«Մեր երկիրը դասվում է առավել չոր բնակլիմայական պայմաններ ունեցող երկրների շարքին ու մեր լեռնայնությունը, բուսազանգվածի, կեսազանգվածի նոսրությունը և բնության անհաշվենկատ օգտագործումը բերել են նրան, որ հանրապետության տարածքի շուրջ 70 տոկոսը ենթարկված է տարբեր աստիճանի անապատացման, իսկ 30 տոկոսը՝ խիստ անապատացման»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը սույն թվականի մարտի 14-ին Երևանում կայացած Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին 30 փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ մշակելու համար անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների մեղմմանը միտված գործողություններ:
Հակոբ Սիմիդյանը նշեց, որ Հայաստանի համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր, իսկ երաշտի ազդեցության հետևանքների մեղմումը և կանխարգելումը՝ երկրի կայուն զարգացման երաշխիք:
Ըստ նախարարի՝ անապատացման դեմ պայքարի միջոցներից են անտառատնկումներն ու ջրային ռեսուրսների պահպանությունը: «Անտառատնկման դինամիկան ցանկանում ենք տասնապատկել: Հուսամ՝ այս տարի անտառատնկման շատ մեծ գործընթաց կծավալենք, և մեր ջրային ռեսուրսների պահպանման, ռազմավարության մշակման, ջրամբարաշինության ուղղությամբ աշխատանքներն ավելի ակտիվ կլինեն»: ԷկոԼուրի հարցին, թե կառավարության կողմից նախաձեռնված 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում որքան ծառ է տնկվել, կպչողականությունը քանի տոկոս է, նախարարն արձագանքեց. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2022թ. կպչողականությունը կազմել է շուրջ 60%: 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը համընկավ Քովիդի համավարակի շրջանի հետ, և չկարողացանք ծրագիրն իրականացնել, բայց այս տարի նախատեսում ենք աննախադեպ ծավալի ծառատունկ իրականացնել: Հուսամ՝ 1000 և ավելի հեկտար կլինի»:
Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը նշեց. «Անապատացման երևույթներն առավել ինտենսիվ են Արարատյան դաշտում և Շիրակի մարզում: Պատճառները տարբեր են՝ բնակլիմայական պայմանների խիստ տաքացումը, հողերի չօգտագործումը, գրունտային ջրերի իջեցումը, հողերն իրենց նպատակային նշանակությամբ չօգտագործելը»: Հարցին, թե անապատացման դեմ պայքարի ինչ միջոցառումներ է պետք նախաձեռնել, արձագանքեց. «Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ առաջին քայլերից է հողերը նպատակային նշանակությամբ օգտագործելը: Այս պահին Հայաստանի վարելահողերի 70%-ը չի օգտագործվում: Կառավարությունը ՏԻՄ-երի հետ միասին մշակում է միջոցառումներ, որպեսզի կարողանան հողերը կոնսոլիդացնել, փոքր միավորներից մեծացնել, ինչն ավելի մատչելի կդարձնի գյուղատնտեսության համար նախատեսված հողատարածքները: Արդյունքները կարճ ժամկետներում և մի միջոցառման շրջանակում չենք կարող տեսնել՝ համալիր մոտեցումներ են պետք: Ծրագրերի ծավալները նաև պետք է ավելացնենք, որպեսզի ամբողջական արդյունք ունենանք»: Ըստ նրա՝ անապատացման գործընթացի վրա մարդկային ազդեցությունը զսպելու ծրագրեր են իրականացվում. «Կառավարությունը մի շարք գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում, որոնք օգնում են տնտեսվարողներին ներմուծել բարձր տեխնոլոգիաներ ավելի խելացի գյուղատնտեսության համար: Մյուս կողմից պետք է նվազեցնել քիմիական պարարտանյութերի օգտագործումը, որն ազդում է հողերի որակային հատկանիշների վրա»,- ասաց Նարինե Հակոբյանը:
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման ծրագրերի» գրասենյակի պաշտոնակատար Արմեն Եսոյանը նշեց, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ամրագրված է տիրազուրկ հանքավայրերի, պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքների պլանավորման և իրականացման ծրագիր: «Կարծում եմ՝ առաջիկա տարիներին կունենանք ռեկուլտիվացման աշխատանքների օրինակներ»,- ասաց նա:
Հայաստանը ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիան ստորագրել է 1994թ., իսկ 1997թ. վավերացրել այն Ազգային ժողովի կողմից: Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խումբը (IWG on Drought) ձևավորվել է 2022թ. Կոտդիվուարի Աբիջան քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի շրջանակներում: Այդ ժամանակ բյուրոյի անդամ է ընտրվել Հայաստանը: 30 երկրների ներկայացուցիչներ ներառող խմբում Հայաստանը նաև տարածաշրջանի տարածքային համակարգողն է: Տարածաշրջանի երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռուսատանն ու Ուկրաինան:
Մարտ 15, 2023 at 18:37