Ինչպես են ԱլԳ երկրները և Եվրամիությունը դիմակայելու կլիմայի փոփոխությանը՝ էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում

Ինչպես են ԱլԳ երկրները և Եվրամիությունը դիմակայելու կլիմայի փոփոխությանը՝ էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում

Սույն թվականի ապրիլի 26-ին Բրյուսելում անցկացվեց «ԵՄ-ն կլիմայի համար» (EU4Climate) ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովը՝ «Արևելյան գործընկերության երկրներում կլիմայական հարցերի արդիականացմանն ուղղված միջոցառումներ: Առաջարկություններ էներգետիկայի և գյուղատնտեսության համար» թեմայով: Աշխատաժողովին Հայաստանից մասնակցում էին «ԵՄ-ն կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի hայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լառա Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Վիկտորյա Բուռնազյանը:

Աշխատաժողովի ընթացքում Եվրախորհրդի DG CLIMA, DG NEAR, DG ENER դեպարտամենտների, ինչպես նաև Էներգտիկ համայնքի քարտուղարության ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրեցին ԵՄ Տաքսոնոմիայի կանոնակարգերը: Նշվեց, որ Տաքսոնոմիան թույլ է տալիս համեմատել տարբեր ներդրումների կայունության մակարդակները։ Ներկայացվեց էներգետիկ համայնքի քաղաքականությունը։ Նշվեց, որ կլիմայի և էներգետիկ համայնքի քաղաքականության ոլորտները ներառում են արդյունաբերությունը, տրանսպորտը, ջեռուցման և հովացման և շենքերի ոլորտը, գյուղատնտեսությունը, թափոնները, հողօգտագործումը, հողօգտագործման փոփոխությունը և անտառտնտեսությունը: Նշվեց, որ Էներգետիկ համայնքի անդամ երկրների մշակած Էներգետիկայի և կլիմայի ազգային պլանները (NECP) պետք է ընդունվեն 2024 թվականին: NECP-ները կունենան Ազգային էներգետիկ ռազմավարություն, Սոցիալական ռազմավարություն (էներգետիկ աղքատություն), Ազգային տրանսպորտի ռազմավարություն, Կլիմայի փոփոխության ազգային ռազմավարություն, Ազգային հետազոտությունների և զարգացման ռազմավարություն: Տասնամյա ցանցի զարգացման ռազմավարություն: Ներկայացվեց Էստոնիայի և Լիտվայի վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը։ Նշվեց, որ մինչև 2030թ-ը Լիտվան մտադիր է իր էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը հասցնել 50%-ի, իսկ Էստոնիան՝ 100%-ի:

ԷկոԼուրի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը բարձրացրեց արևային էներգետիկայի զարգացման արդյունքում գոյացող էլեկտրոնային թափոնների կառավարման խնդիրը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի կառուցման դեպքում գետային էկոհամակարգերի վնասման և կանխարգելման հարցը: Եվրախորհրդի DG ENER դեպարտամենտի ներկայացուցիչն արձագանքեց, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման գործում հաշվի են առնվում գործող բնապահպանական նորմերը: Էլեկտրոնային թափոնների վերաբերյալ հարցը հստակ պատասխան չստացավ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լառա Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի քաղաքականությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ: Նա նշեց, որ 2021-2026թթ. ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ շրջակա միջավայրի ոլորտի քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով:

Այս նպատակին հասնելու համար ընդունվել և մշակվել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր և միջոցառումներ: Դրանք են Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի 2022-2030 թվականների ազգային ծրագիրը (հաստատված 2022 թ.), Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը (մշակման փուլում է), Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը (ներկայում քննարկվում է), ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզի համաձայնագրի ներքո ազգային թափանցիկության շրջանակի կառուցում փաստաթուղթը (մշակման փուլում է), Հայաստանի համար ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը (քննարկվում է), «Հայաստանում էլեկտրամոբիլների անցումը» ծրագիրը (քննարկվում է):

Լառա Սարգսյանը նշեց, որ Հայաստանի թարմացված ազգային մակարդակով սահմանված գործողություններն (ԱՍԳ/NDC) ընդունվել են 2021թ-ին: Համաձայն Հայաստանի ԱՍԳ-ի՝ մինչև 2030թ. նախատեսվում է ջերմոցային գազերի կրճատում 40%-ով 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ: 2021թ-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը, որոնք ուղղորդում են ջանքերը կլիմայի փոփոխության հարմարվողականությունը ներառելու ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում:

2022թ. ՀՀ կառավարությունն ընդունել է Ջրային ռեսուրսների ոլորտում հարմարվողականության ծրագիրը, իսկ Գյուղատնտեսության ոլորտի հարմարվողականության հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը հաստատվել է 2023թ.-ին և ներառվել Գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունում: 

Նա նշեց, որ իրականացվում են ոլորտային ուսումնասիրություններ: Ըստ այդմ, գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում այս ոլորտից արտանետումների մակարդակի նվազեցման մեծ ներուժ կա: ««Մեղմացման սցենարը» նախատեսում է մինչև 2030 թվականն անասնաբուծության կառավարման մեջ լավագույն փորձի կիրառում, ինչի արդյունքում ջերմոցային գազերի արտանետումները կկրճատվեն՝ 2017թ. 108%-ից 2030թ-ին հասնելով 28%-ի»,- ասաց Լառա Սարգսյանը:

Ըստ նրա՝ մշակվում են Երևանում արտանետումների կրճատմանը նպաստող ռազմավարություններ ու գործիքներ, միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականություններ: Միջնաժամկետ քաղաքականությունը նախատեսված է 2020-2030 թվականների համար: Մայրաքաղաքում այս ընթացքում իրականացվելու է նոր երթուղային ցանցի ներդրման գործընթաց։ Երկարաժամկետ քաղաքականությունը նախատեսված է 2020-2050 թվականների համար, որի շրջանակներում կմշակվեն հայեցակարգեր, կկիրառվեն արտանետումների կրճատմանը միտված նոր տեխնոլոգիաներ:

Անդրադառնալով «EU4Climate» ծրագրի շրջանակներում սպասվող արդյունքներին՝ Լառա Սարգսյանը նշեց, որ մշակված կլինի Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը, որը կօգնի առաջնահերթություններ սահմանել կլիմայի փոփոխության մեղմման համար` միաժամանակ ուշադրություն դարձնելով տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղեկցող օգուտներին: Մշակված կլինի «Կլիմայի մասին» օրենքը: Ավարտին կհասցվի ԱՍԳ-ի իրականացման պլանի և դրա ֆինանսավորման ռազմավարության մշակումը՝ 2021-2030թթ. ԱՍԳ-ն շոշափելի գործողությունների վերածելու համար, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և կլիմայի նկատմամբ կայուն զարգացմանը: Նախագիծը ներկայում շրջանառության մեջ է։ Գործողության մեջ կդրվի չափման, հաշվետվության և ստուգման համակարգերի ճանապարհային քարտեզը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն իր ելույթում նշեց, որ վերականգնվող էներգետիկայի ներուժի պատասխանատու օգտագործումը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման առանցքային առաջնահերթություններից է։ «Հաշվի առնելով ողջ աշխարհում առկա ներքին ռեսուրսները և վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները՝ արևային և հողմային էլեկտրակայանների կառուցումը կգերակայի մնացած տեսակներին: Մյուս կարևոր ճանապարհը էներգաարդյունավետ ներուժի հնարավոր իրացումն է։ Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներն ունեն էներգաարդյունավետության մեծ ներուժ, այդ թվում՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, հանրային հատվածը և այլն»,- ասաց Տիգրան Մելքոնյանը:

Ներկայացնելով Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի 2022-2030 թվականների ծրագիրը՝ նա նշեց, որ ներքին պահանջարկը բավարարելու համար էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի համեմատ կկրճատվեն ավելի քան 60%-ով մինչև 2030 թվականը:

Ցածր ածխածնային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր կառուցվածքում կկրճատվի ՝ հաշվի առնելով բնական գազի հիման վրա արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալի աճի կանխատեսումը, ըստ որի 2019 թվականի 60%-ի համեմատ 2030 թվականին այն կկազմի 51%:

Մինչև 2030 թվականը էներգետիկ ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների ընդհանուր ծավալը 1990 թվականի համեմատ կկրճատվի 50%-ով:

Տիգրան Մելքոնյանը նշեց, որ մինչև 2030թ-ը նախատեսվում է արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը էներգետիկ համակարգում հասցնել 15%-ի՝ կառուցելով 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, ներառյալ ինքնավար կայանները: Նախատեսվում է նաև մինչև 500 Մվտ հզորությամբ փոքր և կոմունալ մասշտաբի հողմային էլեկտրակայանների կառուցում, ինչպես նաև կուտակիչ կայանների ստեղծում:

Ներկայացնելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը՝ Տիգրան Մելքոնյանը նշեց, որ Հայաստանում ներկայում գործում է 11 հազար 514 ինքնավար արևային համակարգ՝ ընդհանուր 213 Մվտ հզորությամբ, 60 առևտրային արևային կայաններ՝ ընդհանուր 205 Մվտ հզորությամբ: Առկա է 500 կՎտ հզորությամբ համայնքային 1 արևային կայան: Հայաստանում գործում է 4,2 Մվտ հզորությամբ 4 հողմակայան, ինչպես նաև ընդհանուր 390 Մվտ հզորությամբ 189 փոքր հիդրոէլեկտրակայան:

Տիգրան Մելքոնյանը ներկայացրեց էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման քաղաքականությունը և նշեց, որ  բնակելի շենքերի հատվածում նախատեսվում է հրաժարվել գազի սպառումից: Դա կնպաստի ցածր ածխածնային էներգիայի օգտագործման ընդլայնմանը՝ դրանով իսկ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

Մայիս 08, 2023 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր