Վարդավառի լճում անկած ձկների քանակն ավելացել է. նոր ահազանգ

Վարդավառի լճում անկած ձկների քանակն ավելացել է. նոր ահազանգ

Երևանի Վարդավառի լճում անկած ձկների քանակն ավելացել է: Երևանի բնակիչ Էդուարդ Հայրումյանը 2023թ. հունիսի 9-ին հրապարակել է մի տեսանյութ, որում երևում են տասնյակ անկած ձկներ: 

«Թոխմախի լճում ձկների զանգվածային անկում է, հենց այս պահին լիճը ողողված է սատկած ձկներով», - գրել է նա:

Հիշեցնենք, որ լճում անկած ձկներ առաջին անգամ հայտնաբերվել էին հունիսի 5-ին: 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ «Դեպքի վայր է մեկնել Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության»,- նշված էր Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նույն  օրը Վարդավառի լճում դաշտային հետազոտական աշխատանքեր և ջրի նմուշառում էր իրականացրել: Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքներից պարզվել էր, որ ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ «Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները»,- նշված էր հաղորդագրության մեջ: 

 



Հունիս 10, 2023 at 13:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր