60 միլիոն եվրո արժողությամբ նոր վարկ՝ Հրազդան գետի վրա կամուրջ, Իսակով և Արշակունյաց պողոտաներում նոր հանգույցներ կառուցելու համար

60 միլիոն եվրո արժողությամբ նոր վարկ՝ Հրազդան գետի վրա կամուրջ, Իսակով և Արշակունյաց պողոտաներում նոր հանգույցներ կառուցելու համար

ՀՀ կառավարությունը 2024թ. հունվարի 18-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին որոշմանը: Ըստ համաձայնագրի՝ կտրամադրվի 60,090,000.00 եվրո գումարի չափով վարկ 27 տարի ժամկետով: 

Ըստ որոշման հիմնավորման՝ համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է:

Նախատեսված աշխատանքները ներառում են Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,   Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ,  Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհով 6,6 կմ: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ: Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։

Գործադիրի նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում։ «Մասնավորապես, Հաղթանակի կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի, և Մոնթե Մելքոնյան ճանապարհն ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։ Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքն ենք իրականացնում», - նշեց նա:

Ըստ քաղաքապետի՝ այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է, և հետագայում հնարավորություն է ստեղծվում նախնական ենթակառուցվածք ունենալու այդ թաղամասում, որը տալու է հնարավորություն ներդրողներին արդեն դիտարկել Նորագյուղը որպես նոր ներդրումային հնարավորություն: «Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ մենք ունենալու ենք Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որն անպայմանորեն կներկայացնենք և՛ ՀՀ կառավարությանը, և՛ հանրությանը: Այսինքն, բացի բեռնաթափումից այս ճանապարհը նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում արդեն Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար», - ասաց Տիգրան Ավինյանը:

Հունվար 18, 2024 at 21:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր