Եղեգնաձոր համայնքի դերը կենսաբազմազանության պահպանման գործում. տեղական լուծումներ գլոբալ խնդիրներին

Եղեգնաձոր համայնքի դերը կենսաբազմազանության պահպանման գործում. տեղական լուծումներ գլոբալ խնդիրներին

2026 թվականի հոկտեմբերի 21-ին Երևանում, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) Կանաչ գոտում, կայացավ «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Սեսիայի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ներկայացուցիչ Հայկ Իսախանյանը ներկայացրեց Եղեգնաձորի կենսաբազմազանությունը, ագրոկենսաբազմազանության միջոցով տնտեսությունների զարգացումը, առկա մարտահրավերներն ու առաջարկներ։

Ըստ Իսախանյանի՝ Վայոց ձորի հարուստ և յուրօրինակ բնաշխարհը պահանջում է հատուկ մոտեցում։ Եղեգնաձորը, որը ներառում է 5 բնակավայր ՝ Եղեգնաձոր, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն և Մալիշկա, գտնվում է Արփա գետի ավազանում և հարուստ է լեռնային էկոհամակարգերով։ Իր ելույթում Հայկ Իսախանյանը նշեց, որ Հայաստանում հայտնի 3800 անոթավոր բուսատեսակներից 1650-ը հանդիպում են համայնքի տարածքում։ Դրանցից 400-ը դեղաբույսեր են։ Տարածքում բնակվում են այնպիսի կենդանատեսակներ, ինչպիսիք են՝ բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը և գորշ արջը։ Թեքսար կոչվող տարածքում հանդիպում է թռչունների 131 տեսակ։

Թեքսարի պահպանությունը՝ առաջնահերթություն

Կենսաբազմազանության պահպանման նպատակով առաջարկվում է Թեքսարի տարածքը ներառել էմերալդ թեկնածու տարածքների ցանկում՝ Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելու համար։ Նախատեսվում է, որ այս տարածքը կընդգրկի շուրջ 11,381 հա և կունենա 16 թիրախային կենսամիջավայր։

Մարտահրավերներ. կլիմայի փոփոխություն և հանքարդյունաբերություն

Համայնքի ավանդական գյուղատնտեսությունը, այգեգործությունն ու մեղվապահությունը լուրջ սպառնալիքների տակ են։ Հ. Իսախանյանն առանձնացրեց երկու գլխավոր մարտահրավեր.

  1. Ջրային ռեսուրսների սակավություն. ոռոգման ցանցի մաշվածության պատճառով Վայոց ձորում ոռոգվում է վարելահողերի միայն 18%-ը։ Եղեգնաձորում մոտ 1000 հա վարելահող անջրդի է։ Խնդրի լուծման համար համայնքն ակնկալում է Կորեկի ձորում 3,2 մլն խմ տարողությամբ ջրամբարի և Գետիկվանք-Եղեգնաձոր խմելու ջրագծի կառուցումը։

  2. Հանքարդյունաբերության ռիսկեր. Թեքսարի տարածքում է գտնվում Գլաձորի բազմամետաղային հանքավայրը։ Տեղի բնակչությունը դեմ է հանքի շահագործմանը, քանի որ այն վտանգում է խմելու և ոռոգման ջրերը, ինչպես նաև՝ 3000-4000 հա ալպյան արոտավայրերը։ «Մենք անհամատեղելի ենք համարում զարգացող այգեգործությունը, գինեգործությունը, անասնապահությունը, էկո սննդի արտադրությունը, տուրիզմը՝ հանքարդյունաբերության hետ»,- շեշտեց Իսախանյանը։

Առաջարկներ և պահանջներ

Ելույթի ավարտին Եղեգնաձոր համայնքի ներկայացուցիչը հնչեցրեց հստակ պահանջներ.

  • Եղեգնաձորը ճանաչել գյուղատնտեսությամբ և զբոսաշրջությամբ զարգացող գոտի։

  • Հրաժարվել հանքարդյունաբերական ծրագրերից՝ մինչև կներդրվեն բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնող առաջադեմ տեխնոլոգիաներ։

  • Կառուցել անհրաժեշտ ջրային ենթակառուցվածքները (ջրամբար և ջրագծեր)։

  • Աջակցել համայնքին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում և մարդ-վայրի կենդանի (մասնավորապես՝ արջեր) կոնֆլիկտների մեղմման հարցում։

Հոկտեմբեր 31, 2026 at 19:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր