

Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գտնվող չորս ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2026թ․ ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային առաջին փոխանցումները՝ ընդհանուր 285 հազար եվրոյի չափով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:
Հատկացված միջոցներից 90 հազար եվրոն ուղղվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 75 հազար եվրոն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 70 հազար եվրոն՝ «Դիլիջան» ազգային պարկին, իսկ 50 հազար եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
Գումարները պետբյուջեի հետ համաֆինանսավորման սկզբունքով կուղղվեն ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերի ապահովմանը՝ նպաստելով պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը և բնական միջավայրի պահպանության աշխատանքների իրականացմանը։
Նշենք, որ ավելի վաղ Վայոց ձորի մարզի «Արփա» պահպանվող լանդշաֆտին նույնպես հատկացվել էր 50 հազար եվրո՝ տարածքի պահպանության և օպերացիոն ծախսերի ֆինանսավորման նպատակով։
Ապրիլ 14, 2026 at 15:45
