2023թ. հունիսի 5-ին Երևանի Վարդավառի լճում հայտնաբերվել են անկած ձկներ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ «Դեպքի վայր է մեկնել Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության»,- նշված է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն այսօր Վարդավառի լճում դաշտային հետազոտական աշխատանքեր և ջրի նմուշառում է իրականացրել: Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքներից պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ «Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հունիս 05, 2023 at 16:49