Քարաբերդ. ոսկու հանքավայր ու աղքատություն

Քարաբերդ. ոսկու հանքավայր ու աղքատություն

Քարաբերդի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում, Վանաձոր քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին։ Մոտակա բնակավայրերն են Քարաբերդը, Փամբակը և Գուգարքը, որոնք հանքավայրից գտնվում են համապատասխանաբար՝ 1,4,  2,4 և 2,2 կմ հեռավորությունների վրա։

Քարաբերդի ոսկու հանքավայրը 2012թ-ից սկսած ընդմիջումներով շահագործում է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն: Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունն ընկերությունը ստացել է 06.06.2013թ.՝ 11 տարի ժամկետով: Հանքավայրի ընդհանուր տարածքը կազմում է 2,6 հա, որից ստորգետնյա հանքը՝ 1,1 հա, լցակույտերի տարածքը՝ 1,5 հա:     

Հանքավայրի հիմնական օգտակար հանածոները ոսկին և արծաթն են, որպես ուղեկցող տարրեր հանդիպում են նաև պիրիտ, խալկոպիրիտ, խալկոզին, կովելին, սֆալերիտ և լիմոնիտ: Կենտրոնական տեղամասի հաշվեկշռային պաշարները կազմում են 303,2 հազար տոննա, որից ոսկին՝ 1631,8 կգ, արծաթը՝ 2,920 տոննա: Մարվող պաշարների քանակը կազմում է 272555,9 տոննա, որից ոսկին՝ 1443,48 կգ, արծաթը՝ 2583,5 կգ: Արդյունահանման թույլատրելի ծավալը 3 տարի տևողությամբ առաջին փուլում նախատեսված է եղել տարեկան 11,5513 հազար տոննա, 8 տարի տևողությամբ երկրորդ փուլում՝ տարեկան 29,6731 հազար տոննա, որն «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն պետք է արդյունահաներ մինչև 2024թ.:

Ընկերությունը Քարաբերդի համար բավարար չափով սոցիալ-տնտեսական ծրագրեր չի իրականացրել: Բնակիչները շարունակում են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրել: Համայնքապետարանի «շենքը» երկաթե վագոն տնակ է, գյուղում բացակայում են հաղորդակցության միջոցները, չկա դպրոց, մանկապարտեզ ու բուժկետ: Մինչդեռ «ԱՍՍԱԹ»-ն իր ընդերքօգտագործման պայմանագրում խոստացել էր Քարաբերդի գյուղի և դպրոցի կարիքների, համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրին մասնակցության, գյուղական միջհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար տարեկան 200 հազարական դրամ, անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով համայնքին 400 հազար դրամ հատկացնել: Ըստ Քարաբերդի վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանի՝ ընկերությունը գումարով չի օգնել, փոխարենը՝ տրամադրել է տեխնիկա, իր միջոցներով ճանապարհներ վերանորոգել:

Ընկերությունը մտադիր էր Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարել, երկարացնել կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետն ու հանքահարստացուցիչ ֆաբրիկա կառուցել: Այս նախաձեռնության վերաբերյալ ընկերության կազմակերպած առաջին հանրային լսումները տեղի բնակիչներն ու ակտիվիստները տապալեցին 2022թ. նոյեմբերի 4-ին: 

ՀՀ ՏԿԵ նախարարությունից ԷկոԼուրին հայտնել են, որ Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու և լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու նպատակով նախագծի փոփոխության վերաբերյալ համապատասխան դիմում չի ստացվել: Հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով ՀՀ ՏԿԵ նախարարությունը հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Նախագծի՝ օրենքով սահմանված հանրային քննարկումն ապահովելու նպատակով այն հրապարակվել է e-draft.am պաշտոնական կայքում:

Շրջակա միջավայրի նախարարությունից ԷկոԼուրին հայտնել են, որ վերոնշյալ գործունեության վերաբերյալ կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ չի ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: 

Փամբակ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Քարաբերդ գյուղը 60 բնակիչ ունի։ Տեղի բնակչությունը հանքի գործունեության ընդլայնմանը դեմ է մի շարք պատճառներով: Բնակիչները տարիներ շարունակ ահազանգում են, որ հանքավայրի ընդմիջումներով շահագործման հետևանքով զգալի վնասներ են հասցվել բնակավայրին ու իրենց առողջությանը: Մասնավորապես, հանքում տեղի ունեցող պայթեցումների հետևանքով գյուղի արոտավայրերն ու այգիները պատվել են փոշով, որոշ ծառատեսակներ չորացել են:

Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022թ. երկրորդ եռամսյակում Լոռու մարզում ուսումնասիրված հողերում վանադիումի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 1.3-7.1 անգամ, պղնձի պարունակությունը՝ 16.4- 1760.3 անգամ, ցինկի պարունակությունը՝ 2.6-55.9 անգամ, քրոմի պարունակությունը՝ 1.7-16.2 անգամ, նիկելի պարունակությունը՝ 2.9-19.3 անգամ, կապարի պարունակությունը՝ 1.1-27.6 անգամ և արսենի պարունակությունը՝ 2.5-37.9 անգամ։ 

Աղբյուրը՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ

Նշենք, որ  Քարաբերդի բնակիչների հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է, գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1607.53 հա, որի վրա մշակում են կարտոֆիլ, կաղամբ և բանջարաբոստանային այլ կուլտուրաներ: 

Ըստ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության (ՍԹԱ) նախագծի՝ փոշու աղբյուր են հանքում իրականացվող աշխատանքները, հորատումներն ու պայթեցումները։ Պայթեցման աշխատանքների ժամանակ փոշու և գազերի արտանետման տևողությունը միջինում 10 րոպե է, ուստի դրանք համարվում են համազարկեր և հաշվի չեն առնվում մթնոլորտի աղտոտվածության մակարդակը հաշվարկելիս։ Մինչդեռ հիմնական աղտոտիչների պատճառած տարեկան վնասը կկազմի՝ անօրգանական փոշի՝ 27,1 տ, ածխածնի երկօքսիդ՝ 1,08 տ, ազոտի երկօքսիդ՝ 1,34 տ, մուր՝ 0,11 տ և ծծմբի անհիդրիդ՝ 0,1 տ: 

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն չի ներկայացրել բնապահպանական կորուստները նվազեցնելու և անդառնալի հետևանքները կանխելու նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ: 

Հանքի տարածքից ծանր մետաղները տեղումների հետ հոսել են գետ, նստվածք տվել գետի հատակում: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը գետերի հատակային նստվածքների ուսումնասիրություն չի իրականացնում:

Ընկերությունը մտադիր է տեխնիկական նպատակներով ջուր վերցնել հանքավայրի հարևանությամբ հոսող Փամբակ գետից: Ընկերության կողմից լրացուցիչ ջրառը բացասական ազդեցություն կունենա գետի էկոհամակարգի վրա:

Թե որքանով են աղտոտված Քարաբերդի ոսկու հանքավայրի հարակից տարածքները և Փամբակ գետը պարզ կդառնա չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ իրականացվող քիմիական աղտոտվածության հետազոտության արդյունքում: Չեխ մասնագետները 2022թ. սեպտեմբերին Քարաբերդում փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, Փամբակ գետի հատակային նստվածքներից, հարակից հողերից, բնակիչների այգիներից, բնակիչների մազերից և մեզից: Փորձանմուշները հետազոտվում են Չեխիայում:  

Դեկտեմբեր 09, 2022 at 10:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր