 տոննա/տարի: Պայթեցման ենթակա է տարեկան 3969 հորատանցք, որից առաջացած փոշու քանակը կկազմի 29.42 տոննա/տարի: 

Ըստ հաշվետվության՝ նախատեսվում է ստեղծել 76 նոր աշխատատեղ: Նշված է, որ  երկրաբանական ուսումնասիրության փուլում ընկերության կողմից համայնքին տրվել է ավելի քան 25.7 միլիոն դրամի ֆինանսական և նյութական աջակցություն: Նշված է, որ յուրաքանչյուր տարի ազդակիր բնակավայրում նախատեսվում է հատկացնել շուրջ 29.5 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն: 

Դեկտեմբեր 16, 2022 at 10:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր