«ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԵՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐ

Արմենպրես

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուսաշխարհը, արգելոցի կառավարման պլանի համաձայն, ընդգրկում է 1849 տեսակի բարձրակարգ բույսեր: Դրանք պատկանում են 107 ընտանիքների եւ 588 ցեղերի: Բույսերից 24-ն էնդեմիկ են, 1000-ը` օգտակար դեղաբույսեր: Իսկ ծառատեսակներն անտառում 68 տեսակի են, թփուտները` 125:
 
Ինչպես «Արմենպրես»-ին ասացին «Խոսրովի արգելոց» թանգարանից, արգելոցի տարածքից նկարագրվել են գիտության համար նոր տեսակներ, որոնցից մի քանիսը կրում են համապատասխան տեղանուններ. կանձենի խոսրովյան, ոզնաթուփ Վեդիի, խինձ գոռավանի, գազ Վեդու, եւ այլն: Արգելոցում հանդիպում են 283 տեսակի ողնաշարավոր կենդանիներ. 33 տեսակի սողուններ, 190 տեսակի թռչուններ, 40 տեսակի կաթնասուններ:
 
Կան Կարմիր գրքում գրանցվածներ: Նշենք, որ արգելոցի ամենաուշագրավ կենդանական եւ բուսական աշխարհի տեսակները ներկայացված են «Խոսրովի արգելոց» թանգարանի ցուցասրահներում. իժերի հայկական տեսակներ, սեւ կարիճ, դալի մկնիկ, բծավոր մողես, որոնցից մեծ մասը բազմանում է միայն այս տարածքում:
 
Օրական թանգարան են հաճախում հանրակրթական դպրոցների 2-3 դասարաններ: Նրանք մեծամասամբ գալիս են «կենդանաբանություն» առարկայի շրջանակներում` յուրօրինակ դասեր անկացնելով թանգարանում: Նմուշները դիտելու են գալիս նաեւ զբոսաշրջիկները:

Դեկտեմբեր 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր