Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրն է. Ինչ խնդիրներ կան Հայաստանում

Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրն է. Ինչ խնդիրներ կան Հայաստանում

Փետրվարի 2-ին Երևանի Օրհուս կենտրոնում նշվեց Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրը: Ջրաճահճային հանդակների պահպանությունն ամրագրված է Ջրաճահճային հանդակների մասին միջազգային կոնվենցիայով, որը հայտնի է նաև Ռամսարի կոնվենցիա անվամբ:

Ջրաճահճային հանդակների մասին միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1971թ. փետրվարի 2-ին` Ռամսար քաղաքում (Իրան): 

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ Ջրաճահճային հանդակները մոլորակի վայրի բնությամբ հարուստ էկոհամակարգերից են, նրանց ծանծաղ ջրերը և առատ բուսականությունը պահպանում են բոլոր կենդանի էակների կենսագործունեությունը՝ միջատներից մինչև բադեր ու ալկիներ: Ճահիճները նաև նվազեցնում են ջրհեղեղի հետևանքները և մաքրում աղտոտված ջուրը։ Կոնվենցիան վավերացրած երկրների կառավարություններն վերջին ամիսներին ակտիվացրել են իրենց ջանքերը՝ պաշտպանելու և վերականգնելու այս էկոհամակարգերը, ինչն, ըստ փորձագետների, կարևոր է ոչ միայն կենսաբազմազանությունը պաշտպանելու, այլև կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում: Առափնյա և քաղցրահամ ջրաճահճային էկոհամակարգերում բնակվում է ողջ կենսաբազմազանության 40 %-ը: Ճահճային տարածքները կարևոր տեղ են զբաղեցնում նաև չվող թռչունների համար:

Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը: 2023թ-ին Հայաստանը նշելու է Ռամսարի կոնվենցիային միանալու երեսնամյակը:

Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին Շրջակա միջավայրի փոխնախարարներ Գայանե Գաբրիելյանը, Արամ Մեյմարյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ճենտերեճյանը, նախարարության ստորաբաժանումների աշխատակիցներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ամեն տարի այս օրը նշելով՝ նպատակ ունենք կարևորելու ջրաճահճային տարածքները և բարձրացնելու իրազեկվածությունը դրանց վերաբերյալ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև՝ Երկիր մոլորակի կայուն կենսագործունեության համար: Ջրաճահճային տարածքները շատ կարևոր են բուսական և կենդանական աշխարհի համար. հատկապես ջրլող թռչունների և հազվագյուտ բուսատեսակների ապրելավայրեր և աճելավայրեր են հանդիսանում: Դրանք ջրային ռեսուրսների մաքրման կարևոր համակարգ են, ինչպես նաև ածխածնի կուտակման պահեստներ: Սակայն վերջին հարյուրամյակների ընթացքում նկատում ենք, որ ջրաճահճային տարածքները նվազել են, մեծ մասն անհետացել կամ չորացել են հիմնականում մարդու գործունեության և կլիմայի ազդեցության հետևանքով»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը:

«Հայաստանի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության երեք տարածքներից Սևանա լճի ավազանը 490,231 հա է, Արփի լիճը՝ 3,230 հա, Խոր Վիրապը՝ 50 հա, որը Խոր Վիրապ ճահիճի 20%-ն է: Մնացածը շատ վատ վիճակում են, և կարիք կա դրանք վերականգնելու խնդիրները քննարկել: Կան նաև որոշ տարածքներ, որոնք Ռամսարի ստվերային ցուցակում են: Դրանք արժանի են Ռամսարի տարածք անվանը: Մեկը Արմաշի ձկնաբուծական լճերն են, որոնց ընդհանուր տարածքը մոտ 4000 հա է, բայց թե որքանն է այսօր ջրի տակ, որքանը ջրի տակ չէ, ինձ հայտնի չէ: Տարբեր սեփականատերեր կան, և դրա հետ կապված խնդիրները պետք է ինչ-որ կերպ ի մի բերել: Կարևորն այն է, որ Արմաշը կառուցվեց այն ժամանակ, երբ չորացվեց Գիլլին, և, բարեբախտաբար, չուերի զգալի մասը ոչ թե ընդհանրապես լքեցին Հայաստանը, այլ տեղափոխվեցին: Մյուսը Լոռվա ռելիկտային լճակներն են: Դրանք շուրջ 100-ն են և զբաղեցնում են 120 հա տարածք: Դրանք խիստ կարևոր են բուսական տեսակների հարստությամբ»,- ասաց Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը՝ նշելով, որ  տարածքներում կենսաբազմազանության 30-40 տեսակ կա:

Ներկայացնելով  Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրվան նվիրված իր հաշվետու զեկույցը՝ Կարեն Ճենտերեճյանն ասաց, որ ջրաճահճային տարածքների հիմնական խնդիրներն են աղտոտումը, ջրային կորուստները, հրկիզումն ու ձկնագողությունը: «Խոնավ տարածքն անտառից երեք անգամ ավելի արագ է վերանում, բայց վերականգնվում է տասն անգամ ավելի արագ: «Խոր Վիրապ» արգելավայրում իրականացվել են վերականգնման աշխատանքներ, ինչի արդյունքում 2020-2021թթ. թռչնատեսակներն ավելացել են»,- ասաց նա:

«Bird Links» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանն ասաց, որ վերականգնման միջոցառման ժամանակ օգտվել են երկու ջրային աղբյուրից. «Առաջին աղբյուրը ստորերկրյա ջրերն էին, որոնք բավական բարձր էին, երկրորդը՝ Հրազդան-Արաքս ջրանցքն էր»,- նշեց նա: 

Արձագանքելով Արմաշի արհեստական լճերի թեկնածու տարածք լինելուն՝ «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաևթոսյանն ասաց, որ Արմաշի արհեստական լճերի տարածքում տարեցտարի թռչունների քանակը պակասում է, զուգահեռ պակասում են նաև ջրածածկ տարածքները, քանի որ սեփականատերերն ու վարձակալները նախընտրում են ցամաքեցնել լճերը՝ դրանք գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու նպատակով: «Ունեմ 6 հա տարածք, որտեղ ստեղծել եմ էկոաշխարհ: Սեփական ուժերով վերահսկողություն եմ իրականացնում թե՛ որսագողերի, թե՛ ձկնագողերի դեմ: Ստեղծել ենք արհեստական լճակ՝ վիրավոր թռչունների ապաստարան: Ստեղծել ենք նաև արհեստական անտառաշերտ, 6-700 ծառ կպել է: Այդ հատվածներին պետք է ուշադրություն դարձվի: Զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցությունը, զբոսաշրջիկների այցերը տարածքն ավելի ճանաչելի ու պահպանվող կարող են դարձնել: Դա կարող է նպաստել նաև էկո ու գյուղական տուրիզմի զարգացմանը»,- ասաց նա:

«ԷկոԼուրի» հետ առանձնազրույցում փոխնախարար Արամ Մեյմարյանն ասաց. «Պետք է կարողանալ կանոնակարգել մարդու գործունեությունը, հատկապես՝ տնտեսական գործունեությունը, չկանոնակարգված ջրառը: Ամենառաջինն անհարաժեշտ է ջրային համակարգը բարեփոխել և բացառել կորուստները ոռոգման համակարգոմ, ավելի արդյունավետ ջրային համակարգ ունենալ: ՀՀ կառավարությունը այս ուղղությամբ բավականաչափ ջանքեր է գործադրում, որպեսզի ջրային համակարգը ճիշտ կառավարվի, և ջրային կորուստներ հնարավորինս քիչ ունենանք: Ջրային համակարգի բարելավման միջոցով հնարավոր կլինի նաև այս խոնավ տարածքների առկա ջուրը տեղում պահել: Մենք պետք է միջոցառումներ ձեռնարկենք, քանի որ կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում հիմա, և ստիպված ենք բախվել դրա հետ: Պետք է մեր քաղաքացիների հետ զրույցներում և հանդիպումներում կարևորենք կենսաբազմանության և էկոհամակարգի դերը, ջանքեր դնենք, որ մեր քաղաքացիները կարևորեն կենսաբազմազանությունը, քանի որ Հայաստանն աշխարհի կենսաբազմազանության ամենակարևոր կենտրոններից մեկն է»,- ասաց նա: 

Կարեն Ճենտերեճյանն էլ նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել տեղական խնդիրների վրա՝ մասնավորապես աղտոտման խնդրի վրա: «Առողջ էկոհամակարգը շատ ավելի հեշտ է փոփոխություններին դիմադրում, քան հիվանդը»,- ասաց նա: 

Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության

Փետրվար 03, 2023 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր