Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ ՖԻՇ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանը կընդլայնի իր գործունեությունը: 2022թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը դրական եզրակացություն է տվել ընկերության՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի Երևան-Մեղրի մայրուղու 14 հասցեում ձկնաբուծարանի վերակառուցման/ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին:
Ըստ եզրակացության՝ ընկերությունը գործունեության հարակից տարածքում, Մարմարաշեն համայնքի Երևան-Մեղրի 14 հասցեում գտնվող հողամասում (2.7925 հա) նախատեսում է կառուցել լրացուցիչ 41 հատ ձկնաբուծական լճակ: Ընդհանուր լճակների թիվն ընդլայնումից հետո կկազմի 137: Լճակների գումարային մակերեսը կկազմի 56882,3 քմ, որից՝ 40206,3 քմ-ն գոյություն ունեցող լճակների մակերեսն է, 16676 քմ-ն՝ ավելացվող:
Ընդլայնումից հետո ձկնաբուծարանի տարեկան արտադրական հզորությունը կկազմի մոտ 865 տոննա: Ընկերությունը հիմնականում զբաղվում է ծիածանափայլ իշխան և թառափ ձկնատեսակների աճեցմամբ: Ուսումնասիրությունների համաձայն՝ արտադրված ձկան ամեն տոննայի դիմաց շրջակա միջավայր է արտանետվում 132 կգ ազոտ և 25 կգ ֆոսֆոր:
Ներկայում ջրաօգտագործումն իրականացնում է 6 խորքային հորերից՝ 650 լ/վրկ ծախսով: Լճակներում շրջանառվելուց հետո ջուրը նույն չափաքանակով հեռացվում է Հրազդան գետ: Ըստ հայտի՝ ջրածախսի ավելացում գործունեության ընդլայնման դեպքում չի նախատեսվում, քանի որ գոյություն ունեցող լճակներում օգտագործվող ջուրը շրջանառվելու է նաև ընդլայնման համար նախատեսվող լճակներում:
Հունվար 10, 2023 at 15:41