Սևանա լճում սիգի ձվադրման շրջանն ավարտվել է, սակայն սիգ որսալ դեռևս չի կարելի

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանն ավարտվել է, սակայն սիգ որսալ դեռևս չի կարելի

Սույն թվականի հունվարի 20-ին ավարտվեց սիգի ձվադրման շրջանով պայմանավորված սիգի որսի արգելքը: Սակայն Սևանա լճում սիգ որսալ դեռևս չի թույլատրվում: Սիգ որսալ կթույլատրվի միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումից հետո, մասնավորապես, արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումից հետո:
 
Հիշեցնենք, որ սիգի ձվադրման շրջանով պայմանավորված ձկան որսի արգելքը սահմանված էր 2023թ. նոյեմբերի 25-ից մինչև 2024թ. հունվարի 20-ը ներառյալ: Այդ ժամանակահատվածում ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ։
 
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով սահմանվել են Սևանա լճում սիգի և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և որսի որակի բնութագրերը: 

Ըստ նախագծի՝ սիգի արդյունագործական որսի 2024թ. տարեկան առավելագույն չափաքանակ է սահմանվել 257 տոննան, ձկնորսության համար թույլատրելի քաշը և արդյունագործական չափը՝ 400 գ և 30 սմ-ից ոչ պակաս: 2024թ. համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: 

Սիգի որսը պետք է իրականացվի Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա, արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր): Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ կսահմանվի 2024թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը: 

Ըստ նախագծի՝ իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը, նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 16.7 մլն դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:

Նախագծի ընդունման հիմք են հանդիսացել Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված առաջարկությունները: Նշենք, որ 2019 թ-ին Սևան լճում հաշվառվել է 2668 տոննա սիգ, 2020 թ-ին՝ 2345 տոննա, 2021 թ-ին՝ 5348 տոննա, 2022 թ-ին՝ 4700 տոննա, իսկ 2023թ․՝ 3950 տոննա: 

Հունվար 23, 2024 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր