Դիլիջան. ի՞նչ թեմայով կարող է ներկայանալ համայնքը COP17-ին

Դիլիջան. ի՞նչ թեմայով կարող է ներկայանալ համայնքը COP17-ին

Դիլիջանի բնությունը համայնքի կյանքի, տնտեսության և զբոսաշրջության անբաժանելի մասն է։ «Դիլիջան» ազգային պարկի անտառները մեծ դեր են խաղում կլիմայական վտանգների մեղմման համար, հարուստ կենդանական ու բուսական աշխարհ ունեն։ Դիլիջանը միշտ գրավել է զբոսաշրջիկներին իր մաքուր օդով, բնությամբ, գեղատեսիլ տեսարաններով։ 

Տնտեսական զարգացումը՝ շինարարությունը, փոքր ՀԷԿ-երի շահագործումը, փայտամշակման ձեռնարկությունները, առաջացրել են նոր խնդիրներ կապված անտառների, գետերի էկոհամակարգերի, կենսաբազմազանության պահպանության համար։ 

Երևանում 2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հուլիսի 27-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Դիլիջանի Օրհուս կենտրոնում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դիլիջանի խնդիրները և այդ խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեց Դիլիջան համայնքի ակտիվ բնակչության մասնակցությունը COP17-ին։ Առաջարկվեցին հետևյալ թեմաները․ Դիլիջանի անտառների նշանակությունը համայնքի զարգացման համար, կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, մարդ-բնություն հարաբերակցությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա, ինչպես նաև համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացներին։

Քննարկման մասնակիցների խոսքով՝ Դիլիջանի անտառները համայնքի համար նաև տնտեսական նշանակություն ունեն, քանի որ զբոսաշրջիկներին գրավում է բնությունն ու անտառային միջավայրը։ «Կենսաբազմազանությունը նաև փող է բերում այս քաղաքին։ Մեծ հյուրանոցներ են կառուցում անտառների մեջ, իրենք օգուտ են անում այդ անտառի տեսարանների վրա, իրենք պետք է շահագրգռված լինեն», - նշեց հանդիպման մասնակիցներից մեկը՝ առաջարկելով քննարկել նաև այն հարցը, թե ինչ ազդեցություն է ունեցել Դիլիջանի արագ տնտեսական զարգացումը կենսաբազմազանության վրա։

Քննարկման ընթացքում բնակիչները բարձրաձայնեցին նաև շինարարության ընդլայնման, անտառային տարածքների նկատմամբ ճնշման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Նշվեց, որ վերջին տարիներին որոշ տարածքներում նկատվում է անտառի բնական վերականգնում, սակայն միաժամանակ նոր շինարարական ծրագրերը կարող են լրացուցիչ ճնշում ստեղծել բնական միջավայրի վրա։

Բնակիչներից մեկը մտահոգություն հայտնեց նաև տեղումների ավելացման և սողանքների հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ հարց բարձրացնելով, թե որքանով են շինարարական ծրագրերի ժամանակ հաշվի առնվում այդ վտանգները և ինչ ազդեցություն կարող են դրանք ունենալ հարակից բնակավայրերի վրա։ «Հիմա, եթե գան, սկսեն շինարարություն, որքանո՞վ է վտանգը, որ ... էդ տարածքը ամբողջապես իջնի մեր թաղամաս», - ասաց բնակիչը՝ նկատի ունենալով սողանքի վտանգը։

Քննարկման ընթացքում խոսվեց նաև համայնքի և «Դիլիջան» ազգային պարկի համագործակցության մասին։ Ազգային պարկի ներկայացուցիչ Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ ՀԿ-ների և համայնքի հետ համագործակցության խնդիր չունեն, հատկապես՝ բնապահպանական կրթության և իրազեկման ուղղություններով։ Միաժամանակ, կենսաբազմազանության վերաբերյալ որոշակի տեղեկատվության տրամադրումը կարող է սահմանափակվել՝ մասնավորապես Կարմիր գրքում ընդգրկված տեսակների և դրանց անվտանգության հետ կապված հարցերում։

Ազգային պարկի ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ COP17-ի շրջանակում «Դիլիջան» ազգային պարկը նախատեսում է ներկայանալ թե՛ Կանաչ, թե՛ Կապույտ գոտիներում։ Քննարկվում են նաև էկոտուրիզմի վերաբերյալ հնարավոր ներկայացվածությունը, այդ թվում՝ ազգային պարկի տարածքում առկա արահետների և տեսարժան վայրերի ներկայացումը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանն ընդգծեց, որ COP17-ի հարթակները կարող են ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև՝ տեղական կառույցների ու կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորություն ստեղծել։ Նրա խոսքով՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ համայնքների, մշակութային, կրթական, երիտասարդական և բնապահպանական կազմակերպությունների համատեղ ներկայությունը կարող է նպաստել նոր կապերի և ծրագրերի ձևավորմանը։ «Ակտիվ քննարկման հարթակ է ստեղծվում, որը հնարավորություն կտա հետագայում աշխատելու, համագործակցելու», - ասաց նա։

«Էկոպոլիսի» ՀԿ-ի նախագահ, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը նշեց, որ համաժողովը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ դրա շրջանակում ընդունվող որոշումները կարող են նպաստել երկրի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ռազմավարական ճիշտ մոտեցումների ձևավորմանը։  

Մեկ այլ կարևոր հարց վերաբերում էր բնակիչների մասնակցությանը շինարարական և բնապահպանական որոշումների կայացմանը։ Մասնակիցները բարձրացրին այն հարցը, թե որքանով է համայնքի բնակչությունը ներգրավված գործընթացներում և արդյոք շինարարական թույլտվությունների տրամադրման ժամանակ բավարար չափով հաշվի են առնվում երկարաժամկետ բնապահպանական հետևանքները։

Քննարկման ավարտին ընգծվեց նաև բնակչության տարբեր խմբերի բնապահպանական իրազեկվածության բարձրացումը։ Ներկաները կարևորեցին բնության հետ պատասխանատու հարաբերության ձևավորումը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները գիտակցեն բնությունը պահպանելու իրենց դերը։ Բնակչի խոսքով՝ COP17-ի գործընթացում համայնքի մասնակցության համար կարևոր դեր ունեն համայնքապետարանը և ազգային պարկը, քանի որ դրանք ոլորտի հիմնական դերակատարներից են։ 

Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Շարունակելի

Օգոստոս 13, 2026 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր