«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Դեբեդ, Տավուշի մարզի Ենոքավան և Վայոց ձորի Վայք բնակավայրերում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կլիմայի փոփոխությանը դիմակայելու վերաբերյալ դասընթացներ անցկացրեց Ծրագրի շահառու բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչների ու բնակիչների համար։ Դասընթացները վարեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը և «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը։
Դասընթացին մասնակցեցին նաև LILA ծրագրի շրջանակներում էկոլուրի ստեղծած հանրային լրագրողների ցանցի անդամներ։
Սևքարից և Դսեղից հանրային լրագրողներ Մարտուն Խաչատրյանը և Մարիամ Եգանյանը լուսաբանել են դասընթացները և նյութեր հրապարակել «Հանրային լրագրողների ձայնը» ֆեյսբուքյան խմբում։
Մարտուն Խաչատրյանը գրել է․ «Դասընթացին ներկա էին Իջևանի շրջանի մի շարք գյուղերի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ: Գլոբալ տաքացման ֆոնին մեծ վնասներ է կրում գյուղատնտեսությունը, արոտավայրերը վերածվում են չոր անապատի, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվում է անասնապահությունը։ Գետերն ու աղբյուրները դառնում են սակավաջուր։ Պտղատու այգիների բերքը դառնում է անորակ։ Այս դասընթացն իրազեկեց, թե ինչպես ճիշտ օգտագործել արոտավայրերը, ինչպես տարբերել օգտակար և ոչ օգտակար մշակաբույսերը, ինչպես դիմակայել կլիմայի փոփոխության ազդեցությանը»։
Մարիամ Եգանյանն էլ մասնավորապես գրել է․ «Դասընթացը կազմապերպվել էր գյուղական բնակավայրերի բնակիչների համար։ Հանդիպման ընթացքում խոսվեց կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների մասին: Քննարկվող թեմաներից էր գլոբալ տաքացումը, որը մեծ վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը, արոտավայրերի պաշարների նվազեցմանը, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվում է անասնապահությունը, սպառվում են ջրային պաշարները: Գյուղական բնակավայրերի բնակիչները ծանոթացան արոտավայրերի ռացիոնալ օգտագործմանն ուղղված միջոցառումներին։ Քննարկվեցին գլոբալ տաքացման մեղմացմանն ուղղված քայլեր»։
Մայիս 08, 2024 at 14:14