Կենսաբազմազանության կոնվենցիայի կարևոր գործիքներ և մեխանիզմներ՝ նախատեսված քաղաքացիական հասարակության համար

Կենսաբազմազանության կոնվենցիայի կարևոր գործիքներ և մեխանիզմներ՝ նախատեսված քաղաքացիական հասարակության համար

2026թ. հունիսի 17-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, անցկացրեց «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովը։

Աշխատաժողովին մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, համայնքների, մարզպետարանների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում WWF-Հայաստանի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի ավագ խորհրդատու Ալլա Ալեքսանյանը հանդես եկավ ««Համայն կառավարություն - համայն հասարակություն» սկզբունքը ՀՀ կենսաբազմազանության գործողությունների պլանի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համար» թեմայով զեկուցմամբ։

Նա ներկայացրեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում քաղաքացիական հասարակության և ոչ պետական շահակիցների ներգրավվածության տրամաբանությունը՝ թե՛ կոնվենցիայի իրականացման, թե՛ ազգային ռազմավարությունների և գործողությունների մակարդակում։

Ալլա Ալեքսանյանի խոսքով՝ հանրությունից մինչև շահագրգիռ կողմ հասնելու համար անհրաժեշտ է անցումային գործընթաց, քանի որ ոչ բոլոր քաղաքացիներն են կարող համարվել շահագրգիռ կողմ։ «Հանրության ցանկացած անդամ դեռևս չի կարող համարվել շահագրգիռ կողմ, եթե չունի որոշակի հետաքրքրվածություն կամ չի կրում գործընթացների ազդեցությունը», - նշեց Ալլա Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան առաջնորդվում է շահակիցների 9 հիմնական խմբերով, որոնք սահմանվել են դեռևս 1992թ․՝ օրակարգ 21-ի համաձայն։ Դրանց թվում են.

  1. բիզնես
  2. երեխաներն ու երիտասարդներ
  3. բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքներ
  4. քաղաքացիական հասարակություն
  5. գիտական և տեխնոլոգիական համայնք
  6. տեղական ինքնակառավարման մարմիններ
  7. ֆերմերներ
  8. կանայք
  9. աշխատավորներ և առևտրային միավորումներ

«Կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն՝ կոնվենցիան մի կողմից պարտավորվում է, որպեսզի ապահովի տեղեկատվության տարածում հավասարապես բոլոր շահագրգիռ կողմերի միջև, մյուս կողմից պետք է ապահովի փոխադարձ կապ և օգտագործի բոլոր այն տեղեկատվությունն ու գիտելիքը, որոնք որ շահակից կողմերը կարող են ներկայացնել ի նպաստ կոնվենցիայի իրականացման», - ընդգծեց նա։

Ալլա Ալեքսանյանը հավելեց, որ որքան մեծ է ազդեցությունը որևէ խմբի վրա, այնքան ավելի նեղ է ներգրավված շահակիցների շրջանակը, և հակառակը՝ ազդեցության նվազման դեպքում մասնակցության շրջանակն ընդլայնվում է։

Ալլա Ալեքսանյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց քաղաքացիական հասարակության՝ որպես Կոնվենցիայի կարևորագույն խմբի հնարավոր օգուտները Կոնվենցիայի հետ համագործակցությունից։ Դրանք են․

  • ազգային և միջազգային համագործակցության ընդլայնում
  • հասանելիություն ԿԲԿ-ի գործիքներին, մեթոդական ուղեցույցներին և տեղեկատվական ռեսուրսներին
  • միջազգային հարթակներում տեսանելիության և հեղինակության բարձրացում
  • գիտելիքների և փորձի փոխանակում
  • ազգային կենսաբազմազանության ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) իրականացմանն ու մոնիթորինգին աջակցելու հնարավորություններ։

Ալլա Ալեքսանյանը ներկայացրեց այն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս շահագրգիռ կողմերին մասնակցել Կոնվենցիայի իրականացման գործընթացին։

Կարևորագույն մեխանիզմներից է Հաշվառման մեխանիզմը (Clearing-House Mechanism (CHM)։

Հաշվառման մեխանիզմը բազմակողմ գլոբալ հարթակ է, որը հեշտացնում է կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվության, գիտելիքների և փորձագիտության փոխանակումը՝ հիմնվելով Կոնվենցիայի իրականացմամբ զբաղվող մասնագետների և հաստատությունների համաշխարհային ցանցի վրա։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Հաշվառման մեխանիզմը ստեղծվել է Կոնվենցիայի 18.3 հոդվածի համաձայն։ «Այն ունի բաց հասանելիություն, որից կարող են օգտվել բոլորը», - ասաց Ալլա Ալեքսանյանը։

2024-2030 թվականների համար Հաշվառման մեխանիզմի աշխատանքային ծրագրի նպատակներն են․

 Նպատակ 1. խթանել և հեշտացնել տեխնիկական և գիտական ​​համագործակցությունը

Նպատակ 2. հեշտացնել տեղեկատվության փոխանակումը

Նպատակ 3. աջակցել պլանավորմանը, մոնիթորինգին, հաշվետվություններին և վերանայմանը

Նպատակ 4. հեշտացնել Կողմերի և գործընկերների միջև ցանցային կապը և համագործակցությունը։

«Հաշվառման մեխանիզմն իրենից ներկայացնում է ոչ մենակ տեղեկատվություն ռեգիոնալ, գլոբալ կամ լոկալ մակարդակում, այլ նաև հնարավորություն է տալիս ապահովել տեղեկատվության փոխանակում, ստեղծում են ցանցեր շահագրգիռ կողմերի, որը բաց հասանելիության է և որից կարող են օգտվել։Եթե դուք կոնվենցիայի կայքով նայեք, դուք կտեսնեք, գլոբալ ցանցը, որի ներքո յուրաքանչյուր երկիր ցանկալի է, որ ունենա իր սեփական հաշվառման հարթակը։ Կան երկրներ, որոնք, դա արդեն ավարտել են, կան երկրներ, որոնք այս համակարգի ստեղծման փուլում են գտնվում, բայց ամեն դեպքում ունենալ նման համակարգ, համաձայն 2024-30 թ․ռազմավարության, շատ կարևոր է, քանի որ հնարավորություն կտա խթանել ու հեշտացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, հաշվետվությունների ներկայացումը, մշտադիտարկումը, ինչպես նաև ստեղծել համագործակցային ցանց շահակիցների միջև»,- ասաց Ալլա Ալեքսանյանը։

Մյուս կարևոր գործիքը Գործողությունների օրակարգն է (An agenda for action), որը հնարավորություն է տալիս տարբեր նախաձեռնությունները մեկ հարթակում միավորել։ Այս գործընթացը հիմնականում իրականացվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։

Կարևոր գործիքներից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ՀԿ-ների դաշինքը (CBD Alliance)։

Այն ՀԿ-ների, համայնքային կազմակերպությունների, սոցիալական շարժումների և բնիկ ժողովուրդների կազմակերպությունների, ակտիվիստների և ներկայացուցիչների ազատ ցանց է, որը պաշտպանում է կոնվենցիայի գործընթացներին բարելավված և տեղեկացված մասնակցությունը։

Անդրադառնալով «Համայն կառավարություն - Համայն հասարակություն» (WHOLE GOVERNMENT-WHOLE SOCIETY APPROACH) սկզբունքին՝ Ալլա Ալեքսանյանը նշեց, որ 2022թ․ երբ ընդունվեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, հիմքում դրվեց «համայն կառավարություն - համայն հասարակություն» սկզբունքը։

  • Համայն կառավարության մոտեցումն (Whole-of-Government Approach) ապահովում է, որ կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը չսահմանափակվեն միայն բնապահպանության ոլորտով կամ շրջակա միջավայրի պատասխանատու կառույցներով։ Այն ենթադրում է, որ բոլոր պետական ոլորտները՝ ներառյալ գյուղատնտեսությունը, ֆինանսները, էներգետիկան, ենթակառուցվածքները, տարածքային կառավարման և քաղաքաշինության համակարգերը կենսաբազմազանության նպատակներն ու առաջնահերթությունները ներառեն իրենց քաղաքականություններում, ծրագրերում, վարչական որոշումներում և բյուջետային գործընթացներում։
  • Համայն հասարակության մոտեցում (Whole-of-Society Approach)

Այս մոտեցումը հիմնված է այն սկզբունքի վրա, որ կենսաբազմազանության պահպանությունը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նպատակների իրականացումը միայն կառավարությունների պատասխանատվությունը չէ։ Թեև կառավարությունները ձևավորում են քաղաքականություններ և ստեղծում համապատասխան պայմաններ, դրանց իրականացման գործում կարևոր դեր ունեն հասարակության բոլոր հատվածները՝ քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը, գիտական և ակադեմիական համայնքը, բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները, երիտասարդությունը, կանայք և յուրաքանչյուր քաղաքացի։

Ալլա Ալեքսանյանը նշեց, որ որպեսզի «Համայն կառավարություն - Համայն հասարակություն» սկզբունքն ապահովող գործընթացները լինեն համակարգված, կառավարելի, թափանցիկ և հասանելի բոլոր շահակիցների համար, ստեղծվել է առցանց հաշվետվողականության գործիքը (Online Reporting Tool, ORT)։ «Այն բազմաֆունկցիոնալ հարթակ է, որն օգտագործվում է թե՛ կառավարության, թե՛ ոչ պետական դերակատարների կողմից։ Գործիքը բաց հասանելիություն ունի և ծառայում է տարբեր նպատակների։ Կառավարությունը դրա միջոցով ներկայացնում է հաշվետվությունները, ռազմավարությունները և Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի ներքո ձևավորված ազգային թիրախները Կոնվենցիայի քարտուղարությանը։ Քաղաքացիական հասարակությունն իր հերթին այս հարթակում ներկայացնում է սեփական գործունեությունն ու ներդրումները կենսաբազմազանության պահպանության գործընթացում», - ասաց Ալլա Ալեքսանյանը։

Համակարգն ունի տարբեր օգտատերեր՝

-         ազգային համակարգող՝ կառավարության ներկայացուցիչ

-         լիազորված օգտատերեր՝ պետական կառույցներից

-         ոչ պետական դերակատարներ՝ իրենց ներդրումները ներկայացնելու համար

-         դիտորդներ՝ տեղեկատվությունը դիտելու իրավունքով։

Ալլա Ալեքսանյանը ներկայացրեց նաև այն ընթացակարգը, որով քաղաքացիական հասարակությունը կարող է ներկայացնել հանձնառություններ այս հարթակում։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հանձնառություն պետք է համահունչ լինի Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի կամ ազգային թիրախներին։ «Եթե հանձնառությունը չի համապատասխանում գլոբալ կամ ազգային թիրախներին, համակարգը պարզապես թույլ չի տալիս այն ներկայացնել», - նշեց նա։

Նա հավելեց, որ հանձնառությունների ներկայացումը նպաստում է հաշվետվողականության բարձրացմանը, ներգրավվածության ընդլայնմանը և գլոբալ առաջընթացի գնահատմանը։

ԻՆՉՈ՞Ւ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ

  • Իրազեկվածություն և հաշվետվողականություն. Հանձնառությունները հանրայնացվում են՝ ազդարարելով կազմակերպության պատրաստակամությունը և հստակ քայլերը Գլոբալ շրջանակի (GBF) իրականացման գործում։
  • «Համայն հանրություն, համայն կառավարություն» ներգրավվածության խթանում. Հանձնառությունները փոխանցվում են ազգային կառավարություններին՝ վերանայման և համագործակցության համար։ Սա ամրապնդում է կապը պետության և մասնավոր/հասարակական հատվածի միջև։
  • Նպաստում գլոբալ առաջընթացի գնահատմանը. Ձեր տվյալները կօգտագործվեն COP-17 և COP-19 համաժողովների ժամանակ ներկայացվող գլոբալ զեկույցներում։
  • Օրինակ ծառայել և ոգեշնչել. Հրապարակային հանձնառությունները կարող են խթանել այլ կազմակերպությունների գործողությունները և դառնալ փորձի փոխանակման աղբյուր

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնիկ ժողովուրդներ և տեղական համայնքներ
  • Ենթազգային կառավարման մարմիններ, քաղաքներ և տեղական իշխանություններ
  • Միջկառավարական և հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ)
  • Կանանց և երիտասարդական միություններ, գիտահետազոտական կառույցներ
  • Գործարար և ֆինանսական համայնք

Հանձնառությունը պետք է ներկայացվի կազմակերպության, այլ ոչ թե անհատի անունից։ Կազմակերպությունը պետք է լինի հավատարմագրված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմից։

Ալլա Ալեքսանյանը ներկայացրեց նաև Կենսաբազմազանության կոնվենցիայի հանդիպումների համար գրանցման և հավատարմագրման գործընթացը։ Ըստ նրա՝ կազմակերպությունները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր՝ ղեկավարի նամակ, կանոնադրություն և պետական գրանցման վկայական (անգլերեն թարգմանությամբ)։ Հաստատումից հետո կազմակերպությունները ստանում են հնարավորություն ներկայացնելու իրենց հանձնառություններն առցանց հարթակում։ «Հաստատումից հետո կազմակերպությունը կարող է ներկայացնել իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն սահմանված ընթացակարգի», - ասաց նա։

Հարցուպատասխանի ընթացքում «Խազեր» ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը բարձրացրեց դիտորդների մասնակցության սահմանափակումների հարցը՝ նշելով, որ նրանց ներգրավվածությունը COP համաժողովների բանակցային գործընթացներում գործնականում սահմանափակ է։ «Դիտորդները չունեն մասնակցություն այն փուլերում, որտեղ փաստաթղթերն են մշակվում։ Մասնակցության մեխանիզմ չկա, նույնիսկ դիտորդի կարգավիճակով, բանակցային ու կոնտակտային խմբերում նստելու իրավունք չկա, նույնիսկ դռնից մտնելու իրավունք չկա։ Էդ մասնակցությունը հետո ո՞նց պիտի լինի», - հարցրեց նա։

Ալլա Ալեքսանյանն արձագանքեց, որ դիտորդները կարող են մասնակցել բաց հանդիպումներին, աշխատանքային և կոնտակտային խմբերին։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:



Հունիս 25, 2026 at 11:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր