

Օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերում իրականացվող փոփոխությունների արդյունքում ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) դրույթներին: Այս մասին 2023թ. մարտի 15-ին տեղի ունեցած «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Թվինինգ երկամյա ծրագիրն իրականացվել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի Հանրապետության «SYKE» բնապահպանության ինստիտուտի համագործակցությամբ:
Այն ունեցել է երեք բաղադրիչ՝ իրավական շրջանակի փոփոխություններ, ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների բարելավում և կենսաբազմազանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում:
««ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացումից հետո Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է բարեփոխումների շարք ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ օրենսդրական ոլորտներում, որոնք ուղղված են կայուն զարգացման նպատակների իրականացմանը, կանաչ տնտեսության հայեցակարգի արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը և բնական ռեսուրսների բնական օգտագործմանը»,- նշեց նա։ Նախարարը վստահություն հայտնեց, որ իրականացված ծրագրի շրջանակներում օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգի ներդրման վերաբերյալ ներկայացված առաջարությունները կդառնան այն անհրաժեշտ գործիքակազմը, որով հնարավոր կլինի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունները կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ եվրոպական չափանիշներին համապատասխան պահպանությունն ու կայուն կառավարումն ապահովելու նպատակով։
«Թվինինգ ծրագրի իրականացմամբ մենք նպատակ ենք ունեցել Հայաստանում կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումն ապահովել միջազգային ԵՄ չափանիշներին համապատասխան՝ սահմանելով դրանց պահպանության համար պահանջվող միջոցառումներ, ստեղծելով կենդանատեսակների և բուսատեսակների պահպանության կարգավիճակի մշտադիտարկման համակարգ, ներդնելով հանրության կրթական և ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ։
Կարևորագույն ձեռքբերում ենք համարում ծրագրի շրջանակներում լայն ներառականությամբ իրականացված փորձի փոխանակումը, որը հնարավորություն ընձեռեց և՛ հայ, և ՛ չեխ, և՛ ֆին մասնագետներին փոխայցերի միջոցով ծանոթանալ միմյանց երկրներում կենսաբազմազանության պահպանության համակարգին, առանձնահատկություններին և ներդրված հնարավորություններին»,- նշեց նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ծրագրի բոլոր երեք բաղադրիչներն արդյունավետորեն կյանքի են կոչվել: «Առաջինը ենթադրում էր օրենսդրության մոտարկման վերլուծություն, խնդիրների ու բացերի վերհանում ու առաջարկությունների ներկայացում: Երկրորդն այդ ամենի իրագործման համար ինստիտուցիոնալ փոփոխություններին ու կարողություններին էր վերաբերում: Երրորդը՝ հանրային իրազեկվածության բարձրացումն էր: Առաջին բաղադրիչի մասով մանրամասն վերլուծության են ենթարկվել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը՝ օրենսդրական ու ենթաօրենսդրական մակարդակներում: Այդ օրենքների կարգավորումը կատարվել է Եվրամիության դերիկտիվների պահանջների համաձայն՝ հասկանալու համար, թե որ կետերում ու դրույթներում մենք համահունչ ենք, որ կետերում բացեր ու լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա: Այս տեսանկյունից ամբողջական վերլուծության ենթարկված փաստաթուղթն արդեն իսկ նախարարությունում է, որոշակի բաղադրիչներ արդեն իսկ տեղ են գտել 2022թ. ընդունված «Կենդանական աշխարհի մասին» օրենքի փաստաթղթում: Մյուս առանցքային ուղղությունը «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքն է, որտեղ ֆիքսվեց տարածքային պահպանության անհրաժեշտությունը: Այս պահին շրջանառվող օրենքի փաթեթում նույնպես առանցքային դրույթը սահմանված է»,- նշեց նա:
Ոսկեհատ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի արդյունքում նախարարությունը ներկայում ունի առաջնորդող մի փաստաթուղթ, որը բազային է հետագա փոփոխությունների ու օրենսդրական մշակումների տեսանկյունից:
ԷկոԼուրի հարցին, թե հնարավոր է հետագա համագործակցություն առաջարկությունները կյանքի կոչելու համար, Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության ղեկավար Դավիթ Լացինան ասաց. «Մենք՝ որպես թիմ, հասանելի ենք ցանկացած հետագա համագործակցության համար, եթե կա դրա անհրաժեշտությունը: Միայն ուրախ կլինենք շարունակելու մեր աջակցությունը»:
Հարցին, թե ծրագրի շրջանակներում ինչ հիմնական խնդիրների են բախվել եվրոպացի գործընկերները, Դավիթ Լացինան պատասխանեց. «Որոշակի առաջարկություններ դեռևս չեն ընդունվել կամ երկարաժամկետ ընդունման կարիք ունեն»: Գործակալության արտաքին կապերի վարչության պետ Տոմաշ Ռուժիչկան էլ նշեց. «Մենք գիտակցում ենք, որ երկու տարին շատ կարճ ժամանակահատված էր: Պետք է հասկանայինք, թե ինչպես է աշխատում ձեր համակարգը, և նոր միայն կարող էինք որոշակի առաջարկություններով հանդես գալ: Դա բավական դժվար էր: Ի վերջո, ծառանալու է օրենսդրության մշակման հարցը, և մենք հասկանում ենք, որ խորհրդարանի պատգամավորները կարող են փոփոխություններ անել: Մենք պատրաստակամ ենք համագործակցել պետական մարմինների, գերատեսչությունների ու ՀԿ-ների հետ հետագա բացերը բացառելու համար»:
Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան Քիրթսի Նարինեն, Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության ղեկավար Դավիդ Լացինան, գործակալության արտաքին կապերի վարչության պետ Տոմաշ Ռուժիչկան, ծրագրում ներգրավված փորձագետները:
Մարտ 16, 2023 at 18:52