Արևից գինի․ «Արենի Վայն Արտ»-ը՝ գինու զբոսաշրջության նոր բանաձև

Արևից գինի․ «Արենի Վայն Արտ»-ը՝ գինու զբոսաշրջության նոր բանաձև

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում գտնվող «Արենի Վայն Արտ» հյուրատունը գործում է ավելի քան 10 տարի։ Հյուրատունը հիմնադրվել է Դավիթ Սիմոնյանի կողմից։ Նախորդ տարի հյուրատունը կարևոր ձեռքբերումներ ունեցավ՝ դառնալով «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շահառու․ այն ամբողջությամբ անցել է արևային էներգիայի օգտագործման, վերազինվել, դարձել ավելի հարմարավետ անկյուն գինեսերների համար։

 

Ծրագրին մասնակցությունը ոչ միայն բարելավել է հյուրատան պայմանները, այլև խթան հանդիսացել համայնքի զարգացման համար: «Ծրագրի շրջանակներում մենք ստացանք արևային վահանակներ՝ 40 կիլովատ հզորությամբ։ Այս աջակցությամբ արդեն կարողացանք ոչ միայն զրոյացնել էներգիայի ծախսերը, այլև ստեղծել նոր աշխատատեղեր», - նշեց Դավիթ Սիմոնյանը։  

Հիմնադրման օրից ի վեր «Արենի Վայն Արտ» հյուրատունը չի եղել միայն հյուրանոցային ծառայություններ մատուցող հաստատություն, այլ նաև գինու արտադրության յուրահատուկ կենտրոն։ Դավիթ Սիմոնյանը պատմեց, որ հյուրատունն ունի սեփական գինու արտադրություն՝ տարեկան մոտ 2000 շիշ: «Մենք արտադրում ենք բնական գինիներ, այսինքն՝ ոչ մի արհեստական հավելում չենք խառնում: Գինին պատրաստում ենք «Արենի» տեսակի խաղողից և «Ոսկեհատ»՝ սպիտակ գինու համար: Սեփական այգիներ չունենք, ու երևի կարիքը չկա: Ես համարում եմ, որ ավելի լավ է գյուղացիներից գնել խաղողը: Մեր հյուրատանը կազմակերպում ենք գինու համտեստներ, լանչեր, ընթրիքներ հյուրերի համար»,- ասաց նա:

Դավիթն իր հյուրատանը զարգացրել է նաև գինու ինկուբատորի գաղափարը։ Սա հնարավորություն է տալիս այցելուներին՝ ինքնուրույն պատրաստելու իրենց սեփական գինին։

«Մեր հյուրերը, ովքեր ցանկանում են պատրաստել իրենց սեփական գինին, կարող են գալ մեզ մոտ և փոքր քանակությամբ, մի քանի հարյուր շշից սկսած, պատրաստել գինի։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք նրանց՝ սկսած խաղողի ընտրությունից մինչև գինու պատրաստման գործընթացը: Խաղողը գնում ենք համագյուղացիներից: Ունենք շատ գինեգործ ընկերներ, ովքեր մթերման սեզոնին մեզ հետ աշխատում են: Նաև մեր հյուրատանն են ապրում տարբեր գինեգործներ և՛ արտերկրից, և՛ Հայաստանից, և խորհրդատվությամբ են աջակցում,- ասաց Դավիթ Սիմոնյանը և հավելեց,- Երբ գյուղական բիզնեսը ստանում է որևէ աջակցություն, իներցիայով արդեն նրա բիզնեսի զարգացումն ազդում է համայնքի վրա: Դու կարողանում ես ավելի շատ պրոդուկտ արտադրել, ավելի շատ պրոդուկտ մթերել, այդ ամենը փոխկապակցված է: Ցանկացած ծրագրի աջակցություն մեծ խթան է համայնքի զարգացման, համայնքներում գործող բիզնեսների զարգացման համար, եթե ճիշտ է թիրախավորված լինում այդ աջակցությունը: Այդ աջակցությանը զուգահեռ, ես արդեն ներդրումներ կատարեցի գինու արտադրության ոլորտում, նոր գաղափարներ ներդրեցինք գինու արտադրության մեջ»:

Դավիթ Սիմոնյանը կարևորեց նաև Հայաստանում գինու զբոսաշրջության զարգացման ներուժը։ «Մենք ունենում ենք օտարերկրյա զբոսաշրջիկներ, հատկապես ֆրանսիացիներ և իտալացիներ, ովքեր մեծագույն հետաքրքրություն են ցուցաբերում մեր գինիների և գինու մշակույթի նկատմամբ։ Հայաստանի գինու զբոսաշրջության ոլորտը մեծ պոտենցիալ ունի՝ անհրաժեշտ է միայն այդ ուղղությանն ավելի շատ ուշադրություն դարձնել», - ասաց նա։

ԼԻԼԱ ծրագրի մյուս շահառուների հետ միասին  Դավիթ Սիմոնյանը եղել է Մոլդովայում և ծանոթացել տեղական գինեգործության մշակույթին և արտադրության առանձնահատկություններին: «Նման փորձառությունն ու հաղորդակցություններն այլ երկրների, իրենց մասնագետների հետ շատ կարևոր են՝ զարգացնելու մեր երկրի գինու զբոսաշրջության ոլորտը»,- ընդգծեց նա։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

Ապրիլ 09, 2025 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր