Բնության համաշխարհային հիմնադրամը «Հայաստանը Կենդանի Լանդշաֆտները Շուկայի Զարգացման Համար» (LILA) ծրագրի շահառու բնակավայրերի դպրոցականների համար սույն թվականի ապրիլի 23-ին կազմակերպել էր էքսկուրսիա: Մասնակիցների մեջ էր նաև Վայոց ձորից 10-ամյա Շիրակը: Շիրակը «Շրջիկ Բնագիտական Թանգարան» նախաձեռնության անդամներից է, ով վաղ մանկությունից հետաքրքրված է բույսերով, քարերի տեսակներով և խեցիներով: Նշեմ, որ շուտով Վայոց ձորում կբացվի «Շրջիկ Բնագիտական Թանգարան» Awesome Nature Armenia հիմնադրամի աջակցությամբ:
Սկզբում երեխաները եղան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում: Էքսկուրսավարի ուղեկցությամբ այցելեցին Բուսաբանական թանգարան, եղան արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմատանը, հյուրընկալվեցին էկոէպիկենտրոնում:
Լուսանկարները՝ Շահանե Համբարձումյանի
Հաջորդ կանգառը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանն էր։ Երեխաները ծանոթացան թանգարանի նմուշներին:
Լուսանկարը՝ Շահանե Համբարձումյանի
Ապա ներկա գտնվեցին ԳԱԱ-ի բակում կազմակերպված «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսին և մեծ ոգևորությամբ մասնակցեցին ներկայացված գիտափորձերին, վիկտորինաներին, ինտերակտիվ խաղերին ու զվարճանքներին:
Էքսկուրսիայի ընթացքում երեխաների գաղափարները, մտքերն էլ ավելի հստակացան «Շրջիկ Բնագիտական Թանգարանը» կյանքի կոչելու համար: Էքսկուրսիային ներկա էին «Աշխատանք և Հայրենիք» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը և LILA ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը:
Օրը շատ հագեցած էր։ Երեխաները տուն վերադարձան մեծ ոգևորությամբ և վաղվա օրվա մեծ ծրագրերով: Իսկ ես ինձ համար բացահայտեցի, որ մեր փոքր Երևանի թանգարաններն իրենց մեջ ամփոփում են մի մեծ աշխարհ, որտեղ կարող ես տեսնել բնության բազում հրաշալիքներ:
Հոդվածը պատրաստել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում Էկոլուրի կազմակերպած հանրային լրագրողների ցանցի դասընթացի մասնակից Շահանե Համբարձումյանը:
Մայիս 02, 2024 at 14:56