

ԷկոԼուր
7 տարիների ընթացքում առաջին անգամ Բնապահպանության նախարարությունը խախտել է սեփական որոշումը` արգելել ցանկացած տեսակի անտառահատում Ամանորի նախօրեին: Ինչպես պարզեց «ԷկոԼուր»-ը, նախարար Արամ Հարությունյանի թույլտվությամբ սոճիները կտրում են «Սեւան» ազգային պարկում եւ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությանը պատկանող տնկարանում, ընդ որում առանց այդ կազմակերպության իմացության: Տնկարանում աճեցվում են էլդարական սոճիներ: «Մենք սոճիները թաղարների մեջ էինք աճեցնում եւ բաժանում մանկապարտեզներին եւ դպրոցներին, որպեսզի մեր մարդկանց սովորեցնենք խնամքով վերաբերվել ծառերին, չնետել դրանք տոներից հետո, այլ պահել տներում: Այդ սոճիները չես շփոթի նրանց հետ, որոնք հատվում են անտառներում: Ստացվում է, որ ինչ-որ մեկը որոշել է փող աշխատել տոների հաշվին եւ խախտել է կառավարության որոշումը, որն ընդունվել է անտառի պահպանման համար»,- «ԷկոԼուր»-ին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:
Դեկտեմբեր 29, 2010
