

ԷկոԼուր
Երեկոյան «Խոսրովի անտառ» արգելոցում` Գիլանի մոտ են իջնում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը: Նրանց կարելի է տեսնել 150-200 մ հեռավորության վրա: Նրանց հետ հանդիպման ենք հրավիրում ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պաշտոնյաներին, ովքեր պնդում են, որ հենց Գիլանի հատվածում բեզոարյան այծեր չկան եւ չեն կարող լինել:
Հոկտեմբերի 11-ին «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը ժամանեց Խոսրով այն ահազանգի հետքերով, որ Գիլանի հատվածում շինարարությունը, որն այս տարվա հունիսին բնապահպանության նախարարի հրամանով կանգեցվել էր, վերսկսվել է:
Հիշեցնենք, որ Գիլանում ռեստորանային համալիր հիշեցնող օբյեկտների շինարարությունն իրականացնում է «Հովազաձոր» ընկերությունը, որը 66 տարով վարձակալության է վերցրել 118 հա տարածք: Կառավարության 2007թ. նոյեմբերի 18-ի 1203-Ն որոշումը, որը հիմք ծառայեց վարձակալության համար, հիմնված է առաջին` 2007թ. մայիսի 24-ի թիվ 673-Ն որոշման վրա:
Բնապահպանության նախարարությունը հենց առաջին որոշման համար պատրաստեց հիմնավորում, որին համաձայն` Գիլանում չկան Կարմիր գրքում գրանցված բույսեր, իսկ Կարմիր գրքում գրանցված կենդանիներից կան միայն թռչուններ եւ սողուններ, եւ որ Գիլանում ապրում են մարդիկ, ովքեր գյուղատնտեսական գործունեություն են ծավալում: Դրա համար հարկավոր է Գիլանի կարգավիճակը իջեցնել: Այսպիսով, արգելոցի ամենաբարձր Ա1 կատեգորիայից (Բնապահպանության միջազգային միության տերմինաբանությամբ) Գիլանը վերածվեց ամենացածր` 4-րդ կատեգորիայի արգելավայրի:
Հասարակության կողմից բարձրացված աղմուկից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սույն թվականի հունիսին կանգնեցրեց շինարարությունը:
Իրավիճակի պարզման համար նշենք, որ Գիլանում մարդիկ չեն ապրում: Այդ տարածքի անունն է Բայբուրդ, որտեղ նախկինում ապրել են ադրբեջանցիներ, ովքեր 80-ականներին հեռացան այդտեղից: Իրականում մի քանի ընտանիք ապրում է «Խոսրովի արգելոց»-ի կազմում գտնվող Գիլանլարում, որը գտնվում է արգելոցի ծայրամասում` վարձակալված տարածքից 12-14կմ հեռավորության վրա:
Բեզոարյան այծերը, որոնց առկայությունը Գիլանում ժխտում է Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, կարելի է Գիլանում տեսնել ամեն օր` երեկոյան ժամերին: Բեզոարյան այծերը գրանցված են ոչ միայն Հայաստանի Կարմիր Գրքում, այլեւ Միջազգային կարմիր գրքում:
Շինարարական աշխատանքները մինչ օրս չեն վերսկսել: Այս տարվա հունիսին եւ հոկտեմբերին արված լուսանկարնրում երեւում է, որ շինանյութը, ինչպես եւ օբյեկտը մնացել են անփոփոխ (տես ֆոտոռեպորտաժը): Սակայն «Հովազաձոր» ընկերությունը ձեռքերը ծալած նստած չէ: Մեկ ամիս առաջ տարածքում պահակ է հայտնվել, ում խոստովանմամբ նա հսկում է ոչ միայն օբյեկտները, այլեւ ողջ տարածքը:
Նշենք, որ վարձակալած տարածքի միջով անցնում է էկոտուրիստական երթուղին: Սկզբունքորեն, եթե բարձրացված աղմուկը չլիներ, ընկերությունը լիովին կկարողնար արգելել այդ տարածքով անցնելը: Նման իրավիճակը բնորոշ է եւ «Սեւան» ազգային պարկին, որտեղ ոչ ոք չի կարող ափին մոտենալ առանց օբյեկտների տերերի թույլտվության, եւ «Դիլիջան» ազգային պարկին:
Պարադոքսն այն է, որ արգելոցի մեջտեղում գոյություն ունի ուրիշի սեփականություն: Հարցին, թե ինչպես եք պահպանում Գիլանը, Խոսրովի արգելոցի Գառնու տեղամասի պետ Սարգիս Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, հակասություններ կան: Եթե կա տուն, ապա պահակն իրավունք ունի պահակություն անելու. դա օրինական է: Բայց արգելել այդ տարածքի միջով անցնել նա չի կարող: Այդ հակասությունը պետք է լուծում ստանա: Մենք էլ չգիտենք, թե ինչպես այն կլուծվի, եւ հիմա իրականացնում ենք Խոսրովի պաշտպանության հետ կապված մեր իրավունքները` ընդ որում Գիլանի եւ Խոսրովի համար նախատեսված տարբեր ռեժիմներին համապատասխան»:
Կարելի է վստահությամբ ենթադրել, որ եթե Գիլանին արգելոցի կարգավիճակը չվերադարձվի, եւ ամեն ինչ մնա նույն վիճակում, ապա մոտ ապագայում հակասությունն ինքն իրեն կլուծվի: Բացառված չէ, որ Գառնիի տեղամասի կարգավիճակն էլ կփոխեն, եւ այն էլ կառուցապատման տակ կընկնի: Նման ենթադրության համար հիմք է հանդիսանում սույն թվականի հունիսին Բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնյայի հրապարակային հայտարարությունը, որ արգելավայրի կարգավիճակի են համապատասխանում նաեւ «Խոսրովի արգելոց»-ի մյուս տեղամասերը` Կաքավաբերդը, Գիլանլարը: Իսկ փոխարենը Խոսրովին իբրեւ հնարավոր է` այլ տարածք տրվի:
Հեշտորեն են մեր պաշտոնյաները տարածքները տարածքներով փոխում: Պատրաստում են հիմնավորումներ, անճանաչելի սահմաններով քարտեզներ, որտեղ, օրինակ, անտառը նշված է որպես աղբավայր («Ջրվեժ անտառապարկ»-ի քարտեզ): Փոխարենն առաջարկում են հատուկ պահպանվող տարածքում ընդգրկել անկենդան տարածքներ` իբրեւ թե հարուստ կենսաբազմազանությամբ` ներկայացված հիմնականում անողնաշարներով, որոնք Հայաստանում հաշվվում են մոտ 17 000 տեսակ:
Կենսաբազմազանությունը պաշտպանող միջազգային կոնվենցիաների համակարգողներ, միջազգային բնապահպանական կազմակերպություններ, պաշտպանեք Խոսրովը: Ով էլ կանգնած չլինի «Հովազաձոր» ընկերության թիկունքում, նա դեռ մեկն է: Եթե զիջենք Գիլանը, ապա կկորցնենք ողջ արգելոցը. այն տարբեր մարդիկ կտոր-կտոր կտանեն. բոլորն էլ լավ ախորժակ ունեն:
Հոկտեմբեր 15, 2010
