Երևանում ամփոփվեցին CBD COP17 համաժողովի աշխատանքները

Երևանում ամփոփվեցին CBD COP17 համաժողովի աշխատանքները

 Երևանում ավարտվեցին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (CBD COP17) բանակցությունները: Դրանց ավարտից հետո կայացավ պաշտոնական եզրափակիչ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը: 
 
Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ CBD COP17 համաժողովին ընդունվել է շուրջ 50 որոշում։ 

«Ցավոք, կենսաբազմազանության ճգնաժամն այնքան մեծածավալ է և խորքային, որ երբեմն մեր իրականացրած աշխատանքը կարող է թվալ օվկիանոսում ընդամենը մի կաթիլ։ Ճգնաժամն իսկապես ահռելի է։ Սակայն մենք շարունակելու ենք աշխատել դրա հաղթահարման ուղղությամբ։

Այսօր, COP17-ի լիագումար նիստերի ավարտից հետո, կարելի է ասել, որ COP17-ի բուն աշխատանքները նոր են սկսվում։ Մինչ այժմ մենք անցկացրել ենք COP17-ի լիագումար նիստերը, իսկ այժմ անցնում ենք համաժողովի հաջորդ փուլին։

Մեր առջևում նախագահության չորս նախաձեռնություններն են, որոնց շրջանակում բազմաթիվ հարցեր են քննարկվելու և որոշումներ են ընդունվելու։ Այսպիսով, դեռևս մեծածավալ աշխատանք կա իրականացնելու», -ասաց  COP17-ի նախագահը։

 
Աստրիդ Շոմակերը նշեց, որ համաժողովի շրջանակում ընդունվել են որոշումներ, որոնք փոխելու են կենսաբազմազանության պահպանության ոլորտում ներկայիս ընթացքը՝ մի կողմից արագացնելով առաջընթացը, մյուս կողմից՝ կենտրոնանալով հատկապես այն ուղղությունների վրա, որտեղ արձանագրվում է առավել մեծ հետընթաց։

Նա շեշտեց, որ այստեղ կարևոր տեղ է զբաղեցնում «Երևանյան ուղի» նախաձեռնությունը: «Երևանյան ուղին» Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումն արագացնելու համար է։ Այն սահմանում է համատեղ գործողությունների առաջնահերթությունները՝ ազգային ծրագրերի իրականացումից ու ֆինանսական միջոցների մոբիլիզացումից մինչև գիտության, մշտադիտարկման և հասարակության բոլոր խմբերի մասնակցության ամրապնդում։

««Երևանյան ուղին» Կենսաբազմազանության պահպանության ոլորտում համաշխարհային առաջընթացի գնահատման վերաբերյալ որոշման առանցքային բաղադրիչն է։ Մենք ընդունել ենք, որ առաջընթացը բավարար չափով արագ և համապարփակ չէ։ Հետևաբար մշակվել է «Երևանյան ուղին», որի շրջանակում երկրները համախմբվել են՝ հստակեցնելու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն բացահայտված բացերը լրացնելու և առկա խնդիրները լուծելու համար։ Սա չափազանց կարևոր և նշանակալի արդյունք է։ Այսպիսով, համաշխարհային գնահատման վերաբերյալ որոշումն ինքնին այս համաժողովի առանցքային ձեռքբերումներից է», - ասաց Աստրիդ Շոմակերը:

Նա մասամբ ներկայացրեց այս նախաձեռնությանն առնչվող մյուս որոշումները։ «Օրինակ՝ համաշխարհային զեկույցում նշվում է, որ առաջընթացն արագացնելու համար անհրաժեշտ է ավելի լայն շրջանակների ներգրավում, անհրաժեշտ է հզորացնել շահագրգիռ կողմերի ներուժը և համախմբել բոլոր դերակատարներին։ Այլ կերպ ասած՝ բոլորը պետք է միավորվեն և իրենց ներդրումն ունենան ընդհանուր գործին։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ լրացուցիչ որոշումների ընդունման արդյունքում։
Վերանայվեց Գենդերային գործողությունների ծրագիրը, և այդ շրջանակում ձեռք բերվեցին նոր պարտավորություններ ու վերահաստատվեցին նախկինում ստանձնած պարտավորությունները։

Անդրադարձանք նաև քաղաքների և ենթազգային մակարդակի կառավարման մարմինների դերակատարությանը։

Եվ չափազանց կարևոր մի ձեռքբերում․ գրեթե վերջին ժամին, կարելի է ասել՝ վերջին րոպեներին, մեզ հաջողվեց ընդունել մի փաստաթուղթ, որի անվանումը գուցե այնքան էլ տպավորիչ չի հնչում, սակայն բովանդակային առումով այն շատ մեծ նշանակություն ունի։

Խոսքը մեր եզակի մարմնի գործունեության կարգի մասին է։ Այդ մարմինը համագործակցում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հետ, նպաստում նրանց կարողությունների հզորացմանը, ապահովում նրանց ներգրավվածությունը քննարկումներում և հնարավորություն տալիս մեզ՝ որպես Կոնվենցիայի շրջանակում գործող կառույցի, սովորելու նրանց փորձից ու գիտելիքից: Սա իսկապես ուշագրավ ձեռքբերում է։

Այնուհետև անդրադարձանք նաև այն ոլորտներին, որոնցում, մեր գնահատմամբ, առաջընթացը բավարար չէ, մասնավորապես՝ կենսաբազմազանության կորստի հիմնական շարժիչ ուժերին։ Այս ուղղությամբ ընդունվեցին կոնկրետ որոշումներ՝ կապված կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության հետ»,  -ասաց Աստրիդ Շոմակերը:

Նա նշեց, որ ծավալվել են բազմաթիվ քննարկումներ և բանավեճեր՝ կապված ֆինանսների հետ. «Անկեղծ ասած, երբեք այսքան լայնածավալ քննարկումներ չէի տեսել վնասակար սուբսիդիաների թեմայով։ Եվ կրկին՝ բոլորն ընդունեցին առկա խնդիրների գոյությունը, գիտակցեցին դրանց պատասխանատվությունը և հայտարարեցին, որ այժմ անհրաժեշտ է գործել։ Իհարկե, այս առավել բարդ և զգայուն թեմաների առնչությամբ չէինք կարող ակնկալել բանակցությունների արդյունքում ուժեղ և պարտադիր բնույթ կրող հանձնառությունների ընդունում։ Դա ի սկզբանե մեր նպատակը չէր։
Սակայն, կրկին ընդգծեմ, խնդրի առկայությունն ընդունվեց։ Դրան զուգահեռ մենք ձևավորեցինք համագործակցության կոալիցիաներ և նախագահության նախաձեռնություններ։ Դրանցից մեկն է նախագահության նախաձեռնությունը՝ դրական խթանների վերաբերյալ։ Այն հնարավորություն է տալիս Կողմերին կամավոր հիմունքներով միավորվել, ձևավորել անհրաժեշտ կրիտիկական զանգված և ստեղծել առաջընթացի համար անհրաժեշտ շարժիչ ուժ։ Ժամանակի ընթացքում դա կարող է մեզ հնարավորություն տալ առաջ շարժվելու և, հնարավոր է, հանգելու առավել պարտադիր բնույթ կրող հանձնառությունների։ Այս ամենն իսկապես բացառիկ նշանակություն ուներ»:

Աստրիդ Շոմակերը նշեց, որ անցումային ժամանակահատվածի համար սահմանվել են մոտեցումներ, որոնք թույլ կտան հստակեցնել, թե Կալիի հիմնադրամ մուտքագրվող ֆինանսական միջոցներն ինչպես են բաշխվելու,  ինչպես են կարգավորվելու մինչ այժմ բաց մնացած մյուս հարցերը։
Անդրադառնալով հարցին՝ թե ով և ինչ պատասխանատվության է ենթարկելու Կողմերին, եթե չկատարվեն ստանձնած հանձնառությունները, Աստրիդ Շոմակերն ասաց. «ՄԱԿ-ն առանձին երկրների համար գնահատականներ կամ հաշվետվական քարտեր չի կազմում։ Կողմերն իրենք են փոխադարձաբար վերահսկում միմյանց գործունեությունը։ Երկրների կառավարությունները, բարեբախտաբար, մեծ մասամբ ընտրվում են ժողովրդավարական ճանապարհով, հետևաբար նրանց գործունեության համար պատասխանատու են նաև ընտրողները, որոնք կարող են իրենց կառավարություններից պահանջել հաշվետվողականություն։
Սակայն, ի վերջո, ամենակարևորն այն է, որ մեզնից հաշվետվություն կպահանջի բնությունը։

Եթե մինչև 2030 թվականը չկատարենք մեր ստանձնած պարտավորությունները, և կենսաբազմազանության անկումը շարունակվի, կառավարությունները ստիպված կլինեն վճարել դրա հետևանքների համար։ Այդ ծախսերը անհամեմատ ավելի մեծ կլինեն, քան այն միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեին, եթե մենք այսօր արդեն սկսեինք գործել։

Կարծում եմ՝ հենց սա է հաշվետվողականության հիմնական ուղերձը, որը մենք փորձել ենք այս COP-ի ընթացքում դարձնել քննարկումների առանցքային թեման։

Անհրաժեշտ է ազնվորեն գնահատել, թե որտեղ ենք գտնվում, ընդունել, որ առաջընթացի տեմպերը բավարար չեն, բացահայտել առկա բացերը, գտնել առաջ շարժվելու ուղիները, այնուհետև միանալ «Երևանյան ուղուն» և անցնել գործնական քայլերի իրականացմանը»։

Խոսելով բանակցությունների ընթացքի մասին՝ նա ասաց. «Առաջին հերթին՝ մենք սկսեցինք անդրադառնալ ավելի խորքային տնտեսական խնդիրներին։ Այսինքն, մեր ուշադրությունը չսահմանափակեցինք միայն բոլորիս հայտնի նպատակներով, ինչպիսիք են «30+30» նախաձեռնությունը, տեսակների պահպանությունը և այլն։ Մենք անդրադարձանք նաև այդ խնդիրների հիմքում ընկած պատճառներին՝ տնտեսական և ֆինանսական համակարգերին, որոնք հսկայական ֆինանսական միջոցներ են ուղղորդում դեպի բնության ոչնչացմանը նպաստող գործունեություն՝ բնության պահպանությանն ու վերականգնմանը նպաստող գործունեության փոխարեն։ Քննարկեցինք, թե ինչպես կարելի է փոխել այս իրավիճակը և որ դերակատարները պետք է համախմբվեն այդ նպատակին հասնելու համար։ Այս բոլոր հարցերը քննարկվեցին այստեղ, և, կարծում եմ, դրանց շուրջ բավական մեծ փոխըմբռնում ձևավորվեց։ Սա, իր հերթին, հետագա առաջընթացի համար անհրաժեշտ հիմքի սերմերն է պարունակում։
 
Երկրորդ հանգամանքը, թերևս, այն հարցն է, որի շուրջ քննարկումները բավարար չափով չգնահատվեցին և կարող էին ավելի արդյունավետ լինել։ Խոսքը կլիմայի փոփոխության վերաբերյալ ընդունված որոշման մասին է։ Այդ որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվելու՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի խնդիրներին համատեղ անդրադառնալու ուղղությամբ՝ հուսալով, որ մեր գործողություններն աստիճանաբար ավելի մեծ ազդեցություն կունենան։ Սրանք ընդամենը երկու օրինակ են, որոնք կցանկանայի ներկայացնել՝ ընդգծելու համար, որ իրական փոփոխությունների հասնելու ներուժ կա։ Բոլորս գիտակցում ենք, որ կենսաբազմազանության կորուստը հնարավոր է հաղթահարել միայն համակարգային և արմատական վերափոխումների միջոցով։
Այս հարցը քննարկվեց բոլորի կողմից, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին։

Քննարկվեց նաև, թե ինչպես ապահովել, որ այդ վերափոխումների նախաձեռնողը լինի ոչ միայն շրջակա միջավայրի նախարարը՝ հանդես գալով փոփոխությունների կոչերով, այլև ամբողջ կառավարությունը համախմբվի այդ նպատակի շուրջ, իսկ քաղաքացիական հասարակությունը նույնպես ներգրավված լինի գործընթացում, գիտակցի իր դերակատարությունն ու հնարավորությունները և հասկանա, որ ինքն էլ կարող է իրական փոփոխություններ բերել»:

Իր եզրափակիչ խոսքում Աստրիդ Շոմակերը նշեց. «Մեզ բավականին ծավալուն աշխատանք է սպասվում COP-ի նախագահի ղեկավարությամբ։ Նա կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ համաժողովի բացումը, և մենք վստահաբար նրան բավականաչափ աշխատանքով կապահովենք, ինչպես նաև համոզված եմ, որ նա էլ մեզ պարապ չի թողնի», -նշեց Աստրիդ Շոմակերը:
 
Հաջորդ համաժողովը՝ CBD COP18-ը, կհյուրընկալի Էկվադորը: 

Հոկտեմբեր 31, 2026 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր