

Կլիմայի համընդհանուր ճգնաժամի և տեղական էկոհամակարգերի խոցելիության խաչմերուկում հոկտեմբերի 21-ին Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի (CBD COP 17) Կանաչ գոտում, անցկացվեց «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» միջոցառումը։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի համագործակցությամբ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ կայացած այս հարթակը հնարավորություն տվեց վեր հանելու բնության վրա կլիմայի փոփոխության ուղիղ ազդեցությունը։ Սեսիային զեկույցով հանդես եկավ Լոռու մարզի Դսեղ բնակավայրի ներկայացուցիչ, «Լոռենի» թեյարանի հիմնադիր Մարիամ Եգանյանը՝ միջազգային հանրությանը ներկայացնելով Դսեղի բուսականության վրա կլիմայի փոփոխության ազդեցության և բնության հուշարձան «Ծովեր» լճի ճահճացման ահազանգը։
Դսեղը բարձր լեռնային բնակավայր է՝ տեղակայված Դեբեդ գետի կիրճի հարևանությամբ՝ ծովի մակարդակից 1250-1350 մետր բարձրության վրա։ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն աչքի է ընկնում բուսականության գոտիների խիստ բազմազանությամբ՝ կարճ աշխարհագրական տարածության վրա ներառելով լեռնատափաստանայինից մինչև ալպյան գոտիներ։ Դսեղում է գտնվում Հայաստանի կարևորագույն թռչնաբանական տարածքներից մեկը․ հանդիպում է 177 թռչնատեսակ։։
Բնության կայուն օգտագործման և զբոսաշրջության զարգացման նպատակով Մարիամ Եգանյանը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի աջակցությամբ հիմնադրել է «Լոռենի» թեյարանը։ Այն ստեղծվել է՝ որպես բույսերի գրագետ հավաքչության և ավանդական գիտելիքի փոխանցման կրթական հարթակ՝ նպատակ ունենալով մարդկանց ծանոթացնել տեղի բուսատեսակների բուժիչ հատկություններին։ «Փորձել ենք կառուցել ո՛չ միայն բնությունից վերցնելու, այլ նաև՝ բնությունը ճանաչելու և գնահատելու մշակույթ»,- նշեց բանախոսը։
Սակայն բնության հետ ամենօրյա շփումն ի հայտ է բերել տագնապալի միտումներ։ Վայրի հավաքչության փորձը ցույց է տվել, որ տեղումների և խոնավության ռեժիմի փոփոխություններն ուղղակիորեն բացասաբար են ազդում բույսերի աճի ժամանակաշրջանի և որակի վրա։ «Տարեցտարի դիտվում է բույսերի որակի անկում»,- արձանագրեց զեկուցողը՝ ընդգծելով կլիմայական փոփոխությունների տեսանելի ազդանշանները։
«Ծովեր» լիճը՝ ճահճացման վտանգի տակ
Առավել ակնհայտ է էկոլոգիական ճգնաժամի ազդեցությունը Դսեղի բնության պետական հուշարձանի՝ 1,6 հա հայելու մակերես ունեցող «Ծովեր» լճի վրա։ Ըստ Մարիամ Եգանյանի դիտարկումների՝ լճում տեղի են ունենում հետևյալ վտանգավոր փոփոխությունները.
- Լճի ջուրը կանաչում է, և սկսել է տարածվել եղեգը։
- Ջրից տհաճ հոտ է գալիս, և նկատվում է գորտերի աննախադեպ մեծ ակտիվություն։
- Դեռևս 2020 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակված փաստաթղթում արձանագրել էր, որ լիճն աստիճանաբար ծանծաղում և փոքրանում է, ունի մասնակի ճահճացման երևույթներ, իսկ ջուրը պղտոր է և աղտոտված։
Խոսնակը շեշտեց, որ դեռևս հստակ չէ՝ արդյոք այս փոփոխությունները պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ, աղբյուրների սնուցման խափանմամբ, սննդանյութերի (օրգանական նյութերի) կուտակմամբ, թե մարդու գործունեության ու զբոսաշրջության անմիջական ազդեցությամբ։
«Ծովեր» լիճը ճահճացումից փրկելու համար Դսեղի ներկայացուցիչը հանդես եկավ մի շարք առաջարկներով․
- Իրականացնել լճի ջրի որակի, թթվածնի պարունակության, սննդանյութերի, հատակի, տիղմի և ջրաբանական ռեժիմի խորքային մասնագիտական ուսումնասիրություն՝ ճահճացման պատճառները պարզելու համար։
- Մշակել և իրականացնել բնության հուշարձանի պահպանման և էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որը կնպաստի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 2-րդ թիրախի իրագործմանը։
- Ներդնել կլիմայի փոփոխությանն հարմարվողականության համայնքային ծրագիր և զարգացնել ռիսկերի կառավարման կարողությունները՝ ի նպաստԿունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 8-րդ թիրախի ապահովման։
- Ապահովել միջազգային փորձի փոխանակում՝ հասկանալու համար, թե այլ երկրներում ինչ գործողություններ են ձեռնարկվում փոքր լճերի ճահճացման դեմ։
«Մեր նպատակն է, որ «Ծովերը» չդառնա էկոհամակարգի կորստի օրինակ, այլ դառնա գիտելիքի, համայնքային մասնակցության և միջազգային համագործակցության միջոցով բնության պահպանման օրինակ»,- իր ելույթն ամփոփեց Մարիամ Եգանյանը։
Հոկտեմբեր 26, 2026 at 13:26
