

Երևանում քննարկվեց գենդերային հավասարության ինտեգրումը բնության հատուկ պահպանվող տարածքների և ագրոկենսաբազմազանության կառավարման գործընթացներում։ Քննարկման առանցքում էր կանանց դերը կենսաբազմազանության պահպանության, համայնքային կառավարման և կայուն գյուղատնտեսության ոլորտներում։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Էմմա Անախասյանը նշեց, որ կանայք ունեն գիտելիք ու փորձ, իրենց համայնքի էկոլոգիական տեղական տեսակների, դրանց կիրառության և կառավարման վերաբերյալ։ Կանայք լավ տեղեկացված են այն միջավայրի մասին, որտեղ նրանք ապրում և աշխատում են, բնական ռեսուրսների, տարբեր խնդիրների մասին։ Կանայք գյուղական համայնքներում հաճախ ներգրավված են կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման հարցերում։ Սակայն որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցությունը հաճախ սահմանափակ է։ Գենդերային հավասարության ապահովումն անհրաժեշտ է ավելի արդյունավետ և ներառական բնապահպանական կառավարում ապահովելու համար։
Գենդերային հավասարության հարցը կարևորվում է «Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակում»։ Շեշտվում է, որ կենսաբազմազանության պահպանության հաջող իրականացումը հնարավոր է կանանց և աղջիկների հզորացման և անհավասարությունների նվազեցման պայմաններում։
Գենդերային հավասարության հարցը դրված է նաև Հայաստանի Կենսաբազմազանության պահպանման մասին ազգային ծրագրում։
Փաստաթղթով նախատեսվում է մինչև 2030 թթ. ապահովել գենդերային հավասարակշռված որոշումների ընդունումը և խթանել կանանց առաջնորդությունը և ներկայացվածությունը կենսաբազմազանության պահպանության ոլորտում։ Էմմա Անախասյանը ներկայացրեց այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն այս ուղղությամբ։ Դրանք են՝ կենսաբազմազանության ոլորտում կանանց մասնակցությունը խոչընդոտող իրավական բացերի և ինստիտուցիոնալ կարողությունների վերլուծության իրականացում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և էկոպարեկային ծառայությունում կանանց մասնակցության խթանների և կանանց մասնակցությունը խրախուսող իրավական կարգավորումների ներդնում, կենսաբազմազանության վերաբերյալ ավանդական գիտելիքի, որի հիմնական կրողները կանայք են, պահպանման և տարածման խթանում։
Գյուղաբնակ կանայք կարևոր դեր ունեն ագրոկենսաբազմազանության պահպանության գործում։ Նրանք հաճախ զբաղվում են վայրի բույսերի, հատապտուղների, սնկերի և դեղաբույսերի հավաքմամբ, պահպանում են ավանդական սորտերը և առանցքային դեր ունեն առողջ ու անվտանգ սննդի արտադրության գործում։
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները․
- պարբերաբար իրականացնել գենդերային վերլուծություններ՝ բացահայտելու համակարգային անհավասարությունները հողի, ռեսուրսների, որոշումների կայացման և օգուտների հասանելիության մեջ;
- ինտեգրել միջսեկտորային մոտեցումը շահառուների քարտեզագրման, կառավարման շրջանակների և կարողությունների զարգացման նախաձեռնությունների մեջ;
- իրազեկման ծրագրեր՝ ուղղված կանանց՝ որպես կենսաբազմազանության պահպանողներ;
- աջակցություն կանանց կողմից առաջնորդվող ավանդական գործելակերպերին;
- իրականացնել գենդերային աուդիտներ և սոցիալական ազդեցության գնահատումներ՝ քաղաքականությունների արդյունավետությունը գնահատելու համար;
- հատկացնել հատուկ ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ՝ գենդերազգայուն իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով;
- ընդունել ագրոէկոլոգիական գործելակերպեր պահպանվող տարածքների բուֆերային գոտիներում;
- աստիճանաբար դադարեցնել վտանգավոր պեստիցիդների օգտագործումը (ներառյալ՝ PFAS-ի հետ կապված ռիսկերը, որտեղ կիրառելի է)։
Մայիս 21, 2026 at 18:46
