


«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ստեղծած հանրային լրագրողների ցանցը 1,5 տարեկան է։ Այն ստեղծվել է 2024թ․ տարեսկզբին։ Հանրային լրագրողներն ընտրվել են ԼԻԼԱ ծրագրի թիրախ բնակավայրերում անցկացված հանդիպումների արդյունքում, որոնց մասնակցել է 12 բնակավայրերի 140 բնակիչ։



ԼԻԼԱ-ի շահառու Շատին, Վերնաշեն, Գլաձոր, Արտաբույնք, Շաղատ, Սևքար, Դսեղ, Մարց ու Եղեգնուտ բնակավայրերից ընտրված անձիք մասնակցել են «Էկոլուր»-ի կողմից անցկացված հանրային լրագրության դասընթացներին՝ ձեռք բերելով լրագրողական հմտություններ և դարձել են հանրային լրագրողների ցանցի անդամներ։ 






Այսօր հանրային լրագրողների ցանցի աշխարհագրությունն ընդլայնվել է․ հանրային լրագրողների ընտանիքին միացել են նաև Օհանավանից, Դիտավանից, Իջևանից, Աթանից, Զորականից։ Օր օրի մեծանում է նաև նրանց լսարանը, որն ընդգրկում է ինչպես գյուղերի բնակիչներ, այնպես էլ պետական մարմինների քաղհասարակության, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ։ Ցանցի գործունեությանը կարելի է հետևել Ֆեյսբուք սոցիալական հարթակում բացված «Հանրային լրագրողների ձայնը» խմբում, որտեղ հանրային լրագրողները ներկայացնում են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերի սոցիալ-տնտեսական խնդիրները, կլիմայական մարտահրավերները, բնությունը, իրադարձությունները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, զբոսաշրջության պոտենցիալը և առօրյան։

Արդեն իսկ «Հանրային լրագրողների ձայնը» հարթակում հրապարակված գրառումների տեսանյութերի և ֆոտոռեպորտաժների թիվը գերազանցում է 300-ը։
Կամավորական աշխատանքով հանրային լրագրողները լսելի են դարձնում գյուղերի ձայնը։ Նրանց նյութերը կարող են հիմք հանդիսանալ բնակավայրերի զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։
Հունիս 10, 2025 at 15:12
