Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Գործարկվել է 2026թ․ աշնանը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պաշտոնական կայքը:

COP17-ը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, կանցկացվի Երևանում 2026թ․ հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովը համարվում է կենսաբազմազանության պահպանության ոլորտում կարևորագույն միջազգային հարթակներից մեկը և կանդրադառնա Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացին։

Կայքը նախատեսված է որպես COP17-ի վերաբերյալ հիմնական տեղեկատվական հարթակ՝ համաժողովի մասնակիցների, պատվիրակությունների, դիտորդների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների և բոլոր հետաքրքրված անձանց համար։

Պաշտոնական կայքում ներկայացված են տեղեկություններ COP17-ի, Հայաստանի, «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի, համաժողովի երկու հիմնական տարածքների՝ «Կապույտ» և «Կանաչ» գոտիների, ինչպես նաև մասնակցության, վիզաների, հավատարմագրման, ճանապարհորդության, օրակարգի և նիստերի վերաբերյալ բաժիններ։

Կայքում առանձին բաժիններ են նախատեսված նաև լրատվամիջոցների համար, որոնք կներառեն մամուլի հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ուղիղ հեռարձակումներ, ինչպես նաև COP17-ի լոգոյի և բրենդավորման նյութեր։

COP17-ի «Կանաչ գոտին» նախատեսված է որպես հանրության համար բաց տարածք, որտեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, մշակութային և կրթական միջոցառումներ՝ ներգրավելով երիտասարդներին, հասարակական կազմակերպություններին, գիտական շրջանակներին, արվեստագետներին և այլ շահագրգիռ խմբերի։

Իսկ «Կապույտ գոտին» կլինի համաժողովի պաշտոնական բանակցային տարածքը՝ նախատեսված հավատարմագրված պատվիրակությունների, միջկառավարական մարմինների, դիտորդների, փորձագետների և լրատվամիջոցների համար։ Կապույտ գոտում կանցկացվեն COP17-ի պաշտոնական բանակցային գործընթացները՝ ներառյալ գլխավոր նիստերը, կոնտակտային խմբերի հանդիպումները, բարձր մակարդակի և նախարարական հանդիպումները, թեմատիկ կլոր սեղաններն ու ճեպազրույցները, ինչպես նաև որոշումների նախագծերի քննարկումները, հաշվետվությունների ներկայացումն ու առաջընթացի գնահատումը։

Հուլիս 16, 2026 at 11:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր