

Էկոհամակարգերի պահպանության հարցում տեղական համայնքների ձայնը որոշում կայացնողների համար լսելի դարձնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) Կանաչ գոտում կայացավ «Համայնքները՝ կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» խորագրով սեսիան, որը կազմակերպվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։
Միջազգային ու ազգային կառույցներին ուղղված զեկույցներով հանդես եկան ՀՀ համայնքային ներկայացուցիչներ՝ վեր հանելով բնապահպանական ճգնաժամերն ու զարգացման այլընտրանքները։
Արարատի մարզի Արմաշ բնակավայրի ներկայացուցիչ, «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը ներկայացրեց Արմաշ բնակավայրի զարգացման բանաձևը:
Արարատյան դաշտի հարավային հատվածում գտնվող Արմաշ բնակավայրն ունի առանձնահատուկ աշխարհագրական դիրք, որտեղ միահյուսվում են ջրային, ջրաճահճային, չորային ու լեռնային լանդշաֆտները։ Այս եզակի համադրությունը Արմաշը դարձրել է Հայաստանի կարևորագույն թռչնաբանական տարածքներից մեկը։
200-ից ավելի թռչնատեսակ և էկոմիջանցք
Տիգրան Մաթևոսյանն իր ելույթում ընդգծեց Արմաշի հողային հունով ձկնաբուծական լճակների, աղուտների և եղեգնուտների կենսական նշանակությունը։
- Հայաստանում գրանցված շուրջ 353 թռչնատեսակից ավելի քան 200-ը հանդիպում են Արմաշի ջրաճահճային տարածքներում։
- Այստեղ հանդիպում է Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված 45 թռչնատեսակ։ Այդ տեսակների թվում է նաև սպիտակագլուխ բադը, որը գրանցված է և՛ ՀՀ, և՛ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակներում՝ որպես անհետացող և վտանգված ռելիկտային տեսակ։
Բացի թռչնաշխարհից, բնակավայրին հարակից Ուրծի լեռնաշղթան (որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին) գործում է որպես կենսական էկոմիջանցք կարմիրգրքյան կենդանիների՝ մուֆլոնի և բեզոարյան այծի տեղաշարժման համար դեպի Վայոց ձոր և այլ տարածքներ։ Իր բացառիկ կենսաբազմազանության շնորհիվ Արմաշն ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի էմերալդ թեկնածու տարածքների ցանկում՝ որպես «Խոր Վիրապ–Արմաշ» (մոտ 6,998.2 հեկտար)։ Ընդ որում, Հայաստանն այժմ դիտարկում է «Խոր Վիրապ» և «Արմաշ» հատվածներն առանձին թեկնածու տարածքներ ներկայացնելու հարցը։
Մարտահրավերներ. չորացող լճեր և ապօրինի որս
Խոսնակի ներկայացմամբ՝ Արմաշի էկոհամակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև.
- Ջրային միջավայրի փոփոխություններ.լճերի չորացման իրական վտանգ։
- Ապօրինի որս (որսագողություն).ուղղակի հարված հազվագյուտ և պահպանվող տեսակների պոպուլյացիաներին։
- Եղեգնուտների հրկիզում.անվերահսկելի հրդեհները ոչնչացնում են թռչունների բնադրավայրերն ու կենսամիջավայրերը։
«Էկոաշխարհ». համայնքային նախաձեռնությունը
Որպես գործնական քայլ՝ Տիգրան Մաթևոսյանը ներկայացրեց իր ստեղծած «Էկոաշխարհ» նախաձեռնությունը։ Տեսնելով թռչնաշխարհին սպառնացող վտանգները՝ նա մոտ 6 հեկտար տարածքի վրա ստեղծել է անվտանգ էկոմիջավայր, որը ներառում է անտառաշերտ, լճակ, ճահճուտ, թռչնադիտարկման աշտարակ, և որտեղ արգելված է որսորդների մուտքը։ Սա օրինակ է, որ կենսաբազմազանության պահպանությունը կարող է և պետք է սկսվի հենց տեղի բնակչի նախաձեռնությամբ։
10 կետանոց ռազմավարություն՝ հանուն Արմաշի զարգացման
Արմաշի Երևանին մոտ լինելը հնարավորություն է ստեղծում թռչնադիտարկման, կրթական ծրագրերի և էկոտուրիզմի զարգացման համար։ Այդ ներուժն իրացնելու համար զեկուցողն առաջարկեց 10 փոխկապակցված քայլ.
- Իրականացնել կենսաբազմազանության նոր, համալիր բազային ուսումնասիրություն
- Ստեղծել երկարաժամկետ թռչնային մոնիթորինգի համակարգ
- Պարբերաբար վերահսկել ջրի որակը
- Ստեղծել միասնական GIS տվյալների բազա՝ կենսաբազմազանության և ջրային տարածքների վերաբերյալ
- Մշակել համայնքային բնապահպանական կրթության ծրագիր երիտասարդների համար։
- Իրականացնել վերահսկվող թռչնադիտարկման պիլոտային ծրագիր
- Պատրաստել տեղական բնագիտական ուղեկցորդներ (էկոգիդեր)
- Դիտարկել «Արմաշի կենսաբազմազանության կենտրոնի» ստեղծման հնարավորությունը
- Զարգացնել կանաչ ձեռնարկատիրությունը (էկոտուրիզմ, տեղական արտադրանք)
- Էկոտուրիզմից ստացվող տնտեսական օգուտի մի մասն ուղղել բնության պահպանությանը։
«Արմաշի լճերը, թռչունները, եղեգնուտները, աղուտները, Ուրծի լեռնաշղթան մեր համայնքի բնական կապիտալն են: Եթե այսօր կարողանանք պահպանել կենսաբազմազանությունը, վաղն այն կարող է ստեղծել զարգացման նոր հնարավորություններ»,- եզրափակեց Տիգրան Մաթևոսյանը։
Հոկտեմբեր 22, 2026 at 16:58
