«ԱՐՄԵՆՊՐԵՍ»
Նախատեսվում է վերականգնել «Վանաձոր» դենդրոպարկը: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկը վարձակալության է տրվել մրցույթում հաղթող ճանաչված «Սարուխ Սթար» ՍՊԸ-ին: Պայմանագրով նախատեսվում է վերակենդանացնել պուրակը, ապահովել ծառաթփային հավաքածուների պահպանությունն ու վերարտադրությունը, ակտիվացնել գիտահետազոտական աշխատանքները: Այս նպատակների համար նախատեսված է ներդնել շուրջ 170 մլն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սարուխ Սթար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Սարուխանյանը, դենդրոպարկում վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են. կառուցվել է 252 մետր երկարությամբ քարե ցանկապատ, ավարտվել է պարկը բուսաբանական այգուց բաժանող ճաղավանդակների մոնտաժումը, եւ տնկվել արծաթափայլ եղեւնու` Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկից ձեռքբերված 100 տնկի: Տնօրենի հավաստմամբ, պայմանագրից շեղումներ չեն կարող լինել, իսկ աշխատանքները կկատարվեն ժամանակացույցին համապատասխան:
Հունվար 19, 2009
