

2022թ. հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի Եղջերուների բազմացման կենտրոնից բնություն բաց թողնված երեք կովկասյան ազնվացեղ եղջերուներից մեկն օրերս նկատվել է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում: Եղջերուների զբոսանքի կադրերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստանը):
WWF-Հայաստանը տեսանյութին ուղեկցող գրառման մեջ նշել է, որ եղջերուն իր առաջին քայլերն է արել բնություն և կոչ արել հանրությանը աջակցել եղջերուի համար ապահով միջավայր ստեղծելու համար: «Ձեր և եղջերուի անվտանգությունն ապահովելու համար խնդրում և հորդորում ենք հետևել ստորև նշված անվտանգության կանոններին`
- Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն
- Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները
- Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար
- Կենդանուն երթևեկելիս նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար
- Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը»,- նշված է գրառման մեջ:
Նշենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 միլիոն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ 2013 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։
Հոկտեմբեր 11, 2023 at 12:26