ՄԵԾ ԵՐԱՇՏԱՀԱՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ

ՄԵԾ ԵՐԱՇՏԱՀԱՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ

ԷկոԼուր

Հայաստանի թռչունների պահպանման միության (BirdLife Հայաստանում) անցկացրած հասարակական քվեարկության արդյունքում 2011թ. տարվա թռչուն ճանաչվեց  երաշտահավը:

Տարվա Թռչուն 2011-ի թեքնածու թռչուններն էին` Սովորական հողմավար բազեն, Քարարծիվը, Հոպոպը, Սև անգղը, Կովկասյան մայրեհավը, Լորը, Հայկական որորը, Մեծ երաշտահավը, Սիրիական փայտփորն ու Կարմիր բադը: Լավագույն եռյակում հայտնվեցին Մեծ երաշտահավը, Քարարծիվը, Սև անգղը:

Հարցմանը մասնակցեցին 1717 հոգի ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Հավաքելով առավելագույն 436 ձայն` Մեծ երաշտահավը ճանաչվեց Տարվա թռչուն:

Մեծ երաշտահավը գեղեցիկ, վառ փետրազգեստով թռչուն է: Գլուխը` սև ու սպիտակ նախշերով է, փորիկը` դեղնավուն, իսկ կզակից մինչև փորիկը տարածվում է սև շերտ: Քաշը` 16-21գր.: Սնվելով վնասատու միջատերով` այս թռչունները օգուտ են տալիս գյուղատնտեսությանը, այգեպաններին, ինչպես նաև, բնակվելով քաղաքներում, օգնում են քաղաքաբնակներին:  Բնադրում են փչակներում, սակայն կարող են նաև զբաղեցնել արհեստական բներ: Կյանքի տևողությունը ընդամենը 2 – 3 տարի է: Մարդու կողմից լրացուցչիչ չկերակրվելու դեպքում մինչև գարնան գալը 10 երաշտահավերից միայն 2 են կենդանի մնում:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Հայաստանի թռչունների պահպանման միությունը, «Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ողջ տարվա ընթացքում անց են կացվելու Մեծ երաշտահավի ուսումնասիրմանն ուղղված ուսուցողական միջոցառումներ, հանդիպումներ դպրոցականների եւ տեղական համայնքների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաև բաժանվելու են պաստառներ, թերթոններ, օրացույցներ, «Թռչուն 2011» կպչուն զարդապատկերներ:

Հունվար 31, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր