

2026թ․ հոկտեմբերի 19-ին՝ Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում Կանաչ գոտում տեղի ունեցավ «Կենսաբազմազանության ֆինանսավորում՝ առանց վնաս պատճառելու․ ինչպես ֆինանսական կառույցները կարող են պաշտպանել կենսաբազմազանությունը, կարևոր էկոհամակարգերն ու մարդկանց՝ պահպանելով արգելված գոտիները» թեմայով սեսիան։
Սեսիայի հիմնական բանախոսն էր CEE Bankwatch Network ցանցի կենսաբազմազանության հարցերով փորձագետ Անդրեյ Ռալևը, ում ելույթը վերաբերում էր կենսաբազմազանության պահպանության գործում հանրային և մասնավոր ֆինանսական կառույցների պատասխանատվությանը։ Քննարկման առանցքում այն հարցն էր, թե ինչպես կարելի է ֆինանսական միջոցներն ուղղել բնության պահպանությանն ու վերականգնմանը և միաժամանակ կանխել դրանց ուղղումը կենսաբազմազանությունը ոչնչացնող գործունեությանը։
Աշխարհի ցամաքային տարածքների ավելի քան 75%-ը զգալիորեն փոփոխվել է, իսկ խոնավ տարածքների ավելի քան 85%-ն արդեն կորսվել է։ Այս պայմաններում ֆինանսական հատվածը կարևոր դեր ունի ինչպես կենսաբազմազանության վերականգնմանն աջակցելու, այնպես էլ՝ էկոհամակարգերի ոչնչացմանը նպաստող ֆինանսական հոսքերը սահմանափակելու գործում։
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այսպես կոչված «արգելված գոտիների» (No Go Areas) պահպանությանը՝ որպես կենսաբազմազանության, կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգերի և մարդկանց իրավունքների պաշտպանության միջոց։ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել բնության պահպանության ֆինանսավորումը, այլև ֆինանսական հոսքերը հեռացնել այն գործունեությունից, որը վնասում է պահպանության ենթակա տարածքները, էկոհամակարգերը և բնիկ ժողովուրդների իրավունքները։
Քննարկումը վերաբերում էր Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի A, B և D գլոբալ նպատակներին, ինչպես նաև 1-ին, 15-րդ և 18-րդ թիրախներին։
Հոկտեմբեր 19, 2026 at 13:57
