

Ինչպես գրում է Shabat.am-ը այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասել է, որ, ջրային պաշարների անբավարար քանակով պայմանավորված, այս տարի Սևանա լճից ոռոգման համար ջուր բաց կթողնվի:
Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նկատում է բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, վերջին մի քանի տարիներին Սևանա լճի մասով դրական բալանս չենք նկատել, որն էլ իրականում պարտադիր պահանջ է հանդիսանում լճի էկոհամակարգի համար: Դրական բալանսի առկայությունը ոչ միայն պարտադիր է, այլև վկայությունն է այն մասին, թե ինչ փոփոխություններ են նկատվել այս ընթացքում:
«Այն, որ լճի մակարդակն այս տարի ավելի ցածր է, քան նախորդ տարի էր, խոսում է այն մասին, որ լիճը գտնվում է շատ վատ վիճակում և չի կարողանում վերականգնել իր գոյատևման համար անհրաժեշտ միջոցներն ու պայմանները: Սևանի մակարդակի բարձրացման համար ունենք մի քանի խոչընդոտ. մեկն այն է, որ լիճը վերցված է շինությունների օղակի մեջ, որոնք էլ կառուցված են 1905 մետր նիշից ներքև»,- ասում է մասնագետը:
Վերջինիս դիտարկմամբ՝ պետք է քաղաքական կամք լինի, որպեսզի հրաժարվենք այնպիսի շինություններից, որոնք խոչընդոտում են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը: Ասում է՝ այդ կամքը հաճախ է դրսևորվել, սակայն անարդյունք է մնացել, քանի որ եղել են թե՛ ֆինանսական, թե՛ ազդեցիկ մարդկանց ճնշումներ:
«Դժվար է մի օրենքով կամ որոշումով միանգամից կարգավորել առկա խնդիրը: Բանն այն է, որ այս տարիների ընթացքում հասկանալով, թե ինչպիսի խնդրի առաջ ենք կանգնած, ոչ մի քայլ չի արվել, անգամ փոքր քայլեր չեն եղել, որոնք գոնե քիչ-քիչ կտանեին ցանկալի արդյունքի իրականացմանը: Տարիներ առաջ ևս ուսումնասիրություններ արվել են լճի մակարդակի մասով, սակայն ցավն այն է, որ երբ համեմատում ենք նախկին և ներկայիս ուսումնասիրությունների արդյունքները, տեսնում ենք, որ դրանք հուսադրող չեն»,- նշում է բնապահպանը:
Զարաֆյանը շեշտում է՝ մենք հաճախ Սևանա լիճը դիտարկում ենք որպես ջրամբարի, սակայն այն ջրամբար չէ. «Թերևս, փաստը մնում է փաստ, որ եթե լիճը վերականգնողական մեխանիզմներ չունենար, կմեռներ: Խնդիր ունենք նաև ջրիմուռների առկայության մասով, ինչպես արդեն նշեցինք, դրա հնարավոր վտանգի մասին»:
Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Նատալի Մկրտչյան
Հունիս 06, 2023 at 17:47