Սևանա լճի մակարդակի իջեցման դեմ ուղղված միջոցառումներից մեկը Արփա-Սևան ջրատարով ավելի շատ ջուր բերելը պետք է լինի, կարծում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Սույն թվականի հունվարի 15-ին նախարարը մամուլի ասուլիսում ամփոփեց Շրջակա միջավայրի նախարարության 2023թ. գործունեության արդյունքները։
Սևանա լիճ
«Սևանա լճի ջրի մակարդակի վերաբերյալ աշխատանքը միայն մեկ նախարարության դաշտում չի գտնվում: Գործընկեր գերատեսչությունների հետ փորձում ենք բարձրացնել այն օղակների արդյունավետությունը, որոնք հնարավորություն են տալիս ջուր բերել Սևան: Բայց ջրի քանակի վրա ազդեցություն ունի նաև եղանակը, տեղումները, ոռոգման նպատակով Սևանից ջուր բաց թողնելը: Մենք չենք կարող գյուղատնտեսությանն առանց ջուր թողնել, և որոշ տարիների նաև հավելյալ ջրառի անհրաժեշտություն է լինում»,- ասաց նախարարը:
Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ տարբեր քննարկումներ են տեղի ունենում, հասկանալու, թե որտեղից է հնարավոր հավելյալ ջուր գեներացնել և բերել Սևան: «Սևանի ջրի մակարդակի խնդիրը շրջակա միջավայրի տեսանկյունից էկոհակամակարգի պահպանման առաջնահերթությունն է՝ ջրի որակի և ջրի մակարդակի հարաբերակցության իմաստով: Հիմա արդեն նաև մասնագիտական գնահատականներ ունենք, որ 1903,5 մ նիշը Սևանի ջրի այն մակարդակն է, որը նաև ուղիղ ազդեցություն կունենա ջրի որակի վրա: Հույս ունենք, որ կկարողանանք ջրի մակարդակը բարձրացնել, հույս ունենք, որ եղանակը և բնությունը մեզ այս հարցում կօգնեն: Եթե չօգնի, Արփա-Սևան թունելով ավելի շատ ջուր պետք է բերենք, այս ուղղությամբ հիմա աշխատանքներ տարվում են»,- նշեց նա:
Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ 2024թ. պետական բյուջեով 60 միլիոն դրամ է հատկացվել Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգային աշխատանքների իրականացման համար:
Անդրադառնալով Սևանա լճի էկոհամակարգին՝ նախարարը նշեց. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման նպատակով նախորդ տարի լիճ է բաց թողնվել 231 հազար 732 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ: 2024թ. նպատակ ունենք բաց թողնել 300 հազար հատ մանրաձուկ»: Ըստ նախարարի՝ 2024թ. նախարարությունը «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամին տրամադրելու է 495 միլիոն դրամ. «Նպատակ ունենք գործարանի կառավարման մոդելը փոխել, և կառավարումը կիրականացնի նույնպես Շրջակա միջավայրի նախարարությունը»: Հակոբ Սիմիդյանը նշեց նաև Սևանա լճում սիգի պաշարների նվազման մասին. «Գիտությունների ազգային ակադեմիայի գնահատականով՝ 2022թ. ունեցել ենք 4700 տոննայի չափ սիգ տեսակի ձուկ Սևանում, 2023թ. այդ թիվը նվազել է 3950-ի»:
«Սևան» ԱՊ»-ի ՊՈԱԿ-ի իրավախատումների հայտնաբերման միջոցառումների արդյունքում 2023թ. լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 կենդանի խեցգետին:
Նույն ՊՈԱԿ-ի տեխնիկական միջոցներով իրականացվել են նաև շուրջ 26 հա անտառմաքրման աշխատանքներ՝ Սևանա լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում:
Հակոբ Սիմիդյանը տեղեկացրեց, որ «EU4Sevan» ծրագրով 560,000 եվրո է տրամադրվել Գավառ քաղաքի կոյուղաջրերի մեխանիկական մաքրման կայանի արդիականացման ծրագրին։
Ջուր
Նախարարը նշեց․ «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը պետք է իրականացվի փակ շրջանառու համակարգով: Մեզ համար սա կենսական նշանակություն ունի: Արտեզյան ավազանի ոչ արդյունավետ կառավարումը տխուր պատկեր ունի, և այսպես պաշարների վերականգնում է ակնկալվում»:
Ջրային օրենսգրքում իրականացված փոփոխություններով, մասնավորապես, սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի և էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր չտեղադրելու համար:
2024թ. նաև սահմանվել է էկոթողքերի կետերում տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ «ջրաչափիչ» սարքերի պարտադիր պահանջ բոլոր ջրօգտագործողների համար, որը կգործի փետրվարի 1-ից: Գործող 1700 ջրօգտագործման թույլտվություններով առկա է շուրջ 5000 ջրառի կետ: Մինչ օրս տեղադրվել է 577-ը, որից 250-ը` 2023թ. ընթացքում:
2023թ. իրականացվել են Արարատյան դաշտի խորքային հորերի հետագա կարգավիճակը որոշելու և ապօրինի ջրօգտագործումը կանխելու նպատակով ուսումնասիրության և տեղորոշման աշխատանքներ։ Արմավիրի մարզում գույքագրված խորքային հորերի թիվը 1353 է, Արարատի մարզում՝ 1034: «Շուրջ հազար ապօրինի հոր ենք արձանագրել, ապօրինի շահագործող 8 հոր կասեցվել է, որից 4-ը՝ ձկնարտադրության նպատակով»,- նշեց նախարարը:
ՇՄԱԳ-ի մասին օրենք
Նախարարը նշեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների գործընթացը սկսվել է 2017թ.: «Երեք խնդիր կար մեր առաջ: Առաջինը՝ պարզեցնել փորձաքննության ընթացքը, կարգավորել բարդ գործընթացները՝ ակնկալելով փորձաքննությունների արդյունավետության բարձրացում: Երկրորդը՝ հանրության մասնակցության հարցն էր: Եթե նախկինում համայնքի ղեկավարի ստորագրությամբ էր հաստատվում հանրային քննարկումը, ապա ներկայում ավագանին է որոշում կայացնողը: Երրորդ նպատակը օրենքը միջազգային կարգավորումներին հապատասախանեցնել էր: ՇՄԱԳ-ով նաև դաշտային ուսումնասիրությունների հնարավորություն ենք ստեղծել»,- ընդգծեց նա:
Անտառ
2023թ. Հայաստանում 314 հա անտառածածկ է հիմնվել: 2024թ. նախատեսում են հիմնել ևս 1000 հա անտառ: Անդրադառնալով վնասատուների դեմ պայքարին՝ Հակոբ Սիմիդյանը նշեց, որ 4020 հեկտարում կենսաբանական պայքարի միջոցներ են կիրառել, որոշ տեղերում վնասատուները վերացել են:
Նախարարը խոսեց նաև նորաստեղծ էկոպարեկային ծառայության մասին, որի շրջանակում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով պահպանություն կիրականացվի: «Ի սկզբանե նախատեսված էր միայն անտառային տարածքներում, հետո որոշվեց, որ այն գործի նաև ԲՀՊՏ-ներում: Ներկայում ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում ենք գտնվում: 24-ժամյա հսկողությունն անտառներում կենսաբազմազանության պահպանության և ապօրինությունների կրճատման նպատակով է»,- նշեց նա:
Օդ
Ըստ Հակոբ Սիմիդյանի՝ ներկայում Հայաստանում մոնիթորինգի համակարգը հին է: «Ներկա ժամանակով չենք կարողանում տվյալներ ունենալ, կասկածի տակ է, թե որքան ճշգրիտ է: 2024թ. երկու նոր սարք կունենանք, որոնք օդի աղտոտվածության ներկա ժամանակում չափումներ կտան, նոր էլեմենտներ կկարողանանք առանձնացնել»,- նշեց նա:
Հանքարդյունաբերություն
Անդրադառնալով ռեկուլտիվացման ենթակա պոչամբարների աշխատանքներին՝ նախարարը նշեց․ «10 օբյեկտ կա ռեկուլտիվացման ենթակա: Նազիկի ու Փխրուտի պոչամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստել են, առաջիկայում կլինի բուն ռեկուլտիվացիան, ակտիվ աշխատում ենք: Մի միջազգային ծրագրով էլ Կապանի Կավարտի պոչամբարում ենք նախատեսում ռեկուլտիվացիայի աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա:
ԷկոԼուրի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը նախարարին ներկայացրեց վերջին մի քանի տարիներին Հայաստանի չորս մարզերում՝ Լոռիում, Արարատում, Կոտայքում և Արագածոտնում, իրականացված քիմիական աղտոտվածության հետազոտության արդյունքների մասին, հարցնելով, թե արդյոք նախարարությունը հետաքրքրված է նման տվյալներով: Ի պատասխան՝ նախարարն արձագանքեց, որ հանձնառություն են վերցնում ուսումնասիրելու այդ աշխատանքը: «Եթե վերահսկողության շրջանակում կան տնտեսվարողներ, որոնք աղտոտում են բնությունը՝ հողը ջուրը, ուրեմն վերահսկողությունը պետք է ուժեղացնենք, և կուժեղացնենք»,- ընդգծեց նա:
Թափոններ
Անդրադառնալով պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքին՝ Հակոբ Սիմիդյանը տեղեկացրեց, որ դրա շուրջ օրենսդրական քննարկումները շարունակվում են: «Օրենքի ընդունումն այս տարի կունենանք»,- նշեց նա:
Հունվար 16, 2024 at 13:27