Հոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության օրն է

Հոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհում նշում են Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը: Այս ամսաթիվն ամրագրվել է որպես կենդանիների պաշտպանության օր 1931թ. Ֆլորենցիայում՝ բնության պահպանության շարժման կողմնակիցների կողմից կազմակերպված միջազգային համագումարի ժամանակ: 

Հոկտեմբերի 4-ն ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը հայտնի է որպես Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատկման տոն, ով համարվում է կենդանիների հովանավոր սուրբը։ Աշխարհի բազմաթիվ երկրների կենդանապաշտպան կառույցներն ամեն տարի այս օրը կազմակերպում են տարաբնույթ հանրային միջոցառումներ և ակցիաներ ի պաշտպանություն կենդանիների իրավունքների։ Կենդանիների իրավունքների պաշտպանության բարձրաձայնումը նպատակ ունի բարձրացնել հասարակության գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանության և կենդանիների պաշտպանության հարցում:

Այս տարի օրվան նվիրված ակցիաներ և բարեգործական միջոցառումներ կանցկացվեն ամբողջ աշխարհում։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալների համաձայն՝ ամեն ժամ Երկիր մոլորակի վրա անհետանում է երեք կենդանատեսակ, իսկ օրական կտրվածքով՝ բուսական և կենդանական աշխարհի 70 տեսակ, իսկ բուսական ու կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը մոտ ապագայում կդադարի գոյություն ունենալ: 

Հայաստանի բնաշխարհը ևս ունի բազմաթիվ անհետացած, վտանգված ու խոցելի կենդանատեսակներ: 2010թ. ՀՀ Կառավարության հունվարի 29-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը: Գրքում ընդգրկված են 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, այդ թվում՝ ոսկրային ձկների 7 տեսակ, երկկենցաղների 2 տեսակ, սողունների 19 տեսակ, թռչունների 96 տեսակ և կաթնասունների 29 տեսակ: Առաջին անգամ ընդգրկվել են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 139 տեսակի միջատներ և 16 տեսակի փորոտանիներ: 

Հոկտեմբեր 04, 2023 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր